Որ մեր գյուղացիները ծանոթ չեն լինի 4G ցանցին, բարձր տեխնոլոգիաներին եւ Հայաստանի տարբեր մարզերը համաշխարհային կենտրոններ սարքելու գաղափարներին զարմանալի չէ, բայց որ մեր վարչապետը կով կթելու տեխնոլոգիաները այն աստիճան յուրացրած կլինի, որ գյուղացիներին դասեր կտա, մի փոքր անսպասելի էր: Հնդկական չափանիշներով այս սուրբ կենդանու նկատմամբ յուրահատուկ վերաբերմունքը սկսել է դեռեւս Հրանտ Բագրատյանի էգ կովերից: Լսելով մեր վարչապետի խորհուրդները կովերին ճիշտ կթելու մասին՝ մի պահ պատկերացրի, թե ինչպիսի բանավեճ կարող էր ծավալվել քաղաքական ուժերի միջեւ «ճիշտ կթողի» դափնիներին արժանանալու համար:
Տիգրան Սարգսյան - Կովը կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլյա գցել, կովի կուրծքը ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել:
Հրանտ Բագրատյան - Լրիվ դամբուլություն: Սա պլագիատ ա իմ «100 քայլ էգ կովերին կթելու համար» ծրագրից: Կարդացե՛ք, հո հետս չեմ տանելու: Ինչքան կարող եմ սովորացնել:
Գալուստ Սահակյան - Կովը կթելու տեսակի դասական սկեպտիցիզմը ընկած է մառլյայի եւ փափուկ սրբիչի գործառույթների արժեւորման համապարփակ եւ զուգահեռ տիրույթում: Այնպես որ, պարո՛ն Բագրատյան, մենք Ձեզ հարգում ենք, բայց օգնել չենք կարող:
Լեւոն Զուրաբյան - Լեւոն Տեր-Պետրոսյանը իր վերջին ելույթում փայլուն ձեւով մերկացրեց, թե իշխանությունները ոնց են կթում: Բայց քանի որ կայունության ու Ղարաբաղի հարց կա, մենք որոշակի դրական միտումներ ենք տեսնում կովերի նկատմամբ եւ չենք շտապում, եւ եթե սա գործարք է, միայն կաթի յուղայնությունը բարձրացնելու համար: Հավատացե՛ք՝ ոչ մեկը չի կարող մեզ նման կթել:
ՀԱԿ-ի «Վաղը, վաղը» շարժման ակտիվիստներ - Կթել, կթել մինչեւ վերջ:
Շարմազանով - միանգամից ասեմ, թող Ալիեւը, Էրդողանը, Գյուլը ու Քադդաֆին հույս չունենան, թե մեզ մոտ կթելը չի ստացվի: Սերժ Սարգսյանի իմաստուն ղեկավարման շնորհիվ...
Լեւոն Զուրաբյան - Բայց ի՞նչ կապ ունեն Ալիեւն ու Էրդողանը:
Շարմազանով - Հերի՛ք ա թուրքերի պաշտպանեք ու պատռեք ձեր դեմքը:
Ահարոն Ադիբեկյան - Մեր հարցման արդյունքներով՝ ժողովրդի 75 տոկոսը կաթը ցանկանում է խմել իշխանությունների ձեռքից, 22-ը չի կողմնորոշվել, իսկ 3-ը՝ ՀԱԿ-ի:
Ստյոպա Սաֆարյան - Բա՞ Րաֆֆին:
Հեղինե Բիշարյան - Բա՞ Արթուրը:
Տիգրան Կարապետիչ - Բա ՞ես:
Արթուր Բաղդասարյան - Ուրեմն տեղեկացնեմ, որ Անվտանգության խորհրդի նիստում մշակվել է հատուկ հայեցակարգ՝ «Ինչպես էֆեկտիվ եւ անվտանգ կթել» ձեւակերպմամբ: Հաշվի է առնված ՕԵԿ-ի մեծ փորձն այս հարցում:
Հեղինե Բիշարյան - Արթուր Վահանիչ չմոռանաք ասել, որ մեր շարքերն օրեցօր համալրվում են նոր որակյալ կթվորներով:
Հրանուշ Հակոբյան - Ես էլ տեղեկացնեմ, որ մենք արդեն սկսել ենք «Արի՛ տուն կթվելու» ծրագիրը, սփյուռքահայերի բոլոր կովերը պետք է բերենք Հայաստան՝ Մասիսի լանջին արածելու:
Խաչիկ Ասրյան - Ոչ մի լեւոնապիղծ թրքաբարո տականք չի կարող արծվանիստ Նժդեհականների ժայռակերտ պայքարը շեղել ազգային կովերի հայաբարո կաթից: Վերջ տվե՛ք յոթ մոր ծծած կաթի ձեր ջհուդամասսոնական պայքարին: Կեցցե՜ նախագահը:
Տիգրան Դավթյան - Պետք է ասեմ նաեւ, որ հայկական կաթը որպեսզի աշխարհում շատ արագ մրցունակ դառնա, մշակվել է Եվրատեսիլում Էմմիի կողմից հայկական կաթի մասին երգ երգելու հայեցակարգ:
Կարապետիչ - Ժողովուրդը մի կով էր կթում, հիմա իշխանավորը ուզում ա էտ կովի կաշին ու ոսկորը տանի: Ի՜նչ մառլյա, ի՜նչ փափուկ սրբիչ: Ժողովուրդը թաշկինակ չունի: Ես բոլորիդ կարմիր քարտ եմ ցույց տալիս, որովհետեւ կարմիր կովը կաշին չի փոխում:
«Իշխանավոր դո՛ւրս արի,
Քեզ տամ կաթ ու մածուն սարի»:
Դեռ անտիպ ա:
Վարդան Օսկանյան -Կոչ եմ անում իշխանությանը կաթի շուկան բացել, մառլյայի մենաշնորհը վերացնել, սրբիչները դարակներից հանել ու բաժանել ժողովրդին: Օրինակ ես նախարար եղած ժամանակ երբեք կաթ չեմ խմել, մենակ ջուր: Կոչ եմ անում նախագահին գնալ Րաֆֆու մոտ եւ նրա հետ համատեղ կաթ խմել:
Րաֆֆի Հովհաննիսյան - Ստյո՛պ, մի հատ ճշտի, թե Մանդակունին ինչ է ասում ծոմի ժամանակ կաթ խմելու մասին:
Պետրոս Ղազարյանը «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբանն է
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: