Ստվերային կառավարման մոդելը 21-րդ դարում այլընտրանք չունի - Mediamax.am

Հոկտեմբեր 27, 2025
Ստվերային կառավարման մոդելը 21-րդ դարում այլընտրանք չունի
336 դիտում

Ստվերային կառավարման մոդելը 21-րդ դարում այլընտրանք չունի


Համացանցը, սոցիալական ցանցերն ու արհեստական բանականությունը վերջին դարերի ամենամեծ հեղափոխությունն է: Մենք այսօր ապրում ենք տեղեկատվական հեղափոխության պատմափուլում: 

Հեղափոխությունները հեղափոխություն են նրանով, որ հիմնովին վերափոխում են մարդու ինքնությունն ու հանրային հարաբերությունների հին կառուցակարգերը: Ժամանակակիցները, սովորաբար, խորությամբ չեն էլ գիտակցում տեղի ունեցողի մասշտաբը՝ հայտնվում են շփոթի մեջ:

Տեղեկատվական հեղափոխությամբ թելադրված՝ անխուսափելի վերանայման են ենթարկվում նաեւ պետությունների կառավարման դասական մոդելներն ու ալգորիթմները: 

Ժողովուրդների սպասելիքը իրենց առաջնորդներից 20-րդ դարում միաչափ էր՝ որակյալ կառավարում, հացի ու անվտանգության ապահովում: Ընտրում էին այս կամ այն կերպ իրենց առաջնորդներին, նրանց գործունեությանը հետեւում հեռուստացույցով, ռադիոյով ու թերթերով, հետո մի քանի տարին մեկ գնահատում նրանց կամ անգամ այդ «հոգսից» էին ազատված: Սպասելիքը առաջնորդներից մեկն էր՝ անվտանգություն ու բարեկեցություն: Դա էր նաեւ պատճառը, որ 20-րդ դարը աշխարհին տվեց բազում խարիզմատիկ առաջնորդներ: 

21 դարում ժողովուրդների սպասելիքը իրենց առաջնորդներից արդեն մի փոքր այլ է: Ու պատճառը հենց ընթացող տեղեկատվական հեղափոխությունն է՝ բոլորի ձեռքին հայտված հեռախոսները, սոցիալական ցանցերն ու համացանցի լայն հասանելիությունը: 

Անվտանգությանն ու բարեկեցությանը գումարվել է մեկ այլ սպասելիք. ժողովուրդներն իրենց առաջնորդներից արդեն սպասում են նաեւ մշտական օնլայն ինտերակցիա իրենց հետ՝ տեսարաններ ու էնթրթեյնինգ: 

21-րդ դարի լավ ղեկավարն արդեն պիտի մշտապես հասանելի ու ներկա լինի իր ժողովրդի կյանքում, լինի նրա համար թիվ մեկ նյուզմեյքերը, արագ արձագանքի իր հույզերին ու ապրումներին, անգամ ուղղակի ուրախացնի իրեն: Սա է այն մայր պատճառը, որ 21-րդ դարում խարիզմատիկ առաջնորդներ ունենալու հավանականությունը գնալով նվազելու է: Տեղեկատվական հասարակություններն արդեն պահանջում են, որ իրենց առաջնորդները լինեն ոչ թե խարիզմատիկ կառավարիչներ, այլ լավ էնթրնեյնր-ծաղրածուներ: 20-րդ դարի դասական առաջնորդները 21-րդ դարի հանրային այս պահանջարկը բավարարել օբյեկտիվորեն չեն կարող:

Բայց օդում, այդուհանդերձ, կախված է մնում կարեւոր մի հարց: Ժողովուրդները՝ իրենց առաջնորդներից պահանջելով նախ էնթրթեյնինգ ու տեսարաններ, չեն դադարել սպասել նաեւ հաց ու անվտանգություն: 

Ու առաջանում է մեծ գլուխկոտրուկ. ինչպե՞ս անել, որ ժողովուրդներն ընտրեն այնպիսի առաջնորդներ, որոնք միաժամանակ եւ՛ լուրջ են՝ կարող են իրենց արդյունավետ կառավարել, հաց ու անվտանգություն ապահովել, եւ՛ ծաղրածու են՝ կարող են զբաղեցնել ու տեսարաններ ապահովել: 

Ահա, այս խնդիրը լուծելու ալգորիթմը, իմ կարծիքով, կառավարման մի մոդելի մեջ է, որ պայմանականորեն կարող ենք անվանել ստվերային կառավարման մոդել: Կասկած չունեմ, որ առաջիկա տասնամյակներում հենց այս մոդելն է դառնալու աշխարհում ամենատարածվածն ու ամենապահանջարկվածը: 

Մոդելի իմաստն աշխատանքի պարզ բաժանումն է: «Առաջնորդները» թող զբաղվեն միայն ժողովուրդների էնթրթեյնինգով՝ բավարարեն ժողովուրդներին տեսարաններով ապահովելու սպասելիքն ու մշտապես ինտերակցիայի մեջ գտնվեն նրանց հետ: Իսկ դրա համար պիտի լինեն, պատկերավոր ասած, լավ դերասան-ծաղրածուներ: Իսկ ժողովուրդների մյուս՝ արդյունավետ կառավարման, հացի ու անվտանգության ապահովման ֆունկցիան իր վրա կվերցնեն ստվերում գործող ինստիտուտներն ու չերեւացող անձինք: 

Քանի որ կառավարման այս մոդելն առաջիկա տասնամյակներում այլընտրանք չի ունենալու, վստահ եմ, որ շահած դուրս կգան այն երկրներն ու ժողովուրդները, որոնք բոլորից շուտ կստեղծեն ստվերային կառավարման արդյունավետ մեխանիզմներ ու ստվերային ինստիտուտներ: 

Ստվերային կառավարման այս մոդելն ինքնին նաեւ քաղաքական կայունության լրացուցիչ երաշխիք է. հոգնե՞ց ժողովուրդը էնթրթեյնր առաջնորդ-ծաղրածուից, հոգ չէ, ցանկացած պահի կարելի է փոխել նրան ու դա որեւէ կերպ չի ազդի երկրի տնտեսական-քաղաքական կյանքի ու կայունության վրա:

Սամվել Ֆարմանյանը պատմաբան է, ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին