Երկու օր առաջ հայտնաբերվել եւ ձերբակալվել է հայ տարեց կանաց վրա հարձակումներ կատարած հանցագործը: Վերոհիշյալ դեպքերից հետո բավականին մեծ աղմուկ էր բարձրացել ոչ միայն հայկական շրջանակներում, այլեւ մարդու եւ փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող թուրքական իրավապաշտպան կազմակերպություններում եւ մամուլում: Թուրքական ոստիկանությունը շտապել էր հայտարարել, որ հարձակումները ազգային հողի վրա չէին կատարվել, այլ ուղղակի քրեական հանցագործություններ են, ինչպիսիք Ստամբուլում հաճախակի են տեղի ունենում: Կ.Պոլսի պատրիարքությունը եւ սպանված հայ ծեր կնոջ հուղարկավորության ժամանակ քարոզող քահանան նույնպես վավերացրին թուրքական կողմի տեսակետը եւ խորհուրդ տվեցին ժողովրդին տուրք չտալ ասեկոսեներին:
Ոստիկանության պնդումները եւ հայտարարությունները հաճախակի փոփոխվում էին եւ անհնարին էր դառնում տրամաբանական անցումներ կատարել բացատրությունների մեջ: Մի օր ասվում էր, թե քրեական գործը խմբակային է, իսկ մյուս օրը` անհատական: Մի օր ասվում էր, թե գողություն է կատարվել, իսկ հաջորդ օրը, որ հարձակման ենթարկված տներից թանկարժեք իրեր չեն պակասել: Ոստիկանությունը խորհուրդ էր տալիս հայերին այս դեպքերի մասին չխոսել մամուլի ներկայացուցիչների հետ:
Գիտակցելով, որ չէր բացառվում նաեւ հարձակումների ոչ հայկական ուղղվածությունը, դրանց առնչությամբ ոստիկանության «հապշտապ եւ մերկապարանոց» հայտարարությունները, ինչպիսիք արվել էին նաեւ թուրքական բանակում սպանված Սեւակ Բալըքչիի մահվան դեպքում, դժվարացնում էր հավատալ հարձակումների զուտ քրեական ուղղվածության մասին վարկածին: Թուրքիայում տիրող իրավիճակին ծանոթ մարդիկ, նկատի ունենալով թուրքական ոստիկանության դեպքի վայրից ստացված ապացույցներ կորցնելու եւ ապացույցներ «սարքելու» ունակությունները եւ այս բոլորին ավելացնելով թուրքական կառավարության հայ սպանող թուրքին չպատժելու հինավուրց սովորությունը, մտածում էին, որ այս հարցն էլ թողնվելու է մթության մեջ:
Հիմնական տեսակետն այն էր, որ թուրքական ոստիկանությունը գտնելու էր գողության կամ կողոպուտի փորձ ունեցող մի կրկնահանցագործի, որն էլ խոստովանական ցուցմունքներ էր տալու հանցագործության կատարման մասին: Նախ` նրա նկատմամբ ընդունվելու էր քառասուն տարվա ազատազրկման վճիռ, որը հետո կրճատվելու էր մինչեւ տաս տարի, իսկ հետո նա վաղաժամկետ ազատ էր արձակվելու: Նրա ընտանիքն էլ ստանալու էր դրամական կամ այլ տեսակի փոխհատուցում:
Առաջին հարձակումից երեք ամիս անց թուրքական ոստիկանությունը շարունակում էր պնդել, որ դրանք ազգային հողի վրա չեն կատարվում, սակայն հարցը շարունակում էր մնալ մթության մեջ: Թուրքական ոստիկանությունն այս անգամ նույնիսկ գերազանցելով երեւակայությունը, գտավ նախկինում դատապարտվածների ցանկից մի հայի, որն ունի նաեւ հոգեկան խանգարվածություն եւ այսօրվա շուտափույթ դատաքննությունից հետո «խոստովանեց», որ հանցագործն ինքն է, սակայն հայտարարել է, որ ոչինչ չի հիշում: Որպես հանցագործության ապացույց բերվում է նրա արյան համապատասխանությունը զոհերից մեկի պայուսակում հայտնաբերված արյան հետքերին:
Իրավապաշտպան Այշե Գյունայսուն մեր հեռախոսազրույցում զայրացած ասում էր, որ իրենք երեք ամիս շարունակ շփվում են տուժողների ընտանիքների հետ, որոնք միաբերան պնդում են, որ հարձակումները գողության նպատակ չեն հետապնդել, նույնիսկ դարակները չեն փորփրվել, զոհերը ենթարկվել են դաժան ծեծի:
Այսօր թուրքական բոլոր թերթերը, ներառյալ «Ակոսը», օգտագործել են ոստիկանության կողմից թելադրված «տեքստը», զերծ մնալով սեփական մեկնաբանություններից, հաճախակի ընդգծելով «նախկինում պնդում էին, որ հարձակումների թիրախը եղել են հայերը» ձեւակերպումը: Այդ վարկածի «ջրելու» համար նշվում է, որ հանցագործի հարձակմանն են ենթարկվել նաեւ երկու թուրք տարեց կանայք: Թուրքական մամուլը մանրամասն ներկայացնելով եւ գովերգելով ոստիկանության տքնաջան աշխատանքը հանցագործի հայտնաբերման ուղղությամբ, հարձակում սկսեց իրավապաշտպանների դեմ, նրանց մեղադրելով թուրքական ինքնությունը հերթական անգամ վիրավորելու համար:
Մամուլի հրապարակումների համաձայն, հանցագործը նախկինում գողության համար դատապարտված 36-ամյա Մուրադ Նազարյանն է: Հայկական համայնքում շրջանառվող լուրերի համաձայն, նա մահմեդականություն է ընդունել եւ հեռու է հայկական շրջանակներից, ինչը մեզ համար որոշ չափով պարզաբանում է թուրքական սցենարի մութ կետերը:
Մարդու իրավունքների գրասենյակը չի հրաժարվում դեպքի բացահայտումից, դա որակելով որպես «ատելության հանցագործություն»: Թուրք հայտնի իրավապաշտպան Էրեն Քեսքինը պատրաստակամություն է հայտնել դառնալ ձերբակալված Նազարյանի փաստաբանը, որպեսզի հասարակությանը տեղյակ պահի դատավարության հետագա զարգացումների մասին: Այսօր ձերբակալվածը ենթարկվելու է դատաբժշկական փորձաքննության, որին ներկա է լինելու նաեւ Քեսքինը:
Թուրքական պետությունը կրկին չի դատաքննելու եւ պատժելու թուրքին հայ սպանելու համար, ինչպես տեղի էր ունեցել Հրանտ Դինքի, Սեւակ Բալըքչիի դեպքերում, ոչ միայն չի հաստատելու արդարություն, այլեւ ծաղրելու է հայերին, «հայտնաբերելով» հոգեկան հիվանդ հայ հանցագործ: Առավել դաժանն այն է, որ հայերը կամա թե ակամա մի անգամ եւս «կուլ են տալու» հերթական սուտը:
Ալին Օզինյանը հետազոտող-լրագրող է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: