Սրանից վեց տարի առաջ, հունվարի 19-ին, սպանվեց Հրանտ Դինքը, խոր վշտի մեջ թողնելով իր փոքրաթիվ կողմնակիցներին, մերձավորներին ու բարեկամներին, սակայն նրա մահն աննախադեպ զանգվածային արձագանք ստացավ, որն ընկալվեց որպես վստահություն առհավատչյա, որ հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը, եւ Հրանտը թուրք ազգի թշնամի չի ընդունվում, ինչպես ներկայացվում էր թուրքական դատարանի կողմից:
Հրանտ Դինքն առավել հայտնի դարձավ մահից հետո: Հիրավի` "Գնա մեռի արի սիրեմ": Նրա մասին սկսեցին հուշեր պատմել մարդիկ, որոնք համարյա չէին ճանաչում Հրանտ Դինքին: Նրանցից շատերն ուղղակի հեռվից ճանաչում էին մարդամոտ ու անմիջական Հրանտին, իսկ դրանցից մի մասը կենդանության ժամանակ անընդհատ հորդորում էր հեռու մնալ վտանգավոր գործերից, որոնք կարող են փորձանք դառնալ նաեւ նրա շրջապատի համար, դրանում տեսնելով նաեւ որոշակի վտանգ սեփական անձի հանդեպ:
Հրանտի մահը եւ աճող ժողովրդականությունը փորձեցին օգտագործել մարդիկ, որոնք ոչ մի առնչություն չունեին ոչ միայն Հրանտ Դինքի, այլեւ նրա գաղափարների հետ:
Այդպիսիններն իրենց անվանում էին "Հ. Դինքի նման մտածողներ", որոնք հանիրավի ենթարկվում են բռնությունների: Հրանտին ներկայացնելով, որպես հակապետական եւ "լայիկ ձախակողմյան" հայացքներով մտավորական, քաղաքական որոշ շրջանակներ Հրանտի պայքարը սկսեցին մեկնաբանել որպես հակակապիտալիստական, ավելին, այժմ Հրանտի անունն օգտագործում են եւ’ աջակողմյանները, եւ’ ձախակողմյանները, եւ’ իրավապաշտպանները, սոցիալիստները եւ կոմունիստները, եւ’ ազգայնականները, այսինքն բոլոր նրանք, ովքեր քաղաքական, հասարակական ակտիվություն են դրսեւորում ամենատարբեր բնագավառներում:
Սակայն առավել շատ էին նրանք, ովքեր հանդես եկան "Հրանտի ընկերներ" կարգախոսով, ովքեր գուցե չէին էլ լսել Հրանտ Դինքի անունը, սակայն նրա մահը պայքարի հանեց հարյուրավորների ու հազարավորների: Անցավ Հրանտ Դինքի սպանությունից հետո ծայր առած դիմադրողական պաթոսը, սակայն համակիրների մի մեծ խումբ շարունակում է պայքարը նաեւ այսօր:
Լինելով շատ անմիջական, ձգտելով իր մտքերը հասկանալի դարձնել հասարակության ամենալայն շրջանակներին, զերծ մնալով տարածված կարծրատիպերից եւ կեղծ գիտականությունից Հ. Դինքը կարողացավ իր գաղափարները հասցնել ունկնդիրներին եւ հանդես գալ, նաեւ ընկալվել որպես ցավեր ու խնդիրներ ունեցող եւ դրանք կիսող մարդ:
Հրանտ Դինքն առաջին անգամ փորձեց Թուրքիայում բացատրել Սփյուռքահայի ատելությունն այդ երկրի նկատմամբ, իսկ Սփյուռքին փորձեց ներկայացնել Թուրքիայում տեղի ունեցող փոփոխությունները, կոչ անելով օգնել առաջընթացին, դրանում տեսնելով նաեւ մեր խնդիրների լուծումը:
Հ. Դինքը առաջին Թուրքիայի քաղաքացին էր, որը Երեւանում մասնակցում էր Ցեղասպանության տարելիցներին, հանդիպումներ էր ունենում ամենալայն շրջանակներում, ներկայացնելով Թուրքիայում տեղի ունեցող փոփոխությունները:
Նրա ակտիվությունը Թուրքիայում, Սփյուռքում եւ Հայաստանում Ցեղասպանության ճանաչման եւ Հայաստանի ու Թուրքիայի կողմից փոխընբռնման հասնելու ուղղությամբ, քչերի կողմից էր ճիշտ ընկալվում: Մեծամասնությունը նրան վերաբերվում էր որոշակի կասկածանքով, իսկ նրա քաջությունը եւ հետեւողականությունը բացատրվում էր "հատուկ ծառայություններին" նրա առնչությամբ: Հայաստանում նրա շփումների ընդլայնման ցանկությունը որոշ շրջանակների կողմից մերժվում էր հենց այս նկատառումներով, սակայն ներկայումս նույն մարդիկ հաճույքով հուշեր են պատմում Հրանտի հետ չկայացած հանդիպումների մասին:
Հ. Դինքը փորձում էր փոխել թուրքական կարծրատիպերը հայերի եւ Ցեղասպանության մասին, սակայն միայն նրա մահից հետո այդ կարծրատիպերը սկսեցին աստիճանաբար տեղիք տալ թուրք մտավորականների ու հասարակական գործիչների գիտակցության մեջ:
Կարծրատիպերի փոփոխություններով է պայմանավորված վերափոխումների հաջողությունը Թուրքիայում, սակայն իրական զարգացումները վկայում են, որ այդ հաջողությունը դեռեւս հեռավոր ապագայում է: Չնայած որոշակի առաջընթացին, շարունակվում են խտրականությունն ու բռնությունները, բայց ավելի ու ավելի հզոր ձայներ են հնչում դրանց դեմ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: