Հայաստանը՝ լուսանցքում - Mediamax.am

Հայաստանը՝ լուսանցքում
12967 դիտում

Հայաստանը՝ լուսանցքում


Հայաստանը դեմ է քվեարկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին ՄԱԿ-ի բանաձեւին:

Կողմ են քվեարկել ՄԱԿ-ի 100 անդամներ, 58-ը ձեռնպահ են մնացել կամ պարզապես բացակա են եղել: 11 «դեմ» ձայներն են եղել (ներառյալ Ռուսաստանը) Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան եւ Զիմբաբվեն:

Մի կողմ թողնենք մեր նախասիրությունները: Հասկանալի է, որ հայերը հանդիսանում են Սառը պատերազմի անմիջական եւ հաջորդող սերունդներ. մեր հասարակության մի մասը Ուկրաինայի բոլոր իրադարձությունները դիտարկում է այն տեսանկյունից, որ «վերջապես պետք է հասկացնել ամբարտավան ամերիկացիներին, որ ամեն ինչ չէ, որ ընթանում է ըստ իրենց սցենարի»: Մյուս մասը, ընդհակառակը, մտածում է՝ «դեռ որքա՞ն ժամանակ փտած Ռուսաստանը պետք է խանգարի ապրել ազատատենչ ժողովուրդներին»:   

Ու մենք փորձում ենք ամեն ինչում նաեւ զուգահեռներ փնտրել Ղարաբաղյան խնդրի հետ: Սկզբունքորեն, նույնիսկ քաղաքագիտական մտքի մակարդակով մենք չենք դիտարկում ուկրաինական իրադարձությունները զուտ որպես ուկրաինական իրադարձություններ, այլ որպես Չարի ու Բարու պատերազմ` հավերժական Ղարաբաղյան հակամարտության լույսի ներքո: 

Եվ այսպես, մենք կարող ենք կողմ լինել Ուկրաինային, դեմ լինել Ուկրաինային, կողմ Ռուսաստանին, կողմ Պուտինին, դեմ Մեդվեդեւին, կողմ Օբամային կամ դեմ Ամերիկային, Եվրոպային: Բայց, նախեւառաջ, մենք պետք է կողմ լինենք ինքներս մեզ: Եվ ողջախոհությանը: Ապրել երազանքներով, թե շուտով դոլարը անկում կապրի, Անգլիան կխորտակվի, Չինաստանը կհաղթի Ամերիկային, Ռուսաստանը կսպառվի, Մեդվեդեւը կարթնանա` չարժե:

Այդ իսկ պատճառով եկեք սթափ նայենք, թե ինչ տեղի ունեցավ ՄԱԿ-ում: Չլինելով դիվանագիտական գաղտնիքներին լավատեղյակ մարդ` ինձ հասկանալի էր, որ բանաձեւին դեմ կլինեն չափազանց փոքր թվով երկրներ: Հայաստանը, դեմ քվեարկելով, նույնպես պետք է հասկանար դա: Պարզ էր, որ մենք հայտնվելու ենք շատ փոքր խմբում՝ միջազգային իրավիճակի լարվածության պայմաններում:  

Իսկ ի՞նչ ունենք մենք արդյունքում: Ահա մի քանի փաստ` կապված ՄԱԿ-ի քվեարկության եւ Ղրիմի հանրաքվեի շուրջ պատմության հետ:

ա) Ղրիմը չի կարող նախադեպ հանդիսանալ Ղարաբաղի համար: Քանի որ Ղարաբաղը, ի տարբերություն Ղրիմի, նորմալ հանրաքվե է անցկացրել Ադրբեջանի կազմից դուրս գալու վերաբերյալ: Այն չի անցել նույն պայմաններում, ինչպես Ղրիմինը, որտեղ ամեն ինչ շատ հապճեպ տեղի ունեցավ` մի քանի օրվա ընթացքում, անհասկանալի բնույթի ռազմականացված խմբերի ու քաոսի պայմաններում: Ղրիմը համեմատելով Ղարաբաղի հետ` մենք ցածրացնում ենք Արցախի կարգավիճակը:

բ) Ավելին, լավ կլինի, եթե Ղրիմն առհասարակ չասոցացվի Ղարաբաղի հետ: Քանի որ Արցախի դեպքում մենք բոլոր հնարավորություններն ունենք աշխարհին ցույց տալու, որ ԼՂՀ-ն չի կարող մասը լինել Ադրբեջանի՝ մի երկրի, որտեղ ժողովրդավարության, քաղաքացիական ազատությունների նկատմամբ հարգանքի մակարդակը շատ ավելի ավելի ցածր է: Իսկ Ռուսաստանի եւ Ուկրաինայի դեպքում ամեն ինչ հակառակն էր: Ղրիմի դեպքում մենք տեսնում ենք կամ ակնհայտ թշնամանք, կամ անտարբեր հեռակառավարում աշխարհի երկրների կողմից: Ղրիմը համեմատելով Ղարաբաղի հետ` Արցախը դնում ենք չափազանց թշնամական դաշտում, որտեղ մենք չենք կարող լինել ուժեղ դերակատար եւ չունենք ուժեղ դաշնակիցներ:   

գ) Իսկ այժմ նայենք դեմ քվեարկած երկրների ցանկին. Հայաստան, Բելառուս, Բոլիվիա, Կուբա, Հյուսիսային Կորեա, Նիկարագուա, Սուդան, Սիրիա, Վենեսուելա եւ Զիմբաբվե: Հյուսիսային Կորեա` երկիր, որտեղ կարող են գնդակահարել արտասահմանյան հեռուստաալիք դիտելու համար: Սուդան` երկիր, որտեղ ներկայումս կատարվում է իրական ցեղասպանություն, եւ նախագահը միջազգային հետախուզման մեջ է: Զիմբաբվե` երկիր, որտեղից արտաքսեցին սպիտակներին, այսինքն՝ կատարեցին էթնիկական զտում: Սիրիա` ցավոք, վաղուց արդեն ոչ երկիր… Եվ ահա, այդ շարքում մենք դարձանք առաջինը. պարզապես մեր երկրի անունն անգլերեն լեզվում  սկսվում է A տառով: Այդ ցանկը բոլոր լեզուներով սկսվելու է Հայաստանից, իսկ հետո մարդիկ կարդալու են` ԿԺԴՀ, Սիրիա, Սուդան…  

դ) Հասկանալի է, որ փաստաթղթում գրեթե մերժվում է ազգերի ինքնորոշման իրավունքը: Բայց այն չի մերժվում առհասարակ. խոսքը միայն Ուկրաինայի մասին է: Եվ ընդհանրապես՝ փորձագետներն ու դիվանագետները վաղուց պետք է հասկանային, որ նման հակամարտություններում ոչ մի նախադեպ դեր չի խաղում: Կարեւորը, որպեսզի խաղաքարտը գա եւ կոստյումը գեղեցիկ նստի: 

Բանաձեւին դեմ քվեարկելով` մենք.

- ամենեւին չենք ֆիքսում օժանդակությունն ազգերի ինքնորոշման իրավունքին: Պարզապես այն պատճառով, որ դա հիմա ոչ ոքի չի հետաքրքրում: Նույնիսկ Ռուսաստանին: Մեր կարծիքը հիմա ոչ ոքի չի հետաքրքրում. կարեւոր է, թե ում ես դու կողմ քվեարկել: Հետո հիշելու են միայն դա: 

- դրանով ամենեւին չենք օգնում Ռուսաստանին: Եվ չենք խանգարում Ամերիկային ու Եվրոպային: Առհասարակ, ոչ մի կերպ չենք ազդում քվեարկության վրա: Քանի որ մեր քվեն պարզապես ոչինչ չէր վճռում՝ 10 երկիր թե 11, միեւնույն է, դա ճնշող փոքրամասնություն է: Եվ դա պարզ էր նաեւ մինչեւ քվեարկությունը:

- լուրջ հաղթաթուղթ ենք տալիս Ադրբեջանին Ղարաբաղյան հարցում:

Սամվել Մարտիրոսյանը մեդիա փորձագետ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին