Ունե՞նք արդյոք փոխադարձաբար շահավետ հարաբերությունների մշակույթ - Mediamax.am

Ունե՞նք արդյոք փոխադարձաբար շահավետ հարաբերությունների մշակույթ
3622 դիտում

Ունե՞նք արդյոք փոխադարձաբար շահավետ հարաբերությունների մշակույթ


 

Տնտեսական եւ սոցիալական առաջընթացը պահանջում է պատասխանատվություն, տեսլական, կարգապահություն, համագործակցություն եւ, ամենակարեւորը, փոխադարձ շահերի ըմբռնում եւ գործակցության ձեւավորում հանուն զարգացման: Հայաստանի երիտասարդությունն ունի հստակ, առանձնահատուկ եւ ուժեղ անհատականություններ, որոնց գործունեությունը վերջին տասնամյակի ընթացքում պարզորոշ կերպով ուրվագծվել է պատմության էջերում եւ ապացուցել այս տեսակի արժանիքները պատերազմի, անհանգստությունների եւ սոցիալական անկարգությունների ժամանակ: Այժմ ժամանակն է նոր տեսլականի, որի շուրջ պիտի համախմբվեն մեր երկրի տարբեր մարզերի երիտասարդները` գիտակցելով, որ իրենց նմանությունները եւ ընդհանուր շահերը շատ ավելի էական են, քան տարբերությունները, եւ որ համագործակցելով համընդհանուր մի շրջանակի ներսում` բոլորն էլ կարող են շահել` այսպիսով կերտելով երիտասարդ առաջնորդների մի նոր միջավայր, որտեղ նրանք ձգտում են Հայաստանում անվտանգության եւ խաղաղության հաստատմանը: Ավելին, եթե երիտասարդ առաջնորդները կիսում են ընդհանուր մի տեսլական, ապա ինչպես նմանությունները, այնպես էլ տարբերությունները կօգտագործվեն հօգուտ համախմբման եւ հանուն փոփոխության:

Հանրային ինստիտուտների ձեւավորումը եւ մի շարք բացասական սոցիալական բարդ համակարգերի վերացման նպատակով հանրային պահանջմունքի կերտումը, որի արդյունքում իշխանությունների վրա որոշակի ազդեցություն կապահովվի, մեր երկրի կենսական խնդիրներից են: Հենց այս խնդիրների շրջանակներում էլ կարող են համընկնել հասարակության մեծամասնության շահերը` տիրապետելու կոնֆլիկտների կառավարման հմտություններին, ինչպես նաեւ մասնակցային առաջնորդությանը եւ որոշումների կայացման համագործակցային մոտեցմանը: Այսպիսով, սա կարեւորագույն խնդիր կարող է համարվել ողջ հասարակության համար: 

Հայաստանում ընդհանրապես եւ մեր առօրյա կյանքում մասնավորապես սովորական երեւույթ է, երբ որեւէ խումբ, փորձելով միասնական որեւէ որոշման հանգել, կարող է ամբողջ մի օր անցկացնել` միմյանց հետ վիճելով եւ չանդրադառնալով բուն խնդրին` պրոբլեմի լուծմանը: Նման պահվածքը թերեւս բնորոշ է բոլոր խմբերին, սեկտորներին, կազմակերպություններին եւ ինստիտուտներին` լինեն դրանք ընտանիք, բիզնես ընկերություններ, միջգերատեսչական ծրագրային առաջարկներ, թե Ազգային Ժողով: Նման հանգամանքներում ակնհայտ է, որ տարբեր ասպարեզներում զբաղված մասնագետներն իրապես կարիք ունեն ձեռք բերել քննարկման, բանակցության եւ առաջնորդության հմտություններ: Նրանք պիտի կարողանան փոխզիջումների գնալ, նոր տեղեկատվության արդյունքում փոխել իրենց ընկալումները, եւ, ի վերջո, ստեղծել համագործակցության մթնոլորտ: Ավելին, տարբեր մասնագետների ու փորձագետների համացանցը, որը ստեղծվել է ընդհանուր գիտելիքների, հմտությունների եւ վերաբերմունքի հիման վրա, հանդիսանում է փոփոխությունների ողնաշարը:

Նման համացանցը կարող է առանցքային դեր ունենալ Հայաստանում հանրային կրթության զարգացման եւ նոր հմտությունների ձեւավորման հարցերում, քանզի այն տարբեր խմբերին հնարավորություն է ընձեռում միասին աշխատել հանուն միասնական նպատակի` համակարգելով տարբեր ռազմավարություններ եւ ի մի բերելով առկա ռեսուրսները: Նման հաջողված համացանցերից մեկը, որը ներկայում էլ արդյունավետորեն եւ ակտիվորեն գործում է Հայաստանում, «Մոմենտում» համացանցն է, որը ստեղծվել է «Մոմենտում» ծրագրի շրջանակներում: Վերջինս իրականացվում է 2000 թվականի ապրիլից «Կոնֆլիկտների կառավարման գործընկերներ» (CMP) կազմակերպության կողմից: Ծրագրի սկզբում այդ կազմակերպությունը հայտնի էր այլ՝ «Կոնֆլիկտների կառավարման խումբ» (CMG) անվանումով: Ծրագրի նպատակն է Հայաստանի տարբեր սեկտորներում աշխատող երիտասարդ առաջնորդներին զինել կոնֆլիկտների կառավարման հմտություններով՝ քաղաքականության մշակման եւ ինքնակառավարման առավել արդյունավետ գործընթացներ կազմակերպելու նպատակով: Ծրագիրն իրականացվում է վերապատրաստման դասընթացների միջոցով, որոնք մշակվում են` հաշվի առնելով յուրաքանչյուր սեկտորի առանձնահատկությունները, ինչպես նաեւ տեղում անմիջական աջակցության եւ շարունակական վերապատրաստումների իրականացման միջոցով: Ծրագրի հիմնական խնդիրն է աջակցել Հայաստանի երիտասարդ, խոստումնալից որոշում կայացնողներին առաջնորդության հմտությունների ձեռքբերման գործում,  որոնք անհրաժեշտ են մեր երկիրը ժողովրդավար եւ բարգավաճ պետության վերածելու համար, որն իր ուրույն դերը կունենա համաշխարհային քաղաքականության եւ տնտեսության մեջ: 

«Մոմենտում» համացանցի հաջողությունները ցույց են տալիս, որ առաջնորդության եւ բանակցային հմտությունների վերաբերյալ վերապատրաստումները կարող են հիմնարար փոփոխություններ առաջացնել, որոնք անհրաժեշտ են լայնածավալ սոցիալ-տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների համար: Սակայն մինչ այժմ նման կարողությունը սահմանափակված է եղել անհատների եւ փոքր խմբերի մակարդակներում: «Մոմենտում» համացանցի, ինչպես նաեւ բարեփոխումներին միտված դրա ջանքերի վերջնական հաջողությունը պայմանավորված է առաջինի կարողությունների ընդլայնմամբ եւ նոր մեթոդոլոգիաների ու գործունեության նոր տեսակների կիրառմամբ: 

«Մոմենտում» համացանցին արդեն հաջողվել է հանրային եւ մասնավոր սեկտորներում ձեւավորել տնտեսության, լրատվամիջոցների, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման, կրթության եւ իրավական ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալած երիտասարդ առաջնորդների կրիտիկական զանգված, եւ այժմ ժամանակն է նոր քայլերի, որոնք միտված են լինելու երիտասարդ առաջնորդների միջեւ վստահության, հարգանքի եւ փոխադարձ աջակցության կամուրջներ կառուցելուն, եւ ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում:  

Թեւան Պողոսյանը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրենն է 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ակնարկ համաժողովից
Մեր ընտրանին