«Ֆանտաստիկ թուրքը»՝ Երեւանում - Mediamax.am

«Ֆանտաստիկ թուրքը»՝ Երեւանում
8272 դիտում

«Ֆանտաստիկ թուրքը»՝ Երեւանում


Մի քանի օր առաջ Երեւանում էր գտնվում Թուրքիայում հայկական եւ քրդական խնդիրների շուրջ բավականին ակտիվ գործունեություն ծավալող, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն:

Նրան պատկանող «Բելգե» հրատարակչությունը հրատարակել է բազմաթիվ գրքեր` նվիրված Ցեղասպանության ճանաչմանը: Իր իրավապաշտպան գործունեության համար Զարաքոլուն բազմիցս դատապարտվել է: Հատկանշական է, որ Զարաքոլուի ընտանիքը եւս ներգրավված է իրավապաշտպան գործունեությունում, նրա կինը միշտ եղել է իր կողքին, եւ տարիների զրկանքների ու հալածանքների հետեւանքով վաղաժամ հրաժեշտ տվեց կյանքին: Այժմ բանտում է գտնվում նրա որդին: Նույնիսկ այս հարվածները չեն ընկճել հզոր կամքի տեր այս անձնավորությանը: Նա պայքարում է մարդու իրավունքների համար, ոչ թե սեմինարներ ու կոնֆերանսներ կազմակերպելով, այլ բառիս բուն իմաստով եւ դրա համար հատուցել է բանտում անցկացված տարիներով եւ զրկանքներով:

Կարծում եմ չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ իրեն ոչ թե թուրք, այլ Թուրքիայի քաղաքացի կոչող Ռ. Զարաքոլուն հայ հասարակության համար թուրքի «ֆանտաստիկ» կերպար է հանդիսանում: «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից կազմակերպված կոնֆերանսում Զարաքոլուն ասաց, որ նա 1915թ. դեպքերը միանշանակ ընդունում է որպես Ցեղասպանություն եւ մոտ հարյուր տարի այդ փաստի թուրքական պետության կողմից հերքումը եւ չընդունելը բնութագրում է որպես կրկնվող ցեղասպանություն:

Ըստ Ռ. Զարաքոլուի, անհասկանալի է, թե ինչո՞ւ Թուրքիան, ունենալով հայերի նկատմամբ գործած մեղքերի մի մեծ ցանկ, չի գնում այդ հարցերի լուծմանը, այլեւ թողնելով այդ ամենը պատմության մութ անկյուններում, նոր հարված է հասցնում է հայ ազգին Ղարաբաղյան խնդրով: Զարաքոլուն կարծում է, որ Ղարաբաղյան հարց գոյություն չունի, Ղարաբաղյան պետությունը հասկացողություն է եւ իրականություն:

Զարաքոլուն ընդգծեց, որ Ղարաբաղը, որի բնակչության մոտ 90% հայեր էին կազմում, Ադրբեջանի կազմում թողնելը սովետական խորամանկ խաղ էր: Ղարաբաղի հայերը վաղ թե ուշ պետք է օգտագործեին ինքնորոշման իրենց իրավունքը, ինչն անխուսափելի էր: Այսօր Թուրքիան, որը զարմանք է հայտնում Հայաստանի Ղարաբաղյան քաղաքականության վերաբերյալ, մոռանում է որ օգտագործելով Կիպրոսի այն ժամանակ փոքրամասնություն կազմող էթնիկ թուրքերի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, իրեն իրավունք վերապահեց մտնել Կիպրոս, ծավալել ռազմական գործունեություն եւ ստեղծել Հյուսիսային Կիպրոսի թուրքական պետություն:

Թուրքիայի երկերեսանի քաղաքականությունն այսօր վտանգ է սպառնում ամբողջ տարածաշրջանին: Թուրքիան բացասական կարծիք է հայտնում Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման վերաբերյալ, սակայն ամեն օր Անկարայից ու Ստամբուլից մի քանի անգամ չվերթներ են տեղի ունենում դեպի Լեւքոշ` Հյուսիսային Կիպրոսի մայրաքաղաք:

Ըստ Զարաքոլուի, Թուրքիայում ներկայումս իշխող կուսակցությունը սկզբում հույսեր էր ներշնչում իրավապաշտպաններին, քանի որ հեռանալով քեմալիզմի հիմունքներից փորձում էր վարել լիբերալ հայացքների տեր ազատամիտ քաղաքականություն, սակայն այսօր տեսնում ենք կրոնական հիմունքների վրա հիմնված ազգայնականություն, որն առաջնորդվում է նեոօսմանիզմի եւ ինչու չէ`պանթուրքիզմի գաղափարներով:

Ռ. Զարաքոլուն նշեց, որ թուրք մտավորականության մի մասը եւ իրավապաշտպանները  «24 ապրիլի» հետ կապված կարողացան որոշ քայլերի գնալ եւ փոխել հասարակական կարծիքի գոնե մի մասը: Նրանք կարողացան «1915 թիվը» դնել հարցականի տակ եւ վերջին տարիներին «24 ապրիլ» նշել Ստամբուլի եւ այլ քաղաքների կենտրոնական հրապարակներում: Նա ընդգծեց, որ հարկ է համարում նման գործունեություն ծավալել նաեւ Ղարաբաղյան հարցի շուրջ եւ փորձել ծանոթացնել թուրք հասարակությանը ճշմարտության հետ:

Ռ. Զարաքոլուն իր ելույթն ավարտեց մարդկանց հրավիրելով դահլիճից դուրս ցուցադրված գրքերի բաժինը, որտեղ ներկայացված էր մի աշխատություն  Անատոլիայից աքսորված քրիստոնյաների վերաբերյալ: Զարաքոլուն բացատրեց, որ գրքի թարգմանիչը, որը եւս իրավապաշտպան էր, երկու տարի բանտում ծանր պայմաններում գտնվելու հետեւանքով մահացել է: Գրքի վաճառքից ստացված շահույթը նախատեսվում է ուղղել թուրքական բանտերում գտնվող իրավապաշտպաններին օգնության կազմակերպմանը:

Ավաղ, կոնֆերանսին ներկա գտնվող հայ հասարակության ներկայացուցիչները բավարարվեցին Զարաքոլուի հայամետ մոտեցումներով ու հակաթուրքական  մեղադրանքներով եւ անտարբեր շրջանցեցին գրքի սեղանը:

Ալին Օզինյանը հետազոտող-լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





«Նոր Հալեպ», թե՞ «Հայրենիք»
Մեր ընտրանին