Աշտարակ քաղաքում սիրիահայերի համար կառուցվում է «Նոր Հալեպ» անունով թաղամաս: Սա մեր կառավարության կողմից ընդունված հիրավի ողջունելի քայլերից մեկն է, որը միտված է մեր հայրենակիցների հոգսերի թեթեւացմանը: Ի կատարում Կառավարության որոշման, Սփյուռքի նախարարությունն էլ իրականացնում է հաճելիորեն զարմանալի հստակ եւ շուտափույթ քայլեր, որպեսզի սիրիահայ փախստականները ժամ առաջ Հայրենիքում ծածկ ունենան:
Թվում է, ամեն ինչ կարգին է, տեղն էլ ընտրված է բավական հաջող` հայկական հինավուրց բնակավայրում, մայրաքաղաքից ոչ շատ հեռու, բոլորը գոհ են: Մնում է հնարավոր բարերարներից եւ թաղամասի ապագա բնակիչներից հավաքել անհրաժեշտ գումարը` շինարարությունը սեղմ ժամկետներում իրականացնելու համար: Արդեն իսկ ցուցակագրվել են Հայաստանում հաստատված մոտ 10 000 սիրիահայերից մի քանի հարյուրը:
Հայաստանի դիրքորոշումը սիրիահայերի հարցում շատ հստակ է. կոչ չենք անում լքել Սիրիան, սակայն եթե մարդն, այնուամենայնիվ, որոշել է արտագաղթել, գերադասելի է, որ գա Հայաստան: Սիրիահայերի հարցում իշխանությունների քայլերն ավելի առարկայական են ու հաշվարկված, բնականաբար, կան բազմաթիվ բացթողումներ, սակայն իրադրությունն անհամեմատելի է ադրբեջանահայերի, ինչպես նաեւ Իրաքի հայերի ներգաղթի հետ: Առաջընթացն ակներեւ է:
Միաժամանակ «Նոր Հալեպ» թաղամասի հիմնումն ի սկզբանե հարցեր է առաջ բերում: Թաղամաս հիմնելով, որն առանձնանում է քաղաքից, փորձում ենք Հայաստանում հայի նոր բաժանում ավելացնե՞լ ղարաբաղցու, «ախպարի», ամերիկացու կողքին, թե՞ դատապարտել սիրիահայերին մեկուսացվածության, ինքնամփոփության եւ նոր «գետտո» կառուցել այս անգամ Աշտարակում:
Հետաքրքիր է նաեւ թաղամասի անվանումը, ինչու՞ «Նոր Հալեպ»: Որքան էլ հասկանալի լինի մարդու եւ ծննդավայրի միջեւ ստեղծված անքակտելի կապը, Հայրենիքի սերը պակաս կարեւոր չէ հայերի համար, որոնք երկար տարիներ տառապել են իրենց սեփական հողում ազատ ապրելու տենչով:
Սփյուռքի համարյա բոլոր հայկական համայնքները պարտավորված են միասնական եւ ինքնամփոփ լինել: Սփյուռքահայը իր հայությունը պահպանելու համար հատկապես իսլամական երկրներում անկախ նրանից` հավատացյալ է, թե ոչ, պարտավոր է պահպանել հայկական եկեղեցին եւ հաճախել հայկական դպրոց: Հայապահպանության առումով շատ որոշիչ է ամուսնանալ հայի հետ, որպեսզի հաջորդ սերունդը եւս հայ մնա եւ հայերեն խոսի: Այս բոլորի համար ծննդյան առաջին իսկ օրից հայ երեխան պետք է ունենա հայ ընկերներ, հայ շրջապատ, գնա հայկական վարժարան եւ ամենակարեւորը հեռու մնա «օտարից», քանի որ, մարդ ես` կարող ես սիրահարվել, սիրել եւ մտքափոխվել....
Այսօր հայրենիքում ապրելու որոշում տվող բոլոր սփյուռքահայերը եւ մասնավորապես սիրիահայերը այլեւս չպետք է շարժվեն օտար երկրում ապրելու ժամանակ ձեռք բերված ռեֆլեքսներով եւ չփորձեն պաշտպանվել օտարից, քանի որ հայրենիքում օտար չկա եւ անկախ նրանից, թե ով որտե՞ղ է ծնվել, բոլորս հայ ենք:
«Հայաստանը համայն հայության Հայրենիքն է» կարգախոսը նախատեսում է հայերի իրական հավասարություն: Հալեպից, Դամասկոսից, Լաթաքիայից, Հոմսից Եվրոպայում կամ Ամերիկայում ապաստանած սիրիահայն, անշուշտ, ունի ազգային մշակութային եւ կրոնական պաշտպանության ապահովման անհրաժեշտություն, սակայն Հայրենիքում հայը նման խնդիր չունի:
Արտասահմանյան խոշոր քաղաքներում շատ ենք հանդիպում հնդկական, չինական, թուրքական եւ արաբական թաղերի: Այդ թաղերում մարդիկ կարծես իրենց փոքր երկիրն են ստեղծում տվյալ երկրի մեջ: Նման սովորությունը բխում է վախից, իրար կողք կողք ապրելու ցանկությունից, լեզու չիմանալուց, տեղացիների հետ չհարմարվելուց եւ վերջինը` չձուլվելու համար մտահոգությունից, բայց նման թաղերն ինչքան էլ ցածր են պահում գաղթողի մտավորական մակարդակը, դրանք ողջունելի են մի առումով միայն, ներգաղթողը վերակառուցում է իրենն օտարի տանը:
Կարծում եմ, շատերը շատ ավելի ուրախ կլինեին, եթե բոլոր հայերը կարողանային միասին ապրել անկախ իրենց ծննդավայրից եւ մշակույթից, իսկ եթե անպայման թաղամաս էր պետք կառուցել հայրենադարձների համար, դա լիներ ոչ թե «Նոր Հալեպ» այլ «Հայրենիք» եւ չստեղծվեր այն տպավորությունը, որ սիրիահայերը ստիպված եկել են Հայաստան եւ փորձում են վերակառուցել իրենց սիրած Հալեպը....
Ալին Օզինյանը հետազոտող-լրագրող է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: