Ընտանիքիս նոր առավոտը - Mediamax.am

Ընտանիքիս նոր առավոտը
12972 դիտում

Ընտանիքիս նոր առավոտը


Ինչպես համոզվեցիք, հայրս միայն ֆիզիկապես տանը չէր ու չէ այսօր, եւ իրականում իր բացակայությամբ ավելի ներկա էր եւ է, քան իրենց ընտանիքների հետ ապրող շատ ու շատ հայրեր (հորս «բացակայության» ընթացքում էլ, այսօր էլ, միշտ նշել ու նշում ենք իր ծննդյան օրը, ծնողներիս ամուսնության օրը եւ այն բոլոր տոները, որոնք որեւէ նշանակություն են ունեցել նրա կյանքում):
 
Հորս ազատազրկման տարիներին հիմնականում մնում էինք մորական պապուս տանը (որն իր մեծ դերն ունեցավ ազատամարտի տարիներին): Այդ տունն  ի սկզբանե այդքան էլ «բարյացակամ» չէր ընդունել հորս (երկու բուհ ավարտած իրենց աղջիկը պիտի ամուսնանար արդեն երկու անգամ դատված տղայի հետ): «Մայրիկ, ես քո ամենասիրելի փեսան եմ լինելու»,- ասել էր հայրս, եւ իրոք` նրանց ամուսնությունից ընդամենը մի քանի ամիս անց ու մինչ օրս այդ տունը շնչում ու արտաշնչում է Աշոտով:


Աշոտ Նավասարդյանը, 1991թ.

Հորս վերջին դատավճիռը կայացնելու օրը նրանց հարեւանը, որը «վերեւներում» ծանոթներ է ունեցել, ժամ առաջ շտապել էր «ավետել» մեզ հետ տանը մնացած տատիկիս, թե “էդ փեսուդ գնդակահարություն են տվել, հա՞”: Հուզմունքից տատս արյան զեղում էր ստացել: Փառք Աստծո, որ կարողացան նրա կյանքը փրկել, ու նա տեսավ իր սիրած փեսայի վերադարձը…

Հայրս արդեն կրել էր պատժի 7 տարին, երբ գորբաչովյան վերակառուցումն ազգերի ինքնորոշման իրավունքը համարեց օրինական պահանջ եւ, հետեւաբար, այդ իրավունքի համար պայքարողներն ազատ արձակվեցին սովետական ճամբարներից (ի դեպ, հայրս դեռեւս Պետական անվտանգության կոմիտեի մեկուսարանից նամակ-դիմում էր գրել ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահությանը, որում նշում էր, որ հայ ազգի ինքնորոշման իրավունքի հաստատման իրենց ցանկությունը չի հակասում ՍՍՀՄ Սահմանադրությանը, քանի որ այնտեղ ամրագրված է, որ ազգերն նման իրավունք ունեն):



Այսպիսով, 1987թ. սկզբից քաղկալանավորներին սկսեցին ազատ արձակել: Արշակյան Ազատն ու Հայրիկյան Պարույրն ավելի շուտ վերադարձան, իսկ հայրս՝ օգոստոսի 30-ին: Գիտեինք, որ Պերմից դուրս է եկել, բայց Մոսկվայում ինչ-որ խնդիրներ էին առաջացել, եւ նրա ժամանումն անընդհատ հետաձգվում էր: Մի քանի օր շարունակ մերոնք գնում էին օդանավակայան ու վերադառնում ձեռնունայն: Այդ օրն էլ գնացել էին, բայց տեսնելով, որ չկա, հետ էին եկել: Արդեն ուշ երեկո էր՝ մոտավորապես ժամը 10-ը, եւ ես ու քույրս պառկել էինք քնելու: Արուսիկն արդեն 7 տարեկան էր, բայց քնում էր օրորոցում, որը, իհարկե, ամենեւին էլ փոքր չէր, բայց ճաղապատ: Հանկարծ մեր ննջասենյակի պատուհանի տակից մեքենայի ձայն լսեցինք ու, չգիտեմ ինչպես համոզված լինելով, որ հայրս է, Արուսիկը սկսեց իր օրորոցից ցատկել մեծ մահճակալին, ապա նորից մտավ իր օրորոցը, հետո նորից հետ գնաց՝ անընդհատ մտահոգ կրկնելով. “Կարո՞ղ է հանկարծ պապան մտածի, թե ես դեռ փոքր եմ, որ մինչեւ հիմա օրորոցի մեջ եմ քնում”:
 
Հայրս էր: Տուն էր վերադարձել, ու ինքն իր Արուսուկ բալուկին մեկ օր հետո՝ սեպտեմբերի 1-ին, պիտի դպրոց տաներ՝ առաջին դասարան:


Աշոտ Նավասարդյանը դուստրերի հետ

Ու թվում էր, թե վերջ՝ ավարտվեց մեր կյանքի սպասումներով, հույզերով ու մորս՝ յուրաքանչյուր նամակի հետ թաքուն արտասուքով մասը, այս պատմությունը պիտի հեքիաթային, երջանիկ ավարտ ունենա ու պիտի սկսվի նոր՝ այսուհետեւ անհոգ առավոտ:

Առավոտը, իհարկե, նոր էր, նույնիսկ՝ պայծառ,  բայց բոլորովին էլ անհոգ չէր, ավելին՝ լրիվ հակառակը: Այդ առավոտը նոր կյանքի սկիզբ էր, բոլորովին նոր կյանքի, շատ անսովոր, լի բեկումներով, վայրիվերումներով, հույզերով: Սա նաեւ նոր ընտանիքի, նոր հարաբերությունների, նոր արժեքների վերստեղծման ու վերահաստատման առավոտ էր: Տղամարդու ներկայությունը, նրա դերը մեր կյանքում, մեր ընտանիքում նոր իրադարձությունների, նոր հույզերի, նոր անակնկալների պատճառ էր ու շատ էր տարբերվում հեռավորության վրա կառուցված հարաբերություններից: Իսկ ընդամենը մի քանի ամսից եղավ 88-ի փետրվարը, որը կտրուկ փոխեց ոչ միայն մեր ընտանիքի, այլեւ ամբողջ հայ ժողովրդի կյանքը: Սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ապա նաեւ պատերազմն ու անկախության պայքարը: Դրանք այնքան մեծ դեր խաղացին հորս եւ մեզանից յուրաքանչյուրի կյանքում, որ արժանի են առանձին անդրադարձի հաջորդիվ սյունակներում:

Անուշ Նավասարդյանը Երեւանի թիվ 196 դպրոցի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





«Անկախության բանակը»
Մեր ընտրանին