Ինչո՞ւ են հալածում Սեւան Նիշանյանին - Mediamax.am

Ինչո՞ւ են հալածում Սեւան Նիշանյանին
6456 դիտում

Ինչո՞ւ են հալածում Սեւան Նիշանյանին


Իրեն լեզվաբան, պատմաբան, գործարար, շինարար եւ բանվոր համարող Սեւան Նիշանյանը մշտապես թուրք պետության եւ ազգայնականների կողմից հալածանքների է ենթարկվել, սակայն վերջերս նրա դեմ ծայր առած թշնամական գործողություններն առանձնահատուկ թափ ստացան այն պարզ պատճառով, որ նա թուրքական կեղծ պատմությունից, հակաժողովրդավարական քաղաքականությունից բացի, համարձակվեց քննադատել ներկայումս Թուրքիայի համար ամենամեծ արժեք հանդիսացող իսլամը:

Նիշանյանը բարձրագույն կրթությունը ստացել է ԱՄՆ հեղինակավոր Յելի համալսարանում, որը փայլուն ավարտելով` ուսումը շարունակել է Կոլումբիայի համալսարանում` ուսումնասիրելով պատմություն, փիլիսոփայություն եւ քաղաքականություն: Հատկանշական է, որ նրան աշխատանքի առաջարկություն է արել անձամբ Զբիգնեւ Բժեզինսկին:

1984թ. Նիշանյանը վերադարձել է Թուրքիա, իր հետ բերելով առաջին համակարգիչը եւ հիմնել առաջին համակարգչային ընկերությունը: Նա հրատարակել է առաջին թուրքալեզու համակարգչային պարբերականը: Նիշանյանը արտասահմանյան հրատարակչությունների համար պատրաստել է արեւելյան երկրների եւ Թուրքիայի տուրիստական ուղեցույցներ, որոնք ներկայումս համարվում են այս ասպարեզի բավական հեղինակավոր աղբյուրները:

Նիշանյանի աշխատություններից ամենակարեւորը «Իր անունը մոռացած երկիր. Թուրքիայում անվանափոխված տեղանունների բառարանն է», որի մեջ բացահայտվում են Թուրքիայի բոլոր անվանափոխված տեղանունները, մատնանշելով իրական պատմությունը մոռացության ենթարկելու թուրքական քաղաքականությունը: Մասնավորապես, բացահայտվեցին Թուրքիայի տեղանունների հայկական, քրդական, ասորական, հունական արմատները, որոնք անառարկելիորեն վկայում էին տեղավայրերի իրական պատկանելության մասին:

2008թ. լույս տեսավ «Սխալ հանրապետություն. 51 հարց քեմալիզմի մասին» աշխատությունը, որը Նիշանյանը հրատարակության էր պատրաստել առնվազն 13 տարի առաջ: Զարմանալի չէր, որ այն հրատարակվեց, երբ Թուրքիայում իշխող իսլամիստական կուսակցությունը համարյա լիովին ամրապնդել էր դիրքերը ու նպատակահարմար էր դարձել քեմալիզմի գաղափարախոսության հրապարակային դատապարտումը: Նիշանյանի այս աշխատությունը «սրերով» ընդունվեց քեմալիզմի հետեւորդների կողմից, սակայն գիտնականին բնորոշ մանրակրկիտությամբ կատարված աշխատանքի արդյունքում առաջադրված հարցերն իրենց էությամբ պարունակում էին քեմալիզմի այնպիսի քննադատություն, որին հակադարձել հնարավոր էր միայն մերկապարանոց հայտարարություններով եւ թուրքական ինքնությունը եւ պետականության հիմքերը խարխլելու մեղադրանքներով:

Նիշանյանը հաջողությամբ ջախջախելով քեմալիզմը եւ մտածելով, ավելի ճիշտ սխալվելով, որ Թուրքիայում արդեն կարելի է ազատ արտահայտվել, սկսեց քննադատել նաեւ Իսլամը:  Մահմեդական երկրներում բավական աղմուկ առաջացրած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմից հետո, Սեւանն այն ատելության հանցանք որակավորող ելույթներին ի պատասխան, արտահայտեց այն միտքը, որ Մուհամեդի մասին յուրաքանչյուր մարդ կարող է իր անձնական կարծիքն ունենալ: Ֆիլմի ատելության հանցանք չլինելը բացատրելու համար, նա իր հոդվածներից մեկում ընդգծեց, որ Մուհամեդն այն արաբ գործիչն էր, որը պնդում էր, թե կապի մեջ է Ալլահի հետ եւ իրեն հավատացողներից, որպես երկրպագության հետեւանք, ստանում էր քաղաքական, նյութական եւ սեռական շահ: Ըստ Նիշանյանի, նման առաջնորդին ծաղրելը չի կարող որակավորվել որպես ատելության հանցանք` այն ուղղակի մտքի ազատություն է:

Սեւանի նման խոսքերից հետո թուրք հասարակության մի խոշոր զանգված, ստանալով պետության աջակցությունը, ուղղակիորեն հարձակվեց նրա վրա: Եղան ելույթներ, բողոքներ, սպառնալիքներ հնչեցին նրա կյանքի վերաբերյալ: Նիշանյանը` բանակում ծառայած տարիներից ունենալով թուրքական դատարանում դատվելու եւ բանտարկվելու հարուստ փորձ, այն հարցին, թե չի վախենում արդյո՞ք իր կյանի համար, ժպտալով  պատասխանում էր, երբ շունը շատ է հաչում, չի կծում:

Ներկայումս Նիշանյանը բնակվում է Իզմիրի Շիրինջե գյուղում, որտեղ կառուցել է հյուրանոց, որի արդյունքում նախկինում հետամնաց գյուղը վերածվել է տուրիստական կենտրոնի: Չնայած գյուղի բարգավաճման գործում նրա ունեցած հսկայական ներդրմանը, տեղական վարչակազմը եւս մաս է կազմում Նիշանյանի դեմ ուղղված հալածանքներին: Նրան մեղադրում են բնությանը պատճառած վնասի, անօրինական շինարարության եւ այլ «հանցանքների” համար, որոնց արդյունքում նա դատապարտվել է երեք տարվա բանտարկության:

Շիրինջե գյուղում տեղի ունեցած մեր զրույցի ժամանակ Նիշանյանն իր բոլոր գործերը եւ պայքարը մի կողմ թողնելով, իրեն հատուկ անմիջականությամբ ընդգծում էր, որ կյանքում իր ամենակարեւոր ներդրումը եւ ստեղծագործությունը երեխաներ ունենալն է ու կիսում էր այն երազը, որ ցանկանում է տասնյակ երեխաներ ունենալ: Ներկայումս նա հինգ զավակների երջանիկ հայր է, որոնցից կրտսերը երեք տարեկան է:

Ալին Օզինյանը հետազոտող-լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





«Նոր Հալեպ», թե՞ «Հայրենիք»
Մեր ընտրանին