Հակաուտոպիա ձեր սեղանին` այստեղ եւ հիմա - Mediamax.am

Հակաուտոպիա ձեր սեղանին` այստեղ եւ հիմա
9330 դիտում

Հակաուտոպիա ձեր սեղանին` այստեղ եւ հիմա


Կան շատ ֆիլմեր, որոնք նկարագրում են աշխարհը ոչ հեռու ապագայում: Սովորաբար ապագան ընդունված է պատկերել բավականին տհաճ կերպով, մեղմ ասած`նողկալի: Եթե 50 տարի առաջ ֆանտաստիկան ապագայի աշխարհը բավականին հաճելի, լավատեսությամբ եւ ընկերական հարաբերություններով լի էր ներկայացնում, ապա այսօր մարդը բավականին մռայլ արարած է դարձել, որն աշխարհից ոչ մի լավ բան չի սպասում (իհարկե, եթե հաշվի չառնենք որոշ կրոնական ուսմունքների ներկայացուցիչներին, որոնք մոտակա մի քանի տարիների ընթացքում սպասում են ուրախ եւ զվարթ աշխարհի վերջին):

Կա մի այսպիսի ռեժիսորական հնարք` ցույց տալ, որ աշխարհում ամեն ինչ վատ է: Սկզբում ցույց են տալիս գլխավոր հերոսին. նա նստած է մի մութ սենյակում, որը լուսավորվում է միայն գովազդային վահանակների եւ հեռուստացույցի լույսով: Իսկ հեռուստացույցով հաղորդավարը բավականին հանգիստ ձայնով ապշեցուցիչ լուրեր է հայտնում, ինչպես օրինակ. “Մոլդովական արքայությունում անջատողականները պայթեցրել են մարդատար գնացքով կամուրջը: Սիբիրական ֆեդերացիան պատերազմ է հայտարարել Սիկոկույին եւ Կյուսուին: Արգենտինայում նարկոբարոնները միջուկային ռումբ են պայթեցրել»: Եվ այլն:

Այնուհետեւ գլխավոր հերոսը հագնում է իր բաճկոնը, գլխին քաշում է կապյուշոնը եւ դուրս է գնում: Եվ այդ պահին ռեժիսորը տեղում ցույց է տալիս, թե որքան է բարոյալքվել հասարակությունը: Սովորաբար ցույց են տալիս կրոնական մարգարեներին, որոնք հրապարակում գոռում են մոտեցող աշխարհի վերջի մասին, անհայտ սեռի մարմնավաճառներին եւ այլն:

Վերջերս Հայաստանից հեռու մի համաժողովի էի ներկա` մի բավականին ձանձրալի պահ եկավ, երբ լսելու առանձնապես բան չկար եւ ես խորացա Facebook-ի հայկական հատվածի մեջ: Բացակայությանս ընթացքում մի փոքր հետ էի սովորել հայ իրականությունից ու ապշեցի: Հասկացա, որ իմ զգացողությունները գրեթե նույնն են, ինչպիսին առաջանում են հակաուտոպիայի հետ առեռեսվելուց հետո: «Ֆրենդերիս» ողջ տեղեկատվական հոսքը միայն բացասական նյութեր էր պարունակում` սպանություններ, պայթյուններ, պատահարներ: Այս ամենն զուգորդվում էր ընդհանուր նվնվոցով այն մասին, որ կյանքը պարզապես անտանելի է դարձել:

Հինգ րոպե ուշադիր կարդալուց հետո, սկսեցի հասկանալ, որ սարսափելի ապագայի մասին վախերն արդեն իրագործվել են: Այնուհետեւ նայեցի էկրանի աջ մասին, որտեղ ցուցադրվում է հայերի կողմից Ֆեյսբուքում դրված գովազդը: Այստեղ իսկապես լրջացա, քանի որ ես ինձ իրոք ֆիլմում զգացի: Ապա` խելքի եկա եւ արագ հավաքեցի աչքիս առաջ հայտնված բոլոր գովազդները:



Սիրելի ընթերցողներ, գնահատեք այն, ինչ դուք տեսնում եք ամեն օր, եւ ինչը ստեղծում է այն մթնոլորտը, որում դուք եփվում եք: Այս ամենը հավաքվել է մի քանի ժամվա ընթացքում: Եվ սրանք ընդամենը օրինակներ են: Պարզվում է, որ ապագան արդեն եկել է եւ այն անհետաքրքիր է:

Սամվել Մարտիրոսյանը մեդիա-փորձագետ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին