Անձրեւոտ առավոտ Երեւանում, Հուրին քայլելով Կոմիտասի պողոտայով փորձում է հիշել կանգառի տեղը, որ կարողանա կենտրոն հասնել: Միտքը ծանրաբեռնված թե ոն՞ց է վերադարձնելու իրենց վաղուց Կանադայում հաստատված ազգականից վերցրած գումարը:
Նա երբեք էլ չէր ուզում այդ գումարը վերցնել, սակայն երբ Հալեպում ցուցարարների վնասները դարձան տեսանելի իրենց հայաբնակ թաղում, այլեւս ուրիշ ճար չուներ, պետք է դուրս գար երկրից` ամենաշատը մտածելով իր զավակների անվտանգության եւ ապագայի մասին: Տեսնելով մոտեցող երթուղային տաքսին (այսուհետեւ` մարշրուտկա), ճարպկորեն ներս մտավ եւ ուրախ տեղավորվելով ազատ նստարանին, տրվեց հիշողություններին:
Հեռախոսազրույցում ասում էր իր մեծահարուստ հորեղբորը. «Ամօ' ես ալ գիտեմ, որ քո ձէռքն ալ նեղն է, սակայն շատ պիտի խնդրէմ, որ օգնէս մեզի, որպէսզի յաջողինք յասնիլ Հայաստան.... Այո', ժամանակին պետք է էլլայինք, բայց պայմաննէրնիս գիտէս, հազիվ ապրուստնիս կապահովէինք հոս.... Հարկավ ամուսինս ալ կաշխատի, բայց գաղթելու համար ունեցածնիս բավարար չէ... Ին՞չպէս կըլլայ անշուշտ պիտի վճարեմ.... Չէ', չէ', անհօգ եղիր»:
Հուրիի ընտանիքը 15 օր անց տարբեր խոչընդոտներ հաղթահարելուց հետո ստացավ ակնկալված գումարի կեսը իրենց «սրտաբաց եւ ձեռնբաց» ազգականից... Շատ արագ գնվեցին Երեւանի տոմսեր, գտնվեց վարձով բնակարան, երեխաները տեղավորվեցին դպրոցում, սակայն Հուրին ու ամուսինն արդեն հինգերորդ ամիսն է չեն կարողանում աշխատանք գտնել:
Ոսկերիչ ամուսինը վաղ թե ուշ կարողանալու է աշխատանք գտնել, սակայն Հուրին մտածում էր իր մասին, ոչ մի տեղ չէր հաջողվում աշխատանք գտնել: Նույնիսկ որոշել էր դայակ աշխատել, սակայն, երբ երեխայի մայրը լսեց, որ ռուսերեն չգիտե, արագ հրաժարվեց նրան գործի ընդունելուց:
Երեխաներն առաջին օրերին խնդիրներ ունենալով, արագորեն սովորում էին նոր ապրելակերպին: Հուրին հուզվել էր, այն փաստից որ փոքրիկ տղային դպրոցում սկզբում անվանում էին «արաբ Հակոբ»: Փառք Աստծո, ամենն այլեւս անցել էր եւ Հուրին էլ չէր ստիպում երեխաներին դպրոց գնալ: Հուրին մտածեց, գուցե ճիշտ կլինի գնալ ռուսերենի դասընթացների, հետո հիշեց իր տարիքը, երեւի արագ չէր կարողանալու քառասունհինգ տարեկանում նոր լեզու սովորել: Տխրեց:
Հիշեց իրենց ֆրանսահայ բարեկամի առաջարկած ֆրանսահայ փեսացուին, ծնողները, ազգականները, հարեւանները ինչքան էին իրեն համոզում, որ ամուսնանա ու գնա այս մահմեդական երկրից: Փեսացուհի Հալեպ այցից հետո ավելի էին շատացել հորդորները, սակայն Հուրին իր սիրած Ռազմիկից բացի ոչ մեկին չէր տեսնում: Մի պահ մտածեց` ի՞նչ կլիներ, եթե ամուսնանար եւ հաստատվեր Մարսելում: Չուզեց զղջալ, վերջիվերջո այստեղ ծնված հայաստանցիների համար էլ գործ գտնելն ու ապրուստ հոգալը դժվար էր, այդ ամենը գիտեր ու լավ գիտակցում էր, Սփյուռքի նախարարությունն էլ ինչքան հնարավոր էր աջակցում էր: «Մեր երկիրը հարուստ երկիր չէ, եկել ենք հայրենիք, ամեն ինչ շատ լավ է լինելու, սա իմ հողն է, որտեղ իմ ընտանիքին ոչ ոք վատություն չէր անելու»:
Կոմիտաս պողոտան գնալով անտանելի էր դառնում մարշրուտկայի վարորդի (այսուհետեւ`շոֆեր) եւ ուղեւորների համար: Հանկարծ մարշրուտկան կանգնում է երրորդ գծում, խախտելով երթեւեկության բոլոր գրված ու չգրված կանոնները: Դանդաղ բացվում է դուռը եւ մի միջահասակ կին ասում է. «Բարեւ Ձեզի»: Մի փոքր սպասելով եւ պատասխան չստանալով, արդեն մի քիչ անհարմար զգալով, կինը շարունակում է «Ներողություն, սա մարշութքան Չինգաչունգին քովը գերթակոր՞»: Կրկին լռություն, որը խախտվում է հետեւի մեքենաների շչակներից:
Շոֆերը կամացուկ արտաբերում է «Վայ ես քո...», հետո գոռում «չէ, փակի դուռը» եւ չսպասելով լրիվ փակվելուն, արագ պոկվում է տեղից:
Ուղեւորներից մի գեր տղամարդ ասում է շոֆերին, «ախպեր' խի՞ չվեկալար որ»: Շոֆերը նեղսրտած պատասխանում է «եսիմ ուր՞ էր էթում, կինո էր ուզածը, ինչ՞ Չինգաչկուկ, չհասկացա»: Ուղեւորը ժպտալով ասաց. «Կիեւյանի «Չունգա Չանգա» երեխեքի կաֆե էր ուզում գնալ, բայց դե ախպար կնիկ էր, չէր կարում ասի ուզածը»:
Խոսակցությանը միացավ մի ակնոցավոր տիկին. «զարմանալի ժողովուրդ են դրանք, էս նեղ մաջալին` բարեւ, ներողություն, ասա գնալու տեղդ գոնե պարզի ու արագ նստի»:
«Այ ախպեր, կնիկ էր, էլի, ոնց որ էրեխեք էլ կային հետը, թող նստեր»: Մեկ այլ տիկին չգիտես ինչու բարկանալով ասաց, «դու կարծում ես իրանց երկրում դրանք քեզ կօգնեին՞» ...... Կրկին լռություն:
Հուրին աչքերը չէր ուզում բարձրացնել մարշրուտկայի կեղտոտ հատակից, չէր ուզում, որ ուղեւորները հասկանային, որ ինքն էլ է «օտար» .... մտածում էր լսած խոսքերի մասին, ինչ՞ տեսակ մարդիկ են, իրենց օտար են ընկալում... չեն ընդունում, որ Հայաստանը նաեւ Հալեպից եկած հայերի հայրենքին է...
Հուրին փորձեց ազատվել ծանր մտքերից եւ հիշեց կողքի հարեւանի մասին, վերջիվերջո նա էլ է հայաստանցի, սակայն հոգատարությամբ հուշում էր, որտեղից ինչ գնել, մուծումներն ինչպես կատարել, որ՞ հեռուստասերիալը նայել, նույնիսկ մի անգամ իրեն «բորշ» ապուր էր բերել: Հուրին չափազանց ուրախանալով լավ դրացի ունենալու համար, դատարկ ամանը վերադարձրել էր լցնելով իր հետ բերած քաղցրավենիքներով...
Մարշրուտկան ընդամենը վատ զուգադիպություն է, չպետք է ազդվել.... սակայն ակամա սկսեց կրկին մտածել Մարսելից Հալեպ ժամանած փեսացուի մասին...
Ալին Օզինյանը հետազոտող-լրագրող է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: