Տնտեսական ակտիվության աճի հետեւում. 2025 թվականի արդյունքները - Mediamax.am

Փետրվար 12, 2026
Տնտեսական ակտիվության աճի հետեւում. 2025 թվականի արդյունքները
220 դիտում

Տնտեսական ակտիվության աճի հետեւում. 2025 թվականի արդյունքները


Վերջերս ամփոփվեցին 2025 թվականի տնտեսական արդյունքները, որոնց համաձայն տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.2%-ով: Սովորական ժամանակներում դա կարելի էր բացառիկ ցուցանիշ եւ նույնիսկ ձեռքբերում համարել  երկրի համար, սակայն 2025 թվականն այդ առումով ամենաստանդարտներից չէր: Մի կողմից՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է 58 ամիս անընդմեջ, մյուս կողմից՝ մենք քաջատեղյակ ենք այդ աճի պատճառին, եւ այն ոչ թե Հայաստանի ներսում է, այլ երկրից դուրս:

Տնտեսական ակտիվության ցուցանիշի դինամիկան, 2011-2025* 



*Կանաչ/կարմիր գույնով՝ ՏԱՑ-ի աճի տեմպերը նախորդ տարվա նկատմամբ (%), մանուշակագույնով՝ տարեկան միջինացված աճի տեմպերը:


Առաջինը, ինչը արժե հաշվի առնել, այն է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը չպետք է նույնացնել ՀՆԱ-ի հետ. այն արտացոլում է տնտեսության թողարկման ծավալների դինամիկան, եւ վերջին տարիներին ՀՆԱ-ի եւ ՏԱՑ-ի միջեւ խզումն աճում է. ՏԱՑ-ը մշտապես ավելի արագ է աճում, քան ՀՆԱ-ն: Այս միտումն սկսվել էր 2022 թվականի երկրորդ եռամսյակից եւ մինչ օրս չի դադարում: Այսպիսով, ՀՆԱ-ի աճը 2025 թվականին դժվար թե գերազանցի 7.2-7.6%-ը, ինչն արդեն այնքան տպավորիչ չէ, որքան 9.2%-ը:

Երկրորդ հանգամանքն այն է, որ 2022-2025թթ. տնտեսական աճը մեծապես պայմանավորված էր ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքներով: Եթե աշխարհաքաղաքական առումով այդ հետեւանքներն աղետալի էին. դրանցից մեկը դարձավ Արցախի ամբողջական կորուստը, ապա տնտեսական առումով Հայաստանը մեծապես շահեց: Այնքան էլ հաճախ չէ պատահում, որ Հայաստանից անկախ արտաքին իրադարձությունները ի նպաստ նրան լինեն, թեկուզ տնտեսության մեջ, բայց սա հենց այդ դեպքն է: Մանուշակագույն կետագծով նշված է 2022-2025թթ. աճի մոտավոր միտումը, եթե այդ գործոնը բացակայեր:

Միեւնույն ժամանակ 2025 թվականի տնտեսական աճի տեմպերն այնքան էին խաթարված վերաարտահանման ազդեցությամբ, որ հաճախ հակապատկերն էին ցուցադրում: Տարեսկզբին տեսնում ենք դանդաղ աճ, ինչը պայմանավորված է 2024 թվականի սկզբի բարձր բազայով, երբ ոսկերչական ոլորտի զանգվածային վերաարտահանումը թափ է հաղորդում Հայաստանի տնտեսական վիճակագրությանը, իսկ տարեվերջին, ընդհակառակը, տեսնում ենք կտրուկ արագացում: Վերջինս դարձյալ պայմանավորված է ոսկերչական ոլորտի վերաարտահանմամբ, որը, դատելով արդյունաբերության եւ արտաքին առեւտրի վիճակագրությունից, վերսկսվել է հոկտեմբերի կեսերից: Դա ավելացրել է ՀՆԱ-ի աճը մոտ 1.5%-ով, իսկ առանց այս գործոնի՝ ՀՆԱ-ի աճը կմնար 5.5-6%-ի սահմաններում, ինչպես նախորդ տարի: 2025-ի առաջին 9 ամիսներին աճի տեմպերը հենց այդ միջակայքում էին:

Գյուղատնտեսությունը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ վստահ աճ է գրանցել՝ 5.6%, առեւտուրն աճել է 3%-ով, ծառայությունները՝ 10.5%-ով, շինարարությունը՝ 20.2%-ով, իսկ արդյունաբերությունը՝ 4.7%-ով: 

Արդյունաբերության պատկերը եւս աղճատված է վերաարտահանման ազդեցությամբ, այն զտելն այսօր դժվար է։ Կարելի է մեկ բան ասել՝ առանց վերաարտահանման 2025-ին աճ չէր գրանցվի: Իսկ գյուղատնտեսության աճը վերսկսվել է ոչ թե պատահականությունների՝ օրինակ՝ բարենպաստ կլիմայական պայմանների պատճառով, այլ այս ոլորտում պետական ներդրումների ավելացման շնորհիվ. 2019-20թթ. գյուղատնտեսության բյուջետային ծախսերը Գյուղատնտեսության նախարարության փակման ֆոնին թույլ էին, իսկ 2021 թվականից սկսած՝ նաեւ գյուղացիներին իրենց կողմը գրավելու անհրաժեշտությունից ելնելով, իշխանությունները կրկին սկսեցին զարգացնել այս ոլորտը, եւ արդյունքը վերջապես տեսանելի է: Ընդ որում, գյուղատնտեսության եւ ոռոգման մասնաբաժինը բյուջեի ծախսային մասում կազմում է 2%-ից պակաս եւ գնալով նվազում է։

Սակայն ոչ միայն գյուղատնտեսության ծախսերն են աճել. ընդհանուր առմամբ բյուջետային քաղաքականությունը դարձել է չափազանց ազատ՝ թե՛ քաղաքական նպատակների, թե՛ ծրագրային եւ սոցիալական տեսանկյունից: 2025 թվականին պետական բյուջեի դեֆիցիտը պլանավորված էր 604 մլրդ դրամի մակարդակում, սակայն արդյունքում կրճատվեց մինչեւ 419 մլրդ դրամ, ինչը կկազմի ՀՆԱ-ի մոտ 3.7%-ը: Դա զգալիորեն բարձր է 3%-անոց նորմատիվից, որն օրենսդրորեն ամրագրված է Եվրամիությունում եւ որպես առաջարկ գործածվում է ԱՄՀ-ի կողմից:

Սովորաբար տնտեսական աճի ժամանակաշրջաններում պետությունը հիմնականում վերադարձնում է կուտակված պարտքերը, իսկ անկման շրջաններում՝ փոխառություններ կատարում տնտեսական ցիկլերը մեղմելու համար: Սակայն արագ տնտեսական աճի փուլում լուրջ փոխառություններ կատարելը վտանգավոր է երկրի ապագայի տեսանկյունից: Եվ այդ ժամանակ հարց է առաջանում՝ իսկ որքանո՞վ է ՀՆԱ-ի աճը պայմանավորված այս պարտքով: Եվ ի՞նչ կլիներ, եթե պարտքային միջոցները չմտնեին տնտեսություն, իսկ վերաֆինանսավորումը տեղի ունենար միայն բյուջեի շրջանակներում: Իհարկե, ուղղակիորեն պնդել, որ տարեվերջյան վերաարտահանումը հանելուց հետո մնացած ՀՆԱ-ի շուրջ 6% աճից 3.7%-ը պայմանավորված են պարտքով, չի կարելի, բայց զգալի չափով դա հենց այդպես է: Նվազագույնը կարելի է ասել, որ բյուջետային դեֆիցիտի յուրաքանչյուր 1000 դոլարի դիմաց ՀՆԱ-ն տարվա ընթացքում աճել է 1620 դոլարով:

ՏԱՑ-ի կիրառման հետ կապված աճի գերագնահատման, նոր վերաարտահանման և բյուջետային դեֆիցիտի բացառման դեպքում, պատկերն արդեն այնքան էլ հրապուրիչ չէ. ՀՆԱ-ի աճը կկազմեր մոտ 3%: Այդպիսով, տնտեսությունը գերտաքացած է վերաարտահանման եւ պարտքային միջոցների, ինչպես նաեւ եկամտային հարկի վերադարձի հաշվին արտոնյալ հիփոթեքային վարկերի շնորհիվ, այլ ոչ թե ներքին արտադրողական ուժերի օրգանական աճի պատճառով: Հետեւաբար, տնտեսական քաղաքականության շտկումն անհրաժեշտ է տնտեսությունը հավասարակշռելու եւ ճգնաժամերի նկատմամբ նրա դիմակայունությունը բարձրացնելու համար:

Այսօր արդեն կուտակվել է տնտեսական ճգնաժամի որոշակի ներուժ, բայց այն դեռեւս էապես ավելի ցածր է, քան 2008 թվականին: Ուստի, կան բոլոր հնարավորությունները հերթական համաշխարհային ճգնաժամը նվազագույն կորուստներով հաղթահարելու համար, ինչը հնարավոր կլինի միայն բյուջետային կարգապահության բարձրացման եւ դրամի փոխարժեքի զգուշավոր շտկման պարագայում:

Հրանտ Միքայելյանը քաղաքագետ եւ տնտեսագետ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին