Արդի լավագույն գրողներից Նյու-Յորքում բնակվող Սալման Ռուշդին պատրաստվում է “Showtime” ամերիկյան կաբելային հեռուստաընկերության համար սերիալի սցենար գրել: Այդ նախագիծը կոչվելու է “Հաջորդները” եւ ներկայացնելու է այն արմատական փոփոխությունները, որոնք վերջերս տեղի են ունենում ամերիկյան հասարակության խորքում: Համացանցում կարդալով այս լուրը՝ մի պահ երեւակայեցի, թե ինչ սցենար կգրեին մեր հրապարակային դեմքերը, եթե “Showtime”-ը վերջիններիս երեւակայությանը ապավիներ:
Ալիկ Սարգսյան: «Ժառանգները»: Մարտաֆիլմ:
ՄԱԿ-ը, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն եւ Մոսկվայի «Բուտիրկա» վարչական կենտրոնը «Ժառանգությանը» դասել են տեռորիստական կազմակերպությունների ցանկում: Բարակ Օբաման անձամբ հնչեցրել է տեռորիստների մականունները եւ նրանց ձերբակալելու համար գումարի չափը. Զառա Դ’Արկ` մեկ միլիոն դոլար, Արմեն Ապարանցի` մեկ միլիոն դոլար, եւ Պարզապես Ստյոպա` հարյուր հազար դրամ: Օբաման հաղորդել է նաեւ, որ այս կազմակերպության հիմնական բջիջը գտնվում է Հայաստանում՝ կառավարության շենքի դիմաց: ՀՀ ոստիկանները ծպտված կանաչի վաճառողների մեջ կարողանում են շատ արագ հայտնաբերել եւ վնասազերծել տեռորիստական այդ բջիջը: Արդյունքում Հայաստանի պետբյուջեն համալրվում է երկու միլիոն հարյուր հազար դրամով, կանաչու բերքը քառասուն տոկոսով ավելանում է, ՀՀ քաղաքացիները զզվում են հեղափոխությունից:
Հրանուշ Հակոբյան: «Տուն արի»: Ֆենթեզի:
2666 թվական: Հայկական առաջին տիեզերանավը բարեհաջող վայրեջք է կատարել լուսնի վրա, եւ Սփյուռքի նախարարությունում բացվել է «լուսնահայերի հայրենադարձության» կոմիտե: Հայ առաջին տիեզերագնաց Պողոս Արտուրյանը լուսնահայերին ներկայացրել է Սփյուռքի առաջին եւ վերջին նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձը: “Շուտով Հայաստանի քառապալատ Ազգային Ժողովը դառնալու է հնգապալատ, հայաստանցիների, սփյուռքահայերի, մեր նախնիների, կոմերիտականների պալատներին ավելանալու է լուսնահայերի պալատը: Հայաստան ասելիս տիեզերքը դողում է, Հայաստան ասելիս ընդդիմությունն ում շունն է, ապրեք հայեցի, հայակենտրոն, հայիմաստ, հայաբար եւ հայաշունչ”,- ամփոփել է իր խոսքը նախարարը: Հաջորդ հարյուր սերիաներում լուսնահայերը փորձում են հասկանալ այս ուղերձը:
Զորի Բալայան: «Արգոնավորդները»: Մելոդրամ:
Աշխարհի ամենամեծ եւ ամենաշքեղ «Կիլիկիա» լաստանավը պետբյուջեի հաշվին մի խումբ հայերի պտտեցնում է Ատլանտյան օվկիանոսում: Նավի վրա բուռն սիրավեպ է սկսվում ռանչպար Սոսի եւ օլիգարխի կին Վարդիթերի միջեւ: Սակայն «Կիլիկիան» բախվում է ադրբեջանական այսբերգին եւ սկսում խորտակվել: Սոսը եւ Վարդիթերը մինչեւ վերջին պահը հավատարիմ են մնում հայ կնոջ եւ տղամարդու ավանդական կերպարին. մահանում է միայն Սոսը: Իսկ Վարդիթերը պատմում է իր հուշերը, որի հիման վրա էլ զարգանում է ֆիլմի սցենարը: Ասում են, այս սցենարը շատ է դուր եկել Սթիվեն Սփիլբերգին:
Տիգրան Կարապետյան: «Տիգրան Մեծ»:
Պատմական դրամա: Տիգրան Երկրորդ թագավորը մեծ ջանքերի շնորհիվ գրավում է Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն: Սակայն Նինվեի իշխանավոր-պաշտոնավորները Տիգրանից վրեժխնդիր լինելու համար գողանում են վերջինիս թոռանը` Տիգրանի դինաստիայի շարունակությունը դնելով հարցականի տակ: Խուսափելով Տիգրան Երկրորդի հետապնդումից, Նինվեի պաշտոնավորները մանկահասակ Տիգրանիկին փախցնում են Ռուսաստան, ավելի ստույգ՝ Վոլգոգրադ: Եվ միայն 21-րդ դարում Վոլգոգրադից Հայաստան է վերադառնում Տիգրանի ժառանգ Տիգրան Մեծը` ո՛չ ասելու իշխանավորին: Ժառանգության այս գաղտնիքը բացահայտում են ՀՌԱՀ տամպլիերական օրդենի ասպետները՝ մատնացույց անելով երկու մասունքները` խաչը եւ կարմիր քարտը: Ֆիլմն ավարտվում է մոմավառությամբ, որի ժամանակ Տիգրան Երկրորդի ոգին անձամբ հաղորդակցվում է Տիգրան Մեծի հետ:
Պետրոս Ղազարյանը «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբանն է
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: