Հերթական ուղեւորությունից առաջ իրերն եմ դասավորում ճամպրուկում։
-Մամ, էլի դեղե՞ր ես վերցնելու հետդ,- հարցնում է մեծ աղջիկս,- բայց ոչ մի անգամ պետք չեն գալիս։
Տա Աստված, այս անգամ էլ պետք չգան՝ մտածում եմ ես ու մտովի տեղափոխվում 2019 թվականի օգոստոս, երբ ամուսնուս, երեխաներիս ու պապայիս հետ գնացինք Արցախ։
Ես կանխազգացումներին առանձնապես չեմ հավատում։ Եթե նույնիսկ հավատայի, ապա 6 տարի անց կդժվարանամ փաստել, թե ունեի վերահաս վտանգի զգացողություն։ Բայց ինչ-որ կարեւոր բան բաց չթողնելու ու անպայման անելու վճռականություն հաստատ կար։
Հետահայաց հասկանում եմ, թե որքան շռայլ էր կյանքն այն ժամանակ մեր նկատմամբ․ կարող էինք ընտրել՝ երբ ու որ ճանապարհով գնալ Արցախ։ Ու քանի որ նախկինում միշտ Սյունիքի ճանապարհով էինք գնացել, այս անգամ որոշեցինք Քարվաճառով գնալ, նաեւ Դադիվանքը տեսնել։ Արցախյան մեր ամենամյա ուղեւորությունները իմ դպրոցական եւ ուսանողական տարիներին միշտ նույն երթուղով էին ընթանում՝ Գորիսով Ստեփանակերտ, ապա Մուշկապատ։
2019 թվականի մեր ճանապարհորդության ժամանակ մեծ ոգեւորություն կար։ Երեխաներիս հետ առաջին անգամ էի գնալու Արցախ, ամուսինս նախկինում չէր եղել Արցախում, ես էլ չէի եղել Քարվաճառում ու չէի տեսել Դադիվանքը։ Դե պապան եղել էր ամեն տեղ ու տեսել էր ամեն ինչ։
Հասանք Դադիվանք, շրջեցինք, հիացանք։ Ճանապարհը շարունակելուց առաջ նստեցինք վերեւում՝ ուռենու տակի նստարանին։ Երեխաներն անշտապ կարկանդակ էին ուտում, երբ ներքեւից աղմուկ լսվեց՝ օգնության էին կանչում։ Ամուսնուս հետ սրընթաց իջանք։ Վանքի բակում երիտասարդ մի տղա էր պառկած գետնին։
Շրջապատող մարդկանց խառնիխուռն բացատրություններից հասկացանք, որ նրան մեղու էր կծել եւ տղայի մոտ ալերգիկ ռեակցիա էր զարգացել։ Արագ վազեցի դեպի մեքենան։ Դեղատուփից վերցրի հակաալերգիկ լուծույթի սրվակը, հաշվեցինք կաթիլները եւ փորձեցինք խմեցնել, սակայն վիճակն առանձնապես չլավացավ։ Ընդհակառակը՝ հաջորդող րոպեների ընթացքում ինքնազգացողությունը գնալով վատանում էր՝ շնչառությունը դարձավ խռպոտ, մակերեսային, արագ-արագ, դեմքը գունատվեց, հայացքը սառած էր ու մի տեսակ բացակա։ Այդ ընթացքում հասցրի կրկին վազել վերեւ՝ այս անգամ բերելով դեքսամետազոնն ու ներարկիչը։ Ամուսինս սկսեց ներերակային ներարկումը ու վայրկյանների ընթացքում տղայի հայացքը փոխվեց, «վերադարձավ»։
Թեթեւացած շունչ քաշեցինք բոլորս, մարդիկ կցկտուր շնորհակալություն ասացին։
Բոլորս շփոթված էինք մի տեսակ։ Դանդաղ բարձրացանք վերեւ, մեկական կարկանդակ կերանք, նստեցինք մեքենան ու շարժվեցինք դեպի Ստեփանակերտ։
-Չէ, մի անգամ պետք եկավ։ Չե՞ս հիշում ,- հակադարձում եմ ես։
***
Սա իմ հերթական փորձն էր կիսվելու ապրած մի իրադարձությամբ, մի հուշով այն կյանքից, որը ոչ թե պարզապես անցել է, այլ թվում է՝ ջնջվել է անհետ կամ անճանաչելիորեն վերախմբագրվում է։
Առօրեական մի պատմություն է փոքր քայլերի ու դրանց ունեցած ազդեցությունը չթերագնահատելու մասին։ Եվ ինչպես Իոսիֆ Բրոդսկին էր ասել իր Նոբելյան ճառում՝ աշխարհը փրկել, ամենայն հավանականությամբ, մենք այլեւս չենք կարող, բայց առանձին մարդկանց փրկել միշտ կարող ենք։ Իսկ փրկարար դեղով ներարկիչի փոխարեն կարող են հանդես գալ տեղին ասված ու ամոքող խոսքը, ապրումակցումը, հավատը, սերը։
Լուսինե Վարդանյանը բժիշկ է՝ նյարդաբան, հոգեբույժ։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: