Մարտի 1-ի դասերը մեր վերնախավը չի հասկացել - Mediamax.am

Մարտի 1-ի դասերը մեր վերնախավը չի հասկացել
2567 դիտում

Մարտի 1-ի դասերը մեր վերնախավը չի հասկացել


 

Րաֆֆին հացադուլն ավարտեց եւ գնաց, պրոբլեմները մնացին: Մինչ պարոն Հովհաննիսյանը Մանդակունուն ստվերում էր Մահաթմա Գանդիով, Ազգային Ժողովը քննարկում էր ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու հարցը. մի փաստաթուղթ, որի որակը էապես ազդելու է ընտրությունների վրա: 

Ընտրությունների կարեւորությունը հասկանալու համար ոչ Մանդակունի կարդացած պետք է լինել, ոչ էլ Մահաթմա Գանդի:

1995 թվականից սկսած մենք մտել ենք քաղաքական շրջապտույտի մեջ, երբ ընտրություններից առաջ հասարակությունը բաժանվում է իրար նկատմամբ ատելությամբ եւ անվստահությամբ լցված ճամբարների, ընտրությունների օրը տեղի են ունենում կեղծիքներ, իսկ հետընտրական պրոցեսները վերածվում են քաղաքական, սոցիալական ճգնաժամի: Եվ այս շրջապտույտը տարբեր երանգներով ու դեմքերով կրկնում ենք ընտրությունից ընտրություն, դառնալով Թոյնբիի շրջապտույտի տեսության միկրոկրողները: Եվ ելքը կարծես չի երեւում:

2013 -ի ընտրությունները սարերի հետեւում չեն: Սակայն հիմնական քաղաքական դերակատարներին կարծես ընտրությունների խնդիրը այնքան էլ չի հուզում: ՀԱԿ-ը իշխանության հետ շախմատ է խաղում, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ`բոքս: “Ժառանգությունը” վայելում է ծոմից եկած ռեյտինգի բերկրանքը: Իշխանությունը ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներից բացի ոչ մի քայլ չի ձեռնարկում, կարծես խոստովանելով, որ քաղաքական կամքի վրա որեւէ մեկը չպետք է հույս դնի: Մինչդեռ առանց քաղաքական կամքի ընտրական օրենսգրքի բարելավումը շատ նման է առանց քաղաքական պայմանների` հացադուլի:

Այսօր հասարակության զգալի մասը բացարձակ վստահություն չունի ապագա ընտրությունների նկատմամբ: Մարդիկ տեսնում են, որ ընդդիմության եւ իշխանության օրակարգից բացակայում է քաղաքակիրթ ընտրություններ կազմակերպելու հարցը եւ հասկանում, որ մարտի 1-ի դասերը մեր վերնախավը չի հասկացել:

Եթե նման անվստահության, սոցիալական լարվածության, քաղաքական անհանդուրժողականության պաշարով մենք հասնենք 2013-ի ընտրություններին` հերթական քաղաքական ճգնաժամը կարելի է երաշխավորված համարել`անկախ նրանից, թե իշխանությունները քանի գյուղ կգնան, Րաֆֆին էլ ինչքան ծոմ կպահի, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ որքան շախմատ կխաղա: Ժամանակն այսօր պարտադրում է հակադիր քաղաքական ուժերին նստել սեղանի շուրջ եւ 2013-ի ընտրությունների վերաբերյալ քաղաքական կոնսեսուս եւ համապատասխան վստահության մթնոլորտ ձևավորել: Եթե իհարկե դա նրանց անհրաժեշտ է:

Պետրոս Ղազարյանը «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբանն է

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին