Ճակատագրի հեգնանքի է նման, բայց Սուրբ Զատիկը մեկ էլ 1915-ի ապրիլի 24-ին է համընկել: Փաստորեն, երբ մեզ սկսեցին միլիոններով տանջամահ անել, մեր պապերն ու տատերը նշում էին մահվան նկատմամբ կյանքի հաղթանակը: Այդ օրը Քրիստոսն էլ մեզ լքեց: Էլ ինչո՞ւ ենք մեղադրում թուրքերին, ռուսներին, մեր ֆեոդալական եկեղեցուն, ապաշնորհ վերնախավին եւ աշխարհի մեծերին: Այդ օրվանից թուրքը եւ ատելությունը նույնացվելով դարձել են մեր ինքնության մասը:
Ցավոք, 20-րդ դարում մենք գրեթե չունեցանք մտավորականներ, որոնք կասեին, որ ատելությունը արդարության ձգտում չէ: Ատելությունը վախ է կյանքի, ապագայի, օտարի նկատմամբ: Մեր մտավորականները նախընտրեցին թամբել ատելությունը եւ ստեղծեցին վախի եւ անվստահության մշակույթ: Դրա արդյունքն այսօր մեր իներտ, զոհի բարդույթով մշակութային դեպրեսիայի մշտական ռեժիմի մեջ գտնվող «հայի» տեսակն է:
Բերեմ մի օրինակ. Մի քանի օր առաջ մեր մայրաքաղաքը թաղվեց Արեւելքից եկած ավազափոշու մեջ: Պայթել է ատոմակայանը, պայթել է պղնձամոլիբդենը, պայթել է Նաիրիտը, պայթել է Հրազդանի 5-րդ էներգաբլոկը, ադրբեջանցիներն են ինչ-որ բան պայթացրել: Գարնանային կարճատեւ անձրեւը ցույց տվեց՝ միակ բանը, որը պայթել է՝ մեր իմունիտետն է: Պայթելը, աղետի ենթարկվելը, սեփական ուժերին չհավատալը, սոցիալական իներտությունը եւ անարդարությունը որպես մեզ արժանի նորմ ընդունելը մեր դեպրեսիոն մշակույթի տարբեր երանգներն են: Մեր սոցիալական միջավայրն այսօր հարմարեցված է դժբախտ եւ ատելությամբ ապրող մարդուն, որը չի հավատում իր ուժերին: Ցավոք, թուրքերը փոխվում են շատ ավելի արագ, քան՝ մենք:
Ֆուտբոլային դիվանագիտության ակտիվության շրջանում մի քանի անգամ այցելեցի Ստամբուլ: Թուրք լրագրող ընկերներիցս մեկը, որը հրապարակավ ընդունում էր ցեղասպանությունը, ինձ հարցրեց. «ինչո՞ւ եք թուրքերին անվանում ցեղասպան ժողովուրդ, չէ՞ որ գերմանացիներին որեւէ մեկն այսօր չի ասում, որ նրանք ցեղասպան են, ասում են՝ դա ֆաշիստական ռեժիմն էր եւ Հիտլերը: Ֆաշիստն ու գերմանացին չեն նույնացվում, ինչո՞ւ եք կարծում, որ երիտթուրքն ու թուրքը նույնն են: Այո, երիտթուրքերը ցեղասպանություն արեցին, օգտագործելով նաեւ քրդերին ու թուրքերին, բայց երբ դուք ասում եք, որ թուրքը ցեղասպան տեսակ է, նշանակում է՝ իմ պապը, ես եւ իմ դեռեւս չծնված երեխան ցեղասպան ենք»:
Հայհոյելը հեշտ է, լսելը դժվար, ներելը՝ ծանր: Բայց չէ՞ որ մենք քրիստոնյա ենք:
Պետրոս Ղազարյանը «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբանն է
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: