«Թուրքը մնում է թուրք» չքայքայվող կարծրատիպը - Mediamax.am

«Թուրքը մնում է թուրք» չքայքայվող կարծրատիպը
10892 դիտում

«Թուրքը մնում է թուրք» չքայքայվող կարծրատիպը


Թերևս, յուրաքանչյուրիս ծանոթ են հետեւյալ արտահայտությունները. գերմանացիները ճշտապահ են, ֆրանսիացիները սիրառատ են, իտալացիներն` աղմկարար, իսպանացիները` կռվարար, ռուսներն ալկոհոլիկ են, մուսուլմանները փնթի են, պարսիկները վատ են հոտում, արաբները ծույլ են, անճշտապահ ու դանդաղաշարժ, եզդիները ստախոս են, քրդերը գող են, ամերիկացիները բութ են ու գեր, հույները ծույլ են ու շատակեր, անգլիացիները սառն են ու անտարբեր, չինացիներն աշխատասեր են ու հնազանդ, սփյուռքահայերը «քծիպ» են, քյավառցիները խմող են, հոկտեմբերյանցիները` հաշիշամոլ, էջմիածինցիներն` անհավատ, գյումրեցիները` պարծենկոտ, ղարաբաղցիները` հաստակող...

Իսկ թուրքերը` ջարդարար, արյունարբու, ցեղասպան, վանդալ, բարբարոս, անկիրթ, անմշակույթ, կեղտոտ, անվստահելի ու հիշաչար: Ավելին` «թուրքը մնում է թուրք»: 

Վերջին շրջանում թուրքական կարծրատիպերի հաղթահարմանն  ուղղված բազմաթիվ քայլեր են կատարվում եւ թուրքական, եւ հայկական քաղաքացիական հասարակության կողմից: Մասնավորապես, Թուրքիայում գործում են ազատամիտ մտավորականներ, կուսակցական, քաղաքական ու հասարակական գործիչներ, որոնք հանդես են գալիս հավասարության եւ մարդու իրավունքների պաշտպանության, դիրքերից: Նման շրջանակներում նույնիսկ քննադատվում է «հանդուրժողականության կոնցեպցիան» եւ խորհուրդ է տրվում մարդկանց ոչ թե «թոլերանտ» լինել, որը նշանակում է դիմացինին ցածր դասելով հանդուրժել նրան, այլ պետք է ըմբռնել միայն մարդ լինելու պատճառով հավասար լինել:

Հայաստան են այցելում թուրք մտավորականներ, որոնք «թուրքի» մեկ այլ պատկեր են ներկայացնում, նրանք հայտարարում են Հայոց Ցեղասպանության ճանաչման, Թուրքիայի կողմից հայերից ներողություն խնդրելու անհրաժեշտության մասին, հանդես են գալիս մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության դիրքերից, խոսում են Ղարաբաղյան պատերազմի, Թուրքիայում ապրող ազգային, կրոնական, սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին: Հաճախակի հանդես են գալիս հեռուստատեսությամբ, մասնակցելով բազմաթիվ քննարկումների:

Թուրքական հասարակության եւ հայկական հասարակության որոշակի շերտեր այսօր փորձում են սկսել շփվել առանց նախապաշարումների: Շատերին նույնիսկ զարմացնում է այս երկխոսության մեջ հայկական կողմից Սփյուռքի մասնակցությունը, իսկ թուրքական կողմից` կրոնական շրջանակների ակտիվությունը: Ինչքան էլ թուրքերը փորձում են ապացուցել, որ ճիշտ չի պատմական ոճրագործության համար մեղադրել ոճրագործների այսօրվա թոռներին` թուրք հասարակությանը, նաեւ ձգտում են հասկանալ հայի հոգեբանությունը եւ ներողություն խնդրել անցյալի համար, իսկ որոշ հայեր ինչքան էլ փորձում են նախապաշարումներից զերծ մնալով, ըմբռնումով եւ առանց ատելության մոտենալ թուրքերին, պահեր են գալիս, որ նույնիսկ թուրքերի նկատմամբ ամենալավ տրամադրված հայը չի կարողանում շարունակել թուրքերի հետ շփման իր որոշած ուղին, ականատես դառնալով վերջին իրադարձություններին:

Վերջերս Թուրքիայում տեղի ունեցան հայերի դեմ ուղղված դաժան հարձակումներ: Զոհ են դառնում տարեց կանայք: Սամաթիան` ուր տեղի են ունենում այս ողբերգական իրադարձությունները, Ստամբուլի հայաշատ թաղամասերից մեկն է, որին դեռ 1880թթ. ուշադրություն է դարձրել մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանն իր «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» ստեղծագործությունում Սամաթիային նվիրելով երկու գլուխ: 

Ճիշտ է, Թուրքիայում համարյա ամեն օր «նամուսի սպանություններ» են տեղի ունենում եւ թուրքական եւ քրդական շրջանակներում: Ամուսինները, եղբայրները եւ հայրերը կանանց, նույնիսկ հղի վիճակում,  սպանում են ՝անբարո՝ վարքագծի, թշնամուն սիրելու, բաց հագնվելու, շատ անգամ նաեւ չհիմնավորված պատճառների արդյունքում: Բռնաբարվում են տարբեր հասակի կանայք եւ նույնիսկ երեխաներ, անգամ իրենց հարեւանների եւ ազգականների կողմից: Բայց այս բոլորը չէն կարողանում մեզ զերծ պահել հավանականություն տալ հարձակումների ազգայնական պատճառաբանությանը, չենք կարող նաեւ բացառել այս հարձակումների դիտարկումը, որպես թուրքական «խորքային պետության» կրոնական փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող նախագիծ, որն ուղղված է կառավարությանը տապալելու համար անհրաժեշտ քաոսային իրավիճակ ստեղծելուն: 

Թուրք հասարակության մի որոշակի շերտ բավական անհանգստացած, Ստամբուլում իրենց բողոքի ձայնն են բարձրացնում «Մի՝ դիպչիր իմ հայ հարեւանին», «Հայ ժողովրդի կողքին ենք», «Ատելությունը՝ Ձե՛զ, մարդկությունը՝ մե՛զ» վերտառությամբ պաստառներով: Այդ ցույցերին մասնակցում են նաեւ թուրք պատգամավորներ,  հասարակական հայտնի գործիչներ, մտավորականներ:

Իհարկե, ինչքան էլ նման միջոցառումները դրական ազդեցություն ունենան հայերի վրա, մարդ դժվար է համոզվում, որ հայը եւ քրիստոնյան Թուրքիայում այլեւս չեն համարվելու  անիծված ու անարժան:

Քաղաքակիրթ եւ հոգեպես առողջ հասարակության մեջ ապրելու համար պետք է զերծ մնանք ընդհանրացումներից եւ մարդուն ընկալել որպես անհատ, նրա մեջ տեսնել անձնական հատկանիշները եւ ոչ թե նրան վերագրել փոքրուց անգիր արված ազգային առանձնահատկությունների կարծրատիպերը: Բայց ցավոք, երկու կողմից տարված հասարակական ջանքերի արդյունքում, կրկին դժվարանում է կոտրել թուրքի նկատմամբ հայի հոգեբանությունում ձեւավորված «թուրքը մնում է թուրք» կարծրատիպը, որի համար հայն այնքան էլ մեղավոր չէ:

Ալին Օզինյանը հետազոտող-լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





«Նոր Հալեպ», թե՞ «Հայրենիք»
Մեր ընտրանին