Էպիլեպսիա՝ միֆեր եւ իրականություն - Mediamax.am

Փետրվար 06, 2026
Էպիլեպսիա՝ միֆեր եւ իրականություն
97 դիտում

Էպիլեպսիա՝ միֆեր եւ իրականություն


Էպիլեպսիան ամենահաճախ հանդիպող նյարդաբանական հիվանդություններից է: Այն հայտնի է եղել մարդկությանը դեռ շատ հին ժամանակներից եւ նկարագրված է գրեթե բոլոր խոշոր բժշկագիտական աշխատություններում։ 

Ամենահին հիշատակություններից մեկը Ք․Ա․ տասնմեկերորդ դարից մեզ հասած բաբելոնյան Sakkiku սեպագիր արձանագրությունն է, որը քառասուն «հատորից» բաղկացած միջագետքյան բժշկական «հանրագիտարան»։ Այնտեղ կա նաեւ էպիլեպսիայի նկարագրությունը՝ որպես «վայր ընկնելու» հիվանդություն կամ ընկնավորություն։ Հիվանդության առաջացումը բացատրվում էր չար ոգիների ազդեցությամբ։ Էպիլեպսիայի մասին հիշատակություններով լի են նաեւ տարբեր  ժողովուրդների կրոնական տեքստերը, եւ շատ հրաշագործություններ ու բժշկման պատմություններ կապված են հենց ցնցումային նոպաների «բուժման» հետ։

Թվում է, թե հսկայական ժամանակային ինտերվալը՝  գիտության ու տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման հետ մեկտեղ, պիտի բավարար լիներ հաղթահարելու համար առասպելական պատկերացումները այս հիվանդության մասին, սակայն, ցավոք, մեր օրերում դեռ պահպանվում են տարբեր միֆեր, որոնք էլ հաղորդվելով մի մարդուց մյուսին՝ ստեղծում են սոցիալական մեկուսացման եւ խարանի փակ օղակ այդ հիվանդությունն ունեցող մարդկանց շուրջ։

Հենց սոցիալական խարանի ու պիտակավորման դեմ են ուղղված էպիլեպսիայի իրազեկման բազմաթիվ արշավներն ամբողջ աշխարհում։ Ամեն տարի փետրվար ամսվա երկրորդ երկուշաբթին նշվում է իբրեւ էպիլեպսիայի միջազգային օր։ Այս տարի այդ օրը փետրվարի 9-ն է։

Իսկ մարտի 26-ին նշվում է այսպես կոչված «մանուշակագույն օրը»՝ որպես էպիլեպսիայի մասին իրազեկման օր։ Պատմությունը սկսվել է  2008 թվականին, երբ Քեսիդի Մեգան անունով կանադացի մի աղջկա մոտ էպիլեպսիա ախտորոշվեց։ Տեսնելով ընկերների խուսափողական վերաբերմունքը եւ զգալով խորացող սոցիալական մեկուսացումը՝ ծնողների եւ դպրոցի աջակցությամբ նա սկսում է իրազեկման արշավներ կազմակերպել, որոնց ընթացքում մասնակիցները կրում էին մանուշակագույն հագուստ (դա Քեսիդիի սիրելի գույնն է), կիսվում էին էպիլեպսիայի մասին գիտահեն փաստերով։ 

Շուտով արշավը դուրս եկավ Կանադայի սահմաններից ու այսօր նշվում է ամբողջ աշխարհում, նաեւ՝ Հայաստանում («Մանուշակագույն մարտ» նախագիծ)։ Ցանկության դեպքում դուք էլ կարող եք մասնակցել դրամահավաքին ReArmenia-ի հարթակում:

Իսկ հիմա ժամանակն է, որ եւս մեկ անգամ բարձրաձայնենք ու հերքենք ամենատարածված առասպելները։

ՄԻՖ 1․ էպիլեպսիան հոգեկան հիվանդություն է։ 

ՀԵՐՔՈՒՄ։ էպիլեպսիան նյարդաբանական հիվանդությունների խումբ է, ախտորոշվում եւ բուժվում է նյարդաբանների կողմից։ Էպիլեպտիկ ցնցումների տեսակները բազմազան են եւ իրարից շատ տարբեր։

ՄԻՖ 2․ էպիլեպսիան ժառանգական հիվանդություն է։ Այն պարտադիր սկսվում է մանկական տարիքում։

ՀԵՐՔՈՒՄ։ Էպիլեպսիաների որոշ տեսակներ կարող են ունենալ ժառանգականություն, սակայն ընտանիքում էպիլեպսիա ունեցող անձի առկայությունը չի կանխորոշում այն հետագա սերունդների մոտ։ Ինչպես նաեւ ընտանիքում երբեւէ էպիլեպսիա ախտորոշում չունենալը չի բացառում որեւէ մեկի մոտ այդ հիվանդության սկսելը կամայական տարիքում։ Էպիլեպսիա կարող է ախտորոշվել ցանկացած մարդու մոտ, ցանկացած տարիքում։

ՄԻՖ 3․ Էպիլեպսիա ունեցող  կինը երբեք չի կարող առողջ երեխաներ ունենալ։

ՀԵՐՔՈՒՄ։ Իհարկե, չբուժված կամ վատ հսկվող էպիլեպտիկ նոպաները մեծ ռիսկ են հղիության եւ երեխայի խնամքի համար, սակայն վերահսկվող հիվանդություն ունենալու դեպքում նման հակացուցումներ չկան: Ներկայում կան հակացնցումային դեղեր, որոնք անվտանգ են կնոջ համար՝ հղիության եւ կրծքով կերակրման ընթացքում:

ՄԻՖ 4։ Նոպայի ժամանակ մարդ կարող է «կուլ տալ» իր լեզուն, ուստի պետք է «բռնել» լեզուն կամ ինչ-որ բան դնել բերանի մեջ։ 

ՀԵՐՔՈՒՄ։ Սա ամենավտանգավոր պատկերացումներից մեկն է։ «Փրկարարական» այս սխալ գործողությունները կարող են պացիենտի համար լուրջ տրավմաների պատճառ դառնալ։ Նոպայի սկիզբը նկատելիս հարկավոր է պառկեցնել պացիենտին հարմար ու հնարավորինս փափուկ մակերեսի վրա՝ գլուխը դեպի  կողք թեքելով։ Նոպաները, որպես կանոն, ավարտվում են ինքնուրույն՝ առանց միջամտության, 2-3 րոպեի ընթացքում։

ՄԻՖ 5։ Էպիլեպսիան դատավճիռ է ամբողջ կյանքի համար։

ՀԵՐՔՈՒՄ։ Շատ էպիլեպտիկ համախտանիշներ ունեն շարունակական ընթացք եւ պացիենտները դեղորայք են ընդունում ողջ կյանքի ընթացքում՝ միաժամանակ հնարավորություն ստանալով լիարժեք ապրել։ Բայց կան տարիքային-կախյալ համախտանիշներ, որոնք սկսվում եւ ավարտվում են որոշակի տարիքում, եւ հետագա կյանքի ընթացքում այլեւս չեն կրկնվում։ Որոշ պացիենտների դեպքում կարող են արդյունավետ լինել նաեւ հատուկ նյարդավիրաբուժական միջամտությունները։

Սա, իհարկե, միֆերի մի մասն է միայն։ Եվ այո, էպիլեպսիան բարդ հիվանդություն է՝ տարատեսակ դրեւորումներով։ Բայց մեր կանխակալ վերաբերմունքն էլ ավելի է բարդացնում այս հիվանդությունն ունեցող մարդկանց ու նրանց ընտանիքների կյանքը։ 

Լուսինե Վարդանյանը բժիշկ է՝  նյարդաբան, հոգեբույժ։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Կյանքը՝ content creation-ից անդին

Մի անգամ Դադիվանքում

Տոն, որն այլեւս քեզ հետ չէ
Մեր ընտրանին