Կյանքիս ամենապայծառ առավոտն էր, երբ նորածին աղջկաս գրկած պառկած էի երեւանյան ծննդատներից մեկի հիվանդասենյակում: Փորձում էինք որոշել մի օրական դստրիկիս քիթն ու՞մ է նման, ամուսնո՞ւս թե` ինձ: Այդ վճռական պահին հիվանդասենյակ մտավ մի ակնոցավոր տիկին, որն ինձ հիշեցրեց տարիներ առաջվա ԵՊՀ դեկանատների որոշ ռուսախոս քաղքենի աշխատակիցներին: Իսկ երբ սկսեց խոսել, նմանվեց Զվարթնոց օդանավակայանի անձնագրային ոստիկանության աշխատակիցներին:
Նայեց ինձ ու ամուսնուս հատիկ հատիկ, մի փոքր բարձրաձայն վանկարկեց. «Բարեւ, հայերեն հասկանում ե՞ք»: Չկարողանալով հիմնավորել տիկնոջ այն ռեֆլեքսը, որ սովորաբար նման ձեւով խոսում են խուլերի հետ, պատրաստակամորեն միաձայն պատասխանեցինք` իհարկե: Մի փոքր զարմանալով իր համար անսպասելի պատասխանից, նա շարունակեց, ի՞նչ ենք գրելու Ձեր ազգության դիմաց: Ամուսինս հայաստանցի է եւ չորրորդ սերնդի երեւանցու հանգստությամբ պատասխանեց. հայ, իսկ ես Հայաստանում երկար տարիներ ապրած, բայց դեռ «չբուժված» սփյուռքահայի հոգեբանությամբ, վրդովված հարցրի. Ճապոնացո՞ւ ենք նման, մտածելով, որ այդ հարցը հատուկ է ինձ ուղղվում քանի որ ես «դրսի մարդ» եմ: Տիկինը վստահաբար լսելով, որ մի արտասահմանցի է ծննդաբերել հիվանդանոցում, իր համար չէր կարողացել որոշել մեզնից ով է օտարը, քանի որ ամուսնուս հայաստանցուն ոչ բնորոշ մորուքը հաճախ նրա ազգությունը հարցականի տակ է դնում:
Հիվանդանոցի աշխատակցուհին, զգալով իմ վիրավորվածությունը, բարեհոգաբար եւ մի փոքր ներողություն հայցելով, նախ ինձ շնորհավորեց դստրիկիս ծննդյան կապակցությամբ, այնուհետեւ մաքուր հայերեն, այսինքն` արեւելահայերեն, խոսելուս համար, նշելով, որ հիվանդանոցի շատ բժիշկներ իմ չափ հայերեն չեն խոսում եւ նույնիսկ հիվանդանոցային փաստաթղթերը լրացնում են ռուսերեն: Իմ այն հարցին` ինչի՞ հիման վրա են լրացնում ազգության հարցը, դժվարացավ կոնկրետ պատասխան տալ, ի վերջո հայտնելով, որ առաջնորդվում են ծնողների հայեցողությամբ: Այդ պատասխանից եզրակացրի, որ երկար ժամեր ծննդյան ցավեր տարած կամ վիրահատությունից հետո թմրադեղի ազդեցության տակ գտնվող մայրը հնարավոր է հայտարարի իր ազգությունը պապուաս, կամ պոլինեզիացի եւ դա կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի ապագա քաղաքացու ազգությունը որոշելու համար:
Ինչքան էլ ծիծաղելի կարող է թվալ վերոհիշյալը, իմ նորաստեղծ մայրական խիղճը հանգստացավ, որ երեխայիս փաստաթղթում չէր գրվելու. ազգությունը` գծիկ: Ցավով հիշում եմ, երբ ՀՀ Արդարադատության նախարարությունում դիմում կատարեցինք ամուսնության գրանցման համար, ինձ մանրամասն քննելուց հետո, զգոն աշխատակցուհին, չգոհանալով իմ ամուսնացած չլինելու մասին ապոստիլով վավերացված տեղեկանքի առկայությամբ, հայտնաբերելով ԱՄՆ մուտքի բազմամյա թույլտվությունն իմ անձնագրում, պահանջեց ամուսնացած չլինելու մասին տեղեկանք բերել նաեւ ամերիկյան դեսպանատնից: Ամուսնուս օգնությամբ հաղթահարելով այդ արգելքները, մենք սահմանված մի ամիս հետո վերջապես ստացանք մեր ամուսնության վկայականը եւ դուրս եկանք ՀՀ ՔԿԱԳ ամուսնության պալատից: Երբ երկուսով զմայլվում էինք մեր վկայականով, ցավով հայտնաբերեցինք, որ մեր ամուսնությունը կայացած է ազգությամբ հայ եւ ազգությունը` գծիկ մարդկանց միջեւ: Ի պատասխան մեր վրդովմունքի, ինչպես մեզ բացատրեց ՔԱԳԿ բարեհամբույր աշխատակցուհին, ինքը մանրամասն ծանոթանալով իմ «ժողովրդավարական հիմունքների վրա հիմնված երկրի» անձնագրին, այնտեղ չի հայտնաբերել իմ ազգության մասին որեւէ նշում եւ անձամբ լիովին հավատալով իմ հայ լինելու մասին պնդումներին եւ նույնիսկ սրտանց ցանկանալով համապատասխան նշում կատարել ամուսնության վկայականում, ստիպված է ազգության դիմաց գծիկ դնել, քանի որ դա է պահանջում ՀՀ Օրենքը:
Ես` ազգությամբ գծիկս, չափազանց ծանր տանելով այդ հանգամանքը, հիմա շատ եմ ուրախանում, որ դստրիկս բախտ ունեցավ չկիսել իմ ճակատագիրը եւ արդեն «մաքուր» հայ է նաեւ փաստաթղթով` ծննդյան վկայականի համաձայն:
Այսօր հայերս եւ Հայաստանի Հանրապետությունը կանգնած ենք ազգային ինքնության ճանաչման բարդ խնդրի հրամայականի առաջ: Մենք ականատես ենք սփյուռքահայերի ինչպես նաեւ նախկին հայաստանցիների (մասնավորապես նրանց` ովքեր 1990-ականներին մեկնելով Հայաստանից եւ ներկայանալով, որպես հույն կամ հրեա կարողացել են ստանալ տարբեր երկրների քաղաքացիություն) երկդիմիությանն արտասահմանում, ըստ անհրաժեշտության, ներկայանալով հայ կամ ֆրանսիացի, ամերիկացի, ռուսաստանցի, հայրենիք կոչելով Հայաստանն ըստ տարվա եղանակների` «վաքանսի ատենը» (արձակուրդի ժամանակ): Նույն կերպ եւ ՀՀ պետական զանազան կառույցները ցանկացած ժամանակ տարբեր մոտեցումներ են ցուցաբերում հայության ճանաչման դեպքերին: Երբեմն բավարարում է ազգանունը, երբեմն մկրտության թուղթը, երբեմն հայկական ազգային վարժարանի ատեստատը, երբեմն էլ միայն իր իսկ հայտարարությունը:
Միեւնույն ժամանակ, պետության հովանավորությունը վայելող գիտահետազոտական կենտրոններն ու առանձին գիտնականներ այսօր շատ հանգիստ կարողանում են պնդել, որ Թուրքիայի արեւելքում կան առնվազն մի քանի միլիոն հայեր, բոլոր համշենցիները հայ են, քրդական ազատագրական շարժման ղեկավարության եւ մարտիկների հիմնական մասը հայ են, հայ են նույնիսկ նրանք, ովքեր չեն գիտակցում, որ իրենք հայ են:
Իրենց տատի հայ լինելը բարձրաձայնելուց հետո իրենց հայ չհամարող մարդկանց հայության շարքին դասելու եւ հայերի թվաքանակը բարձրացնելու անհասկանալի ցանկության առկայության պարագայում, փորձ էլ չի արվում ազգությամբ հայ ճանաչել այն մարդուն, որը պատրաստ է իր հայությունը հաստատելու համար տարբեր աղբյուրներ ու ապացույցներ ներկայացնել:
Ի վերջո, խոսելով Թուրքիայում ներկայումս բնակվող, իբր, միլիոնների հասնող ծպտյալ հայերի մասին, անուղղակի կասկածանք ենք հարուցում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: Դրանով կարծես տրվում է այն հարցի պատասխանը, թե ուր՞ են Արեւմտյան Հայաստանում բնակվող հայերը: «Պարզվում է», որ նրանք չեն անհետացել, չեն բռնագաղթվել ու ոչնչացվել, այլ շատ հանգիստ շարունակվում են բնակվել Թուրքիայում, ընդամենը «ծպտվել են» փոխելով իրենց կրոնը եւ այժմ էլ ձգտում են, կամ չեն ձգտում, քրիստոնեություն ընդունել եւ վերադառնալ իրենց արմատներին: Չի բացառվում, որ թուրքական պաշտոնական շրջանակներն առաջիկայում սկսեն խնդիրը մեկնաբանել նաեւ այդ տեսանկյունից:
Մի կողմ թողնելով «սփյուռքահայիս» վրդովվածությունը, հաշվի չառնելով սահմանագծին մարդասիրական օգնություն խնդրող հայազգի ամուսին ունեցող կնոջ աղերսանքը, գոնե զգույշ լինենք եւ հայկական ինքնության որոշման մեր կամայական մոտեցումներով կասկածի տակ չդնենք ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիր հանդիսացող Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը:
Ալին Օզինյանը հետազոտող-լրագրող է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: