Նելի Կրուսի կրուիզը Բաքու` առաքելությունն անհնարին է - Mediamax.am

Նելի Կրուսի կրուիզը Բաքու` առաքելությունն անհնարին է
7838 դիտում

Նելի Կրուսի կրուիզը Բաքու` առաքելությունն անհնարին է


Նոյեմբերի 6-9 Բաքվում անց էր կացվում ամենախոշոր ինտերնետ-հավաքներից մեկը` Ինտերնետի ղեկավարման համաժողովը (Internet Governance Forum - IGF): IGF-ում ամեն տարի հավաքվում են նրանք, ովքեր ղեկավարում են ինտերնետը, նրանք, ովքեր հետեւում են նրանց, ովքեր ղեկավարում են ինտերնետը եւ այլ պատասխանատու մարդիկ: Այս անգամ այնպես ստացվեց, որ համաժողովի անցկացման հայտ ներկայացրել էր միայն Ադրբեջանը: Հետեւաբար, հայերը չգնացին Բաքու, սակայն այնտեղ այցելեցին շատ տարբեր մարդիկ, որոնք զբաղվում են խոսքի եւ արտահայտության ազատության հարցերով: Եվ հերթական անգամ Ադրբեջանը հայտնվեց միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: 

Բնականաբար, նման խոշոր միջոցառումների անցկացումից պաշտոնական Բաքուն փորձում է առավելագույն քաղել եւ ներկայանալ որպես հարուստ, գեղեցիկ եւ այլն: Սակայն դա նաեւ հակառակ կողմն ունի: Բաքու այցելում են բազմաթիվ լրագրողներ, որոնք հակառակ դեպքում քիչ քանակությամբ կլինեին, վերահսկողության տակ կլինեին եւ շատ ելույթներ չէին ունենա: Իսկ այստեղ նրանց թվաքանակը շատ էր եւ նրանք սկսեցին անհարմար հարցեր տալ: Օրինակ, բրիտանական «Տելեգրաֆը» ուղից հարց տվեց. «Ինչո՞ւ է ինտերնետի ազատության մասին նման կարեւոր համաժողովը անցկացվում բռնապետությունում»:

Բաքվում հայտնվեցին նաեւ եվրոպաշտոնյաներ: Նրանք Ադրբեջանում հաճախ են լինում, սակայն այս անգամ, ընդհանուր աղմուկի ֆոնին, նրանց հանդեպ հետարքրքությունը սովորականից մեծ էր: Եվ, ընդհանուր առմամբ, տեղի ունեցողը կրկես կամ կաբարե էր հիշեցնում` նայած, որ կողմից նայել: Մեկ օրինակ բերեմ: 

Եվրոպական հանձնաժողովի էլեկտրոնային հարցերով փոխնախագահ Նելի Կրուսը (Neelie Kroes) ժամանել էր Բաքու, հանդիպել էր Իլհամ Ալիեւի հետ, որը խոստացել էր հանդիպում կազմակերպել քաղբանտարկյալների հետ: Դրանից հետո Կրուսը ստիպված եղավ սպասել բանտային հոսպիտալի դարպասների մոտ եւ ապա մերժում ստանալ նախագահի գրասենյակի ղեկավարության կողմից: Այս ամենը դրամատիկ կերպով ներկայացվել էր Կրուսի Թվիթերի էջում (ի դեպ, բավականին հետաքրքիր է վարում իր էջը` արժե կարդալ):



Եվ հանկարծ պարզվում է, որ տիկին Կրուսն իրեն պարզապես վատ է պահում: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, մեղմ ասած, խճճված հայտարարությամբ է հանդես գալիս.

«Ճիշտն ասած, ես նրա մասին քիչ եմ տեղեկացված: Գիտեմ, որ դա իր առաջին այցն էր Ադրբեջան եւ նա ընդհանրապես տեղեկացված չէ մեր երկրի մասին: Եթե դա այդպես չլիներ, ապա նա չեր հարցնի իրեն ուղեկցող ադրբեջանցի ներկայացուցչից, թե ինչո՞ւ է Նախիջեւանը մեկուսացված Ադրբեջանից: Բայց ոչինչ, անտեղյակությունը մեծ մեղք չէ: Կարելի է դրա վրա ուշադրություն չդարձնել»:

Ապա Մամեդովը երկար գովաբանում էր Ադրբեջանը եւ վերջում եզրափակեց. «Եթե տիկին Նելի Կրուսը գոնե մի քիչ հետաքրքրվեր, ապա կփոշմաներ իր ասածի համար»:

Սակայն ամեն ինչ սրանով չավարտվեց, այլ ավելի հետաքրքիր դարձավ: Ինչ-որ մեկը հյուրանոցում ներթափանցեց Նելի Կրուսի մամուլի խոսնակ Ռայան Հիթի (Ryan Heath) MacBook-ը: Իր թվիթերի էջում նա գրել էր. «Շատ հետաքրքիր է, թե ո՞վ կարող էր դա անել» եւ #Azerbaijan հեշթեգն էր դրել: Հարցն, իհարկե, հետաքրքիր է, սակայն ավելի հետաքրքիր է, թե ի՞նչ կլինի հետո, քանի որ համակարգիչը ուղարկվել է փորձաքննության:



Սամվել Մարտիրոսյանը մեդիա-փորձագետ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին