Սերժ Սարգսյանը ռուբիկոնն անցավ - Mediamax.am

Սերժ Սարգսյանը ռուբիկոնն անցավ
4329 դիտում

Սերժ Սարգսյանը ռուբիկոնն անցավ


 

Վերջին քսան տարում մենք փոխել ենք երեք նախագահ, ավելի քան տասը վարչապետ եւ հարյուրից էլ ավել նախարար, իշխանությունը դարձել է ընդդիմություն, ընդդիմությունը` իշխանություն, բայց հասարակությունը որակական փոփոխություններ չի զգացել` շարունակելով իր ազատ անկումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ռուբիկոնն անցավ: Վերջին մի քանի ելույթներում նա բավական բաց տեքստով ձեւակերպեց խնդիրներ, որոնցից հետ կանգնելը կնշանակի քաղաքական սնանկացում: «Մեր ժողովուրդը արդեն մայիս-հունիս ամիսներից սկսած պետք է զգա իր կենցաղային հոգսերի թեթեւացումը: Մարդիկ պետք է տեսնեն, որ սննդի եւ հատկապես գյուղմթերքի անասելի բարձր գները վերադառնում են իրենց աչքին սովոր մակարդակին: Այսինքն` ես ակնկալում եմ նորովի մոտեցումներ խնդիրների լուծմանը»: 

Առաջին անգամ գործող նախագահը հրապարակավ հայտարարեց, որ այլեւս այսպես չի կարելի, եւ, հանրապետականների լեքսիկոնով ասած` ուլտիմատում ներկայացրեց. «Մտնելու ենք շեշտակի փոփոխությունների փուլ, եւ արդեն հիմա մենք պետք է պատրաստվենք դրան… պարզ է, որ փոփոխությունների ընթացքում շատ մարդիկ են լինելու, ովքեր փորձելու են անձնական խնդիրներ լուծել, սուտը ներկայացնելու են որպես ճշմարտություն, ովքեր փորձելու են վարկաբեկել համակարգը… Պարոն վարչապետ, իմ խնդրանքն է, որպեսզի որեւէ բացատրություն չընդունվի ծրագրերի ձախողման դեպքում, եթե լուրջ ծրագիր է ձախողվել, անպայման պետք է հետեւանքներ լինեն»:

Ամբողջ խնդիրն այն է, որ նախագահի նման քաղաքական պատվերն իրականացնելը ենթադրում է ինքնուրույն մտածող, որոշումներ կայացնող, ներքին հավատ ունեցող մարդկանց թիմ, որոնք ոչ միայն լավ կատարողներ կլինեն, այլեւ կմասնակցեն քաղաքական որոշումների կայացմանը: Իսկ այսօր այդ թիմում որակ են կազմում քծնանքի եւ կաշառակերության սինթեզի homo sapiens-ները: Կարծում եմ` նախագահն էլ չգիտի, թե ինստիտուցիոնալ առումով որտեղից վերցնել նոր մտածողությամբ մարդկանց, բայց նա հաստատ գիտի, թե ռեալ բարեփոխումների համար ինչքան մարդկանցից պետք է ազատվի: 

Որպեսզի նախագահը հաջողության հասնի բարեփոխումների մեջ, անհրաժեշտ է, որ մեր քաղաքացիների զգալի մասը հավատա նրա անկեղծությանը եւ հասկանա բարեփոխումների իմաստը: Գալուստ Սահակյանի կամ Շարմազանովի հիացական ասուլիսները նախագահի քայլերից հետո ոչ միայն կամուրջի դեր չեն կատարում նախագահի եւ հասարակության միջեւ, այլեւ անլրջացնում են ամեն ինչ:

Կյանքը ստիպեց, որ Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը հրաժարվեն ծայրահեղությունից: Քաղաքական կոնսենսուսը շատ ավելի արժեքավոր է, քան կողմերից յուրաքանչյուրի ամբիցիաները: Մարդիկ ցանկանում են արագ եւ տեսանելի փոփոխություններ. մարդիկ հասունացել են դրանց համար: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքն էլ է ցանկանում արագ եւ տեսանելի բարեփոխումներ: Հետաքրքիր է` ո՞վ է խանգարում:

Պետրոս Ղազարյանը «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբանն է

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին