Ակնարկ համաժողովից - Mediamax.am

Ակնարկ համաժողովից
5717 դիտում

Ակնարկ համաժողովից


Այս տարի յոթերորդ անգամ մենք համատեղ փորձեցինք ամփոփել եվրոպական ինտեգրման ճանապարհին մեր երկրի արած քայլերը` նախաձեռնելով «Արեւելյան գործընկերության ազգային եւ եվրոպական հարթությունները» համաժողովը:
 
Մեր նախորդ համաժողովից անցել է շուրջ մեկ տարի: Մեկ տարի, որի ընթացքում Հայաստանը էական քայլեր է արել եվրաինտեգրման ուղղությամբ: Տարի, որի ընթացքում Հայաստանը պետական կառավարման համակարգն ու օրենքներն ավելի է մոտեցել Եվրամիության օրենսդրության եւ հաստատությունների չափանիշներին: Տարի, որի ընթացքում Հայաստանի իշխանություններն ու Եվրամիության ղեկավար մարմիններն ավելի են հստակեցրել հարեւանության եւ համատեղ ապագայի ձեւավորման թիրախներն ու կարեւոր քայլեր արել դրանց հասնելու ուղղությամբ: Տարի, որի ընթացքում հայաստանցիների համար ավելի ընկալելի ու հարազատ են դարձել եվրոպական ընտանիքի հոգսերն ու ուրախությունները: Տարի, որի ընթացքում մեր հասարակության արժեքներն ավելի են սերտացել եվրոպական արժեհամակարգին: Տարի, որը, թերևս, կարող է բեկումնային դառնալ հայաստանյան հասարակության եւ քաղաքական համակարգի արդիականացման գործում:

Համաժողովի երկու օրերի ընթացքում տարածաշրջանի փորձառու մասնագետների մասնակցությամբ ամփոփեցինք մեր կարեւորագույն ձեռքբերումները երկրի համար կենսական այս խնդիրներում: Իսկ ամփոփելու շատ բան ունեինք՝ ի հեճուկս ողջ աշխարհն իր ճիրաններում առած ֆինանսա-տնտեսական ճգնաժամի, տարածաշրջանի քաղաքական թատերաբեմերի աննախադեպ ցնցումների եւ այդ ամենի արդյունքում ձեւավորված ապաինտեգրման ահագնացող մարտահրավերների:

Այսպես, անցնող տարում աննախադեպ կերպով ակտիվացան Եվրամիության եւ Հայաստանի միջեւ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները, որի վկայությունը Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններն են: Դրանց յոթերորդ փուլն ավարտվեց ընդամենը երկու շաբաթ առաջ Երեւանում: Բանակցությունների լայն շրջանակը ներառում էր քաղաքական երկխոսության, արտաքին քաղաքականության, արդարադատության, քաղաքացիական ազատությունների ապահովման եւ անվտանգության ոլորտներում համագործակցության խնդիրներից մինչեւ տնտեսական, ճյուղային եւ ֆինանսական  համագործակցություն: Ուրախ եմ, որ բանակցություններում կենտրոնական դերակատարում ունեցող գործիչների շուրթերից հնարավորություն ունեցանք լսելու այս գործընթացների գնահատականները եւ քննարկելու հետագա անելիքների ուրվագծերը:

Սեպտեմբերի 29-30-ը Վարշավայում Արեւելյան գործընկերության գագաթաժողովում ընդունված համատեղ հայտարարագրում Հայաստանի, գործընկերության մյուս երկրների, Եվրամիության անդամ երկրների ղեկավարներն ու ներկայացուցիչները վերահաստատեցին Արեւելյան գործընկերության նպատակների իրականացման ուղղությամբ ստանձնած պարտավորությունները: Գագաթաժողովն անցնող տարում հայաստանցիների համար դարձավ ոչ միայն նշանակալի իրադարձություն մեր երկրի եւ ԵՄ անդամ երկրների միջեւ համագործակցության շրջանակների հստակեցման առումով, այլեւ հստակ ուղերձ՝ եվրոպական ինտեգրման գործընթացում մեր ժողովրդի խնդիրների ու կարիքների հանդեպ եվրոպական գործընկերների հոգածության եւ ուշադրության առումով: Գագաթաժողովի ուղերձը հստակ էր. Եվրոպական համայնքը իրապես կարեւորում է գործընկերությունը Հայաստանի հետ եւ եվրոպական ընտանիքի համար այս դժվարին ու ծանր օրերին ոչ միայն շարունակում է համագործակցության ձեռք մեկնել մեր ժողովրդին, այլեւ շահագրգիռ է ավելի ակտիվացնելու մերձեցման ընթացքը:

Անցնող տարվա սեպտեմբերի 19-ին Եվրոպական հանձնաժողովը առաջարկեց սկսել հայաստանցիների՝ ԵՄ անդամ երկրներ կարճաժամկետ մուտքի թույլտվությունների պարզեցման եւ անկանոն միգրանտների ռեադմիսիոն համաձայնագրերի ստորագրման շուրջ ԵՄ-Հայաստան բանակցությունները: Վստահ եմ, որ այս ուղղությամբ մեր երկրի հաջողությունները հիմք կդառնան ոչ հեռու ապագայում վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների համար:

Օրեր առաջ, Հայաստանի արտգործնախարարը, Եվրամիության եւ ԵՄ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաները ստորագրեցին Շարժունակության հռչակագիր, որը շրջադարձային է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ միգրացիոն հոսքերի կարգավորման, անօրինական միգրացիայի դեմ պայքարի եւ կանոնավոր միգրացիայի կարգավորման գործընթացների համար:

Անցնող տարում իր տրամաբանական ավարտին մոտեցավ ՀՀ-ԵՄ Խորը եւ ամբողջական ազատ առեւտրի շուրջ բանակցությունների նախապատրաստական գործընթացը: Այս ուղղությամբ Հայաստանը կատարում է վերջին անհրաժեշտ քայլերը: Վստահ եմ, որ 2012 թվականը բանակցային գործընթացի սկզբի վկան կդառնա, ինչը նոր շունչ եւ ոգի կհաղորդի մեր տնտեսության արդիականացմանը, կխթանի շուկայի հետագա ազատականացումն ու մեր երկրի մրցունակությունը:

2011 թվականին հայաստանյան կառույցների համար հասանելի դարձան Արեւելյան գործընկերության ծավալման նոր ֆինանսական գործիքները, ձեւավորվեցին մարդկանց միջեւ կապերի ամրապնդման, եվրոպական արժեքների արմատավորման նոր հնարավորությունները:

Անցնող տարում աննախադեպ կերպով ակտիվացել է նաեւ մեր երկրի եւ եվրոպական քաղաքական կառույցների միջեւ համագործակցությունը տարբեր երկկողմ եւ բազմակողմ հարթակներում:

Իրավամբ, շատ են անցնող տարում եվրոպական ինտեգրման ուղղությամբ մեր երկրի ձեռքբերումները: Սակայն դրանք հիմնականում նշանավորում են նոր գործընթացների սկիզբը: Անելիքները շատ են: Եվ ես հուսով եմ, որ մեր համաժողովը հնարավորություն ընձեռեց ուրվագծել նաեւ մոտակա անելիքների եւ հաջողությունների համար անհրաժեշտ համագործակցության խնդիրները՝ պետական կառավարման, քաղաքացիական հասարակության եւ գործարար հատվածի միջեւ: Վստահ եմ, որ ապագա ձեռքբերումների գրավականը հենց արդյունավետ համագործակցությունն ու ջանքերի համատեղումն են:

Թեւան Պողոսյանը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրենն է

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ակնարկ համաժողովից
Մեր ընտրանին