Սիրիայի պատերազմով սնվող հայկական երազներ - Mediamax.am

Սիրիայի պատերազմով սնվող հայկական երազներ
13362 դիտում

Սիրիայի պատերազմով սնվող հայկական երազներ


Այս օրերին հայաստանյան լրատվամիջոցների սուղ դաշտի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ սիրիահայերի Հայաստան հնարավոր վերադարձի խնդիրը: Մի փոքր վերապահությամբ կարելի է հավաստիացնել, որ միայն ամենածույլ ու անտարբեր լրագրողներն են, որ հարկ չեն համարել անդրադառնալ այդ հարցին եւ ներկայացնել խնդրի լուծման սեփական հեռանկարները: Այդ մասին արտահայտվել են նաեւ բազմաթիվ նորահայտ «արաբագետներ», որոնք գրավելով եթերամիջոցներն ու լրատվական դաշտը, փութացին տերմինաբանական հարուստ ու հիմնականում անհասկանալի բառապաշարով գուժել Սիրիային սպասվող արհավիրքների ու դրանց հայաստանյան արձագանքի վտանգավորության մասին:

Այս առումով անհասկանալի է, որ հայաստանյան լրատվական գործակալություններն ու մամուլը չունենալով թղթակցային կետ կամ թղթակիցներ Սիրիայում, հանդես են գալիս հիմնականում միանշանակ ու անվերապահ դիրքերից, դրանով «թյուրիմացության մեջ գցելով» նաեւ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներին: Ցավոք, հայաստանյան լրատվության համար տեղեկատվության հիմնական աղբյուր է հանդիսանում Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը, ուր լրագրողները շտապում են դիմավորել Հալեպից կամ Դամասկոսից Հայաստան վերադարձող սիրիահայերին, որոնց թվում շատ են նաեւ ՀՀ քաղաքացիները: Հարցերին պատասխանող «սիրիացիների» հմուտ արեւելահայերեն խոսքն էլ չի հուշում լրագրողներին, որ նրանք ոչ թե սիրիահայ համայնքի ներկայացուցիչներ են, այլ Սիրիայում աշխատող կամ սիրիահայի հետ ամուսնացած նախկին հայաստանցիներ: Կամ էլ, հիմնականում օտար լեզուներ չիմացող, այդ թվում նաեւ արեւմտահայերենից «գլուխ չհանող», հայ լրագրողների համար ավելի հեշտ է կարծիք ստանալ առանց «թարգմանության» հավելյալ ջանքերի: Այս օրերին ընդունված է նաեւ հոդվածներ պատրաստել արդեն Երեւանում գտնվող սիրիահայերի հետ սրճարաններում պատահական զրույցներից, որտեղ սիրիահայերն Հալեպի կամ Սիրիայի իրադրության մասին հավաստիացումներ են տալիս իրենց քեռիներից, մորաքույր-հորաքույրերից ստացված «ճշգրիտ, ու վերջնական ճշմարտության» հավակնող տեղեկությունների հիման վրա: Այնինչ սիրիահայերից շատերն այս պահին Երեւանում են անցկացնում իրենց ամառային արձակուրդը, որի ընթացքում անկասկած շատ հաճելի եւ անսպասելի անակնկալ է դառնում լրագրողների ուշադրությունը եւ պատերազմական թղթակցի դերում հանդես գալու եւ Հայաստանի կառավարությունից բողոքելու ու «կարեւորագույն խորհուրդներ» տալու հնարավորությունը: Կան նաեւ «հնարամիտ» հեղինակներ, որ իրենց մտքերը եւ ցանկությունները հաղորդում են «ներկայանալ չցանկացող սիրիահայ համայնքի ղեկավարների» անունից:

Նման տեղեկատվական քաոսի առկայությունը հնարավորություն է տալիս արտասահմանյան լրատվամիջոցներին, հատկապես թուրքական եւ ադրբեջանական մամուլին, մեջբերումներ անելով հայկական աղբյուրներից, աղավաղել իրականությունը եւ իրադարձությունները յուրովի մեկնաբանել հայ-թուրքական հարաբերությունների զարգացման շրջանակներում: 

Իրականում Սիրիայի հայությունը զանգվածային ու միաժամանակյա արտագաղթի չի պատրաստվում: Մինչ օրս Հայաստանի քաղաքացիություն է ստացել 3300 սիրիահայ (իհարկե սա ամենեւին էլ չի նշանակում, որ նրանք պատրաստվում են մշտապես բնակվել Հայաստանում): Վերջին երեսուն տարվա ընթացքում սիրիահայության զգալի մասն արդեն տեղափոխվել է ԱՄՆ, Կանադա եւ եվրոպական այլ երկրներ կամ ստացել է այլ երկրների քաղաքացիություն, որպես ապահովության լրացուցիչ միջոց: Այսօր հայկական, իսկ այնտեղից արված մեջբերումներով նաեւ թուրքական մամուլում քննարկվող Սիրիայից Հայաստան տեղափոխվելիք հայկական կապիտալը վաղուց արդեն տեղակայված է արեւմտյան հեղինակավոր բանկերում: Այսօր Սիրիայից Հայաստանում ապաստանելու մասին ընդամենը վաթսուն դիմումները սիրիահայ ամենաանապահով խավի ներկայացուցիչներինն են: Սակայն նույնիսկ նրանք Հայաստանում ժամանակավոր կացարան գտնելու համար են դիմել: Մինչեւ օրս սիրիահայերը հանգստի, առեւտրի եւ «մատչելի» հարս որոնելու նպատակով են այցելում Հայաստան: Իհարկե, կան նաեւ առանձին բացառություններ: Մեծ դժբախտություն է Հայրենիք վերադառնալու մասին մտածել այն ժամանակ, երբ քո գտնված երկրում ծագում է պատերազմ եւ առաջանում է կյանքի սպառնալիք, իսկ շատ ավելի տխուր է այդ իրավիճակից դուրս գալու համար Հայաստանն ընտրել որպես տարանցիկ երկիր:  

Շատ տարօրինակ եւ միաժամանակ հաճելի է թուրքական մամուլում կարդալ սփյուռքահայերի եւ նրանց խոշոր կապիտալները Հայաստան եւ Ղարաբաղ զանգվածային տեղափոխության մասին լուրեր, եւ մի պահ հավատալ Հայաստանի կողմից, իբր, իրականացվող Սփյուռքի քաղաքականության «հաջողությանը»: Այս առումով, ժամանակ առ ժամանակ ազգայնական զգացումները սնուցելու համար ցանկալի է մանրամասն հետեւել թուրքական մամուլի Սփյուռքի եւ Հայաստանի վերաբերյալ անդրադարձներին եւ «տեսնել» ինչքան հայրենասեր է հայկական Սփյուռքը եւ ինչքան հետեւողական է Հայաստանի Սփյուռքի քաղաքականությունը: Սակայն հայկական իրականությունը, ցավոք, այդքան էլ չի համապատասխանում թուրք լրագրողների երեւակայությանը: Այսօր ապաքաղաքականացված սիրիահայ համայնքը Սիրիայից հետո իր հաջորդ կանգառի տեղը նախապես որոշել է եւ այդ որոշումը Հայաստանի օգտին չէ, ինչպես ամերիկահայ «բարերարները» սեղանի շուրջ երազում են իրենց Վանի, Խարբերդի, Մուշի պապական տունը, սակայն նույնիսկ իրենց արձակուրդների համար չեն ընտրում Հայաստանը: Այս ռոմանտիկ եւ «հեռակա» հայրենասիրության պայմաններում սիրիահայերին Ղարաբաղում բնակեցնելու տեսլականը, ցավոք, երազ է...

Ալին Օզինյանը հետազոտող-լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





«Նոր Հալեպ», թե՞ «Հայրենիք»
Մեր ընտրանին