Դեռ չէին անցել տպավորությունները անցած Տաշիրից, երբ “Արմենիա” անունով մի նոր Տաշիր հայտնվեց: Տարբերությունն այն էր, որ առաջին Տաշիրին մեզ ծաղրեց Սոբչակը, իսկ երկրորդին ժիրինովսկին՝ ոտնատակ անելով մեր անցյալը, Արարատը եւ նրա հետ կապված մեր զգացմունքները: Ինչեւէ, կարծես թե մենք սկսել ենք տառապել մրցանակացավով: Չունենալով գոնե 4 նորմալ երգիչ՝ ունենք 4 երաժշտական մրցանակաբաշխություն, մեկը Լոսում, երկուսը Մոսկվայում եւ Ազգային երաժշտականը` Երեւանում: Եթե այսպես շարունակվի, մեր քաղաքացիները պետք է զգուշանան փողոց դուրս գալուց, կարող է մեկը բռնի ու մրցանակ տա: Մի պահ պատկերացրեցի, թե ինչ կլինի, եթե մեր աստղերը մրցանակ տան ոչ թե սփյուռքի հարուստները, այլ մեր ընդդիմությունն ու իշխանությունը համատեղ: Եվ քանի որ ընդդիմությունը եւ իշխանությունը պետք է համատեղ ինչ-որ բան անեն, այդ մրցանակաբաշխության ճիշտ անունը կլինի “Անհնարին”:
Եվ այսպես, “Անհնարին” մրցանակաբաշխություն, վարում են Էդուարդ Շարմազանովը եւ Արման Մուսինյանը:
Շարմազանով – Իշխանության բարձր հովանու ներքո…
Մուսինյան – Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստում կայացած եւ հանրահավաքի ժամանակ միաշունչ քվեարկությամբ լիազորված…
Շարմազանով – Այսօր սկսում ենք “Անհնարին” մրցանակաբաշխությունը: Եվ առաջին մրցանակը իշխանությանը երբեք թթու խոսք չասելու, երբեք որեւէ կարծիք չհայտնելու, միշտ մեր ուզածով անելու համար` Նունե Եսայան:
Մուսինյան – Մեր կողմից էլ ասեմ, իշխանությանը լռելյայն քծնելու, մենակ իր մասին մտածելու եւ մարդկանց կարծիքի վրա թքած ունենալու համար եւս մեկ “Անհնարին” Նունե Եսայանին:
Շարմազանով – Հայաստան-Եվրոպա կապերը խորացնելու, եվրոինտեգրացիան յուրովի մեկնաբանելու եւ մեր տղա երգիչների ապագա տենդենցները մարմնավորելու համար մրցանակ Էմին Դավիդովին:
Մուսինյան – Մրցանակը հանձնելու համար բեմ են հրավիրվում Հմայակ Հովհաննիսյանը եւ հայ արիական միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանը:
Շարմազանով – Հատուկ մրցանակ “Անհնարին” եթերում նույն հումորը հազար անգամ կրկնելու, երբեք նույն կերպարին չդավաճանելու, ընդդիմության հանրահավաքի օրերին պլեբսին էկրանի առջեւ պահելու եւ երկիրը կայունացնելու ավանդի համար Աշոտ Ղազարյանին:
Մուսինյան – Հեռուստատեսության նկատմամբ զզվանք ձեւավորելու եւ այդ զզվանքի միջոցով երկրում դժգոհողների թիվը շեշտակի ավելացնելու, իշխանության իրական ճաշակը ցույց տալու համար “Անհնարին” մրցանակ Կամո Բլոգ-ի Կամոյին: Շատ Կամո, շատ զզվանք, ուժեղ ընդդիմություն:
Շարմազանով – Ինչպես գիտեք, իշխանությունները դեմքով շրջվել են դեպի գյուղը: Այս երգչուհին երբեք իր երեսը չի շրջել գյուղից, հայ գյուղին, գյուղացուն, գյուղացու կերպարին երբեք չդավաճանելու, գյուղի նկատմամբ իշխանության սերը մարմնավորելու համար մրցանակ Ալլա Լեւոնյանին:
Մուսինյան – Հեռուստաալիքից ալիք տեղափոխվելու, բոլոր ալիքների խաչն ընդունելու, սեփական թիմը շատ հանգիստ քցելու իշխանական ձիրքի համար ընդդիմության կողմից մրցանակ Ավետ Բարսեղյանին:
Շարմազանով – Մրցանակը հանձնելու համար բեմ են հրավիրվում Օրինաց Երկրի եւ Հանրապետականի մի շարք ներկա եւ նախկին անդամներ:
Մուսինյան – Սիրելի հանդիսատես, այս մի մրցանակը իշխանությունը եւ ընդդիմությունը հանձնելու են համատեղ:
Շարմազանով – Եվ այսպես, բոլոր իշխանություններից փող վերցնելու եւ բոլոր իշխանություններին միաժամանակ հայհոյելու համար “Անհնարին” է ստանում Ռուբեն Հախվերդյանը:
Մուսինյան – Հայ-ռուսական դարավոր կապերն ամրապնդելու…
Շարմազանով – Ռուսաց լեզուն յուրովի մեկնաբանելու, մեր քաղաքացիներին զվարճացնելու եւ ընդդիմության կողմից վատ լիցքերը չեզոքացնելու համար …
Մուսինյան – Արա Աբրահամյա՞նը:
Շարմազանով – Ոչ, Սոնա Շահգելդյանը:
Մուսինյան – Քանի որ Սոնա Շահգելդյանը մարմնավորում է իշխանության սերը դեպի կրթություն, մի մրցանակ էլ մեր կողմից: Մրցանակը հանձնելու համար բեմ են դուրս գալիս Գալուստ Սահակյանը եւ Հեղինե Բիշարյանը:
Գալուստ Սահակյան – Սոնա ջան, քո երգի գեղեցկության մտորումների եւ ռուսերեն խոսքի գործառույթների ելեւէջները մեզ միշտ տաքացնում են քաղաքական սառը բանավեճերի մեջ:
Հեղինե Բիշարյան – Սոնա ջան, մենք արժանապատվորեն սեղմում են քո մեկնած ձեռքը եւ համաձայնում հանրապետականի հետ:
Մուսինյան – Տիկին Բիշարյան, դա ձեզ չի փրկի:
Շարմազանով – Մի շեղվեք էլի: Ռուսաստանում հայկական կապիտալը մարմնավորելու…
Մուսինյան – Եվ իշխանության գավառամտությունը եթերայնացնելու համար բեմ է հրավիրվում Եվա Ռիվասը: Եվ քանի որ ռուսական կապիտալը մեր ճաշակի վերջն ա, եկել է ժամանակը վերջացնելու մեր մրցանակաբաշխությունը:
Շարմազանով – Շնորհավորում եմ մեր բոլոր անդեմ եւ կառուցողական աստղերին:
Մուսինյան – Այո, վայելեք, մինչեւ ավազակապետության քանդումը: Հանձնարարում եմ “Հիմա” եւ “Հատուկ գնդի” ակտիվիստներին գույքագրել աստղերի տները:
Պետրոս Ղազարյանը «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբանն է
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: