Թուրք-քրդական բախումները եւ «հայկական հետքը» - Mediamax.am

Թուրք-քրդական բախումները եւ «հայկական հետքը»
2615 դիտում

Թուրք-քրդական բախումները եւ «հայկական հետքը»


Թուրքիան այս տարվա նոյեմբերի 1-ին գնում է ընտրությունների: Պատմության մեջ առաջին անգամ է, որ մեկ տարվա ընթացքում Թուրքիայում երկրորդ անգամ ընտրություններ տեղի կունենան:

Իրականության մեջ զարմանալի չէ Էրդողանի վերջին ընտրությունների արդյունքների հետ չհաշտվելը, ոչ միայն այն պատճառով, որ նրա հիմնած կուսակցությունը միանձնյա մեծամասնություն չկարողացավ կազմել, այլեւ նրա համար, որ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ) կուսակցության 80 պատգամավորներ, որոնց թվում նույնիսկ հայեր եւ ասորիներ կան, մտան Թուրքիայի Ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ): Այս պատճառով նախագահ Էրդողանը, վարչապետի պաշտոնում նշանակելով Դավութօղլուին, նրան հանձնարարեց կոալիցիոն կառավարություն հիմնել:

Դավութօղլուն եւ մյուս կուսակցությունները, որոնցից հիմնականը ազգայնականներն ու քեմալիստներն են, «չկարողանալով» կազմել միացյալ կառավարություն, որոշեցին գնալ նոր ընտրությունների: Դա ակնհայտ էր արդեն իսկ ընտրությունների հաջորդ օրը:

Էրդողանը եւ նրա կուսակցությունը որոշել էին ոչնչացնել քրդերի ձայները եւ երկրում ստեղծելով քաոսային վիճակ՝ նոր ընտրություններն ավարտել որպես մեծամասնական իշխանություն:

Հետեւաբար, սկսեցին «Իսլամական պետության» (ISIS) դեմ պայքարի պատրվակով հարձակվել Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հենակետերի վրա՝ քաջ գիտակցելով, որ հարձակումներն անպատասխան չեն մնալու: PKK-ն պատասխանեց «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ծրագրերի համաձայն, եւ երկրում իսկապես քաոսային վիճակ ստեղծվեց: ԱԶԿ-ն քրդական ԺԴԿ կուսակցությանը սկսեց անվանել PKK-ի քաղաքական թեւ, այն է՝ «տեռորիստների աջակիցներ»:

Պետության կողմից խրախուսված ամբոխներն անցյալ շաբաթ հարձակվեցին ԺԴԿ-ի մոտ 200 գրասենյակների եւ նույնիսկ «Հուրիյեթի» խմբագրության վրա՝ վնասելով վերջինիս գույքը եւ մեղադրելով թերթին «PKK-ի խոսափող լինելու» մեջ: Շարունակում են սպանվել ոստիկաններ ու զինվորականներ, մյուս կողմից՝ պետությունը որոշ քրդաբնակ քաղաքներում, առանց որեւէ պատճառաբանության, պատերազմում է սեփական քուրդ քաղաքացիների դեմ:

Այս քաոսային իրավիճակում հետաքրքրական է, որ քրդական կուսակցության ձայները չեն նվազում, այլ նույնիսկ աճում են, քանի որ ժողովուրդը նույնպես գիտակցում է, որ նման արհեստական ներքին պատերազմական վիճակը զուտ հաշվարկ է՝ ընտրություններում ԱԶԿ-ի օգտին ձայներ ստանալու համար:

Հայերը….

Այս միջադեպերի ընթացքում թուրքական պետությունը կրկին չմոռացավ հայերին, եւ նույնիսկ բողոքի ցույցերի ու հարձակումների ժամանակ շոշափվեց հայի անունը: Ջիզրե քաղաքում տեղի ունեցած հարձակումների ժամանակ ոստիկանությունը բարձրախոսով քրդերին վիրավորելու նպատակով ասում էր. «Մենք լավ գիտենք, դուք բոլորդ հայ եք»: Նույնիսկ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ (օրինակ՝ վարչապետի խորհրդական Բուրհան Քուզուն) վստահեցնում էին, որ քրդերի մեծամասնությունը հայ է՝ հիմք ընդունելով նրանց թլպատված չլինելու հանգամանքը:

Անցյալ շաբաթ Ստամբուլի հայաշատ թաղամասերում հակահայկական ցույցեր տեղի ունեցան, որոնց նպատակը ԺԴԿ-ի օգտին քվեարկած հայերին վախեցնելն էր: Այս բոլորն այնքան էլ զարմանալի եւ անսպասելի չէ. Էրդողանը չէր հանդուրժելու քրդերի ստացած քվեների 14 տոկոսը եւ «խառնելու» էր երկիրը, որպեսզի պատժի քրդերին եւ վերականգնի իր խաթարված հեղինակությունը:

Նույնքան զարմանալի չէր PKK-ի վրեժխնդրությունը, որը եւս չէր պատրաստվում ձեռքերը ծալած նստել: PKK-ի ներսում արդեն որոշակի դժգոհություն կար շարունակվող զինադադարից, եւ Էրդողանի հարձակումները բուռն հակազդեցության արժանացան:

Առավել ուշագրավ են ԺԴԿ-ի երկու ղեկավարների՝ Դեմիրթաշի եւ Յուքսեքտաղի վերջին երկու օրերի ելույթները, որոնցում նրանք հաճախ են շոշափում թուրքական կիսալուսնով դրոշի միասնականության գաղափարը, որը նախորդ տարիներին համարյա անիծված էր եւ անընդունելի հարավարեւելյան քրդաշատ քաղաքներում:

Այսօր քրդերի ղեկավարներն ասում են. «Այդ դրոշի կարմիրի վրա որքան թուրքի, այնքան էլ քրդի, արաբի կամ վրացու արյուն կա: Մենք բոլորս միասին ենք պայքարել թշնամու դեմ Առաջին համաշխարհային պատերազմում: Ազատագրման պայքարի ժամանակ Դարդանելում, Անթեփում եւ այլուր քրդերն ու թուրքերը միասին են պատերազմել՝ կրծքով դիմագրավելով թշնամուն: Այս հողի վրա մենք էլ ենք արյուն թափել»:

Այս բոլորն ակնհայտ է մեզ՝ հայերիս համար, մնում է միայն բարձրաձայնել՝ ո՞ւմ արյունն են թափել:

Հայ քաղաքական որոշ խմբավորումներ մեծ հույսեր են կապում ԺԴԿ-ի հետ, հատկապես հայաստանյան մամուլում ԺԴԿ-ն այլ կերպ գրեթե չի անվանվում, քան «հայամետ», «Ցեղասպանությունն ընդունած քրդական կուսակցություն»:

Պարզ է, որ ԺԴԿ-ի վերջին քայլերը նախընտրական նպատակներ են հետապնդում եւ փորձում են դրանով հակազդել քրդական կուսակցության վրա հարձակումներին, սակայն քրդերի ուժեղացմանը զուգընթաց, ցավոք, փոխվում են նրանց ղեկավարների ելույթների շեշտադրումները, եւ ավելի ցայտուն են դրսեւորվում մեծապետականության երանգները:

Ալին Օզինյանը Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային վերլուծաբանն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





«Նոր Հալեպ», թե՞ «Հայրենիք»
Մեր ընտրանին