Պետք է վերացնել օլիգարխ ծնող պայմանները - Mediamax.am

Պետք է վերացնել օլիգարխ ծնող պայմանները
3345 դիտում

Պետք է վերացնել օլիգարխ ծնող պայմանները


«Հասարակությունը պետք է առանձին-առանձին քննարկի այն մարդկանց խնդիրը, որոնց համարում է օլիգարխ ու մոնոպոլիստ: Ասել է, եթե մարդիկ ցանկանում են այդ պայքարը հաջող ընթանա, սլաքը միայն մեր դեմ չպետք է ուղղեն, մեզ քննադատեն, մեզ վարկաբեկեն, այլ նախ եւ առաջ պետք է հասկանան՝ նման հոդվածներ գրող լրատվամիջոցներն ում շահերն են պաշտպանում, ում թերթերն են դրանք, ովքեր են դրանք ֆինանսավորում, ովքեր են մեր կողքին կանգնած, որ օլիգարխների դեմ պայքարում ուժեղ լինենք», - օլիգարխիայի դեմ հաջող պայքարի խնդիրների մասին նման կարծիք է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանը` օլիգարխներից մեկին պատկանող թերթում:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերմանական տնտեսական հրաշքի գաղափարախոսներից Գերմանիայի կանցլեր Էրհարդը գրում է. «Եթե իշխանությունը ցանկանում է բարեփոխումների մեջ հաջողության հասնել, նա պետք է հասարակությանը բացատրի եւ մասնակից դարձնի այդ բարեփոխություններին, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իր կարողություններով եւ պատկերացումներով մասնակից դառնա այդ բարեփոխումներին»: Մեր վարչապետն, ըստ էության, ճիշտ է ասում, եթե մարդիկ ցանկանում են, որ մեր երկրում չլինեն օլիգարխներ եւ նման այլ երեւույթներ, պետք է ոչ թե պասիվ դիտորդի կարգավիճակով հետեւել եւ ուրախանան հերթական կառավարության ձախողումներով, այլ յուրաքանչյուրն իր կարողություններով ջանքեր գործադրի:

Սակայն, ինչպես գիտեն մեր քաղաքացիները, օլիգարխների դեմ պայքարը հեշտ գործ չէ, կարող է օլիգարխն էլ սկսի քո դեմ պայքարել եւ դու մեն-մենակ մնաս նրանց դեմ՝ բոլոր հետեւանքներով հանդերձ: Եվ որպեսզի քաղաքացին հավատա բարեփոխումներին, իշխանությունները պետք է մի քանի հարցերի պատասխաններ էլ հնչեցնեն, իսկ ավելի լավ կլինի ցույց տան գործողություններով:

Եվ արդյո՞ք իշխանությունը բոլորից հավասարահեռ է եւ հավասարապես պայքարում է բոլորի դեմ:

Օրինակ՝ ի՞նչ է նշանակում օլիգարխ կամ «պայքար օլիգարխիայի դեմ»: Դրանք բոլոր մեծահարուստներն են անխտի՞ր, թե այն մեծահարուստները, ովքեր քաղաքական դիմագիծ եւ ինքնուրույնություն ունեն, թե՞ նրանք, ովքեր հարկերը թաքցնում են, բայց դիմագիծ չունեն, իսկ կարծիքը միշտ համընկնում է իշխանության կարծիքին: Մեծ կարողության տեր պաշտոնյաները արդյո՞ք նույնպես օլիգարխ են: Եվ արդյո՞ք իշխանությունը բոլորից հավասարահեռ է եւ հավասարապես պայքարում է բոլորի դեմ:

Երբ վարչապետն ասում է պայքար օլիգարխիայի դեմ, լավ կլիներ, որ նա եւ մնացած բոլոր պայքարող պաշտոնյաները կոնկրետացնեին, թե ո՞ր օլիգարխը հարկեր չի մուծում, ո՞րը օրենք է շրջանցում, թե նրանցից ո՞վ է մենաշնորհ հաստատում, որպեսզի մենք՝ լրագրողներս, օրինակ, լուսաբանենք այդ պայքարը, եւ այդ ժամանակ քաղաքացիները կհասկանան, որ կա իրական պայքար, ում դեմ է այդ պայքարը եւ հանուն ի՞նչի: Թե չէ նման պայքարը շատ նման է Տիգրան Կարապետիչի չարի դեմ պայքարին: Անհասցե պայքար չի լինում եւ անհասցե պայքարին դժվար մեր քաղաքացիները սատար կանգնեն նույնիսկ մեծ ցանկության դեպքում:

Մեր քաղաքացիները բազմիցս տեսել են, որ իշխանությունները ավելի հաճախ համագործակցում եւ օգտվում են օլիգարխների ծառայություններից, քան պայքարում նրանց դեմ: Օրինակ՝ ընտրությունների ժամանակ իշխանության պատվերն օլիգարխները 100 տոկոսով իրականացնում են, ոմանք նույնիսկ ավելին: «Պայքարը օլիգարխների դեմ» արդյո՞ք ենթադրում է, որ հաջորդ ընտրություններին օլիգարխներն ըստ ճաշակի են քվեարկելու, այլ ոչ իրենց բդեշխությունը կենտրոնացնելու են պլանի կատարման համար: Եթե այո, ապա լավ կլինի, որ իշխանությունը բարձրաձայնի այս մասին, այնուհետեւ պահանջի քաղաքացու աջակցությունը:

Իսկ ընդհանրապես, մեր տնտեսական ձեւախեղված հարաբերությունների մեղավորը ոչ թե օլիգարխներն են, այլ լրիվ հակառակը: Օլիգարխները այդ ձեւախեղված հարաբերությունների ծնունդն են: Պետք է վերացնել օլիգարխ ծնող քաղաքական, տնտեսական, սոցիալական պայմանները եւ այդ ժամանակ ոչ միայն նոր օլիգարխներ չեն ծնվի, այլեւ հներին էլ կմնա երկու ճանապարհ. կամ դառնալ քաղաքակիրթ բիզնեսմեն, կամ ուղղիչ աշխատանքային տուն: Վստահ եմ` ոչ մի օլիգարխ չի նստի: 

Պետրոս Ղազարյանը «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբանն է

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին