Տոն, որն այլեւս քեզ հետ չէ - Mediamax.am

Տոն, որն այլեւս քեզ հետ չէ
182 դիտում

Տոն, որն այլեւս քեզ հետ չէ


Այս տարվա ապրիլին էլեկտրոնային նամակ գրեցի Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանին՝ խնդրելով նրան ուղարկել իր այս հոդվածում խորհուրդ տված գրքերը։ Ալեքսեյ Պոլիկովսկու պատմվածքները ստանալուց հետո շնորհակալական նամակի հետ համարձակությունս հերիքեց նաեւ խնդրելու՝ աչքի անցկացնել իմ գրած փոքրիկ էսսեների շարքը։ Ուղարկեցի, հետագայում տպվեց  «Կյանքը ինչպես որ է». Արցախի կարոտով լցված «սովորական երեւանցի աղջկա» օրագիրը», ապա հաջորդեց նաեւ մի քանի սյունակ։

Իսկ  մինչ այդ այցելեցի Մեդիամաքսի խմբագրություն։ 

Մայիսյան Երեւանի խելագար անձրեւի տակ՝ Աբովյան փողոցով դեպի ներքեւ քայլելու ճանապարհին հիշում էի, թե ինչպես էինք բաբուլիս (մորական տատիկիս քրոջն էինք «бабуль» ասում) հետ ամռան մի օր քայլում դեպի «Ստեփանակերտ» թերթի խմբագրություն՝ խմբագրի հետ ծանոթանալու եւ իմ փոքրիկ հոդվածը փոխանցելու համար։ Բաբուլը շոկոլադ էր վերցրել հետը, իսկ ես անսահման երջանիկ էի ինձ զգում բառացիորեն ամեն ինչի համար՝  տասնմեկ տարեկան էի, ամառ էր, Արցախում էինք, բաբուլի հետ էի, պիտի տպագրվեի։

Մեդիամաքսի խմբագրություն մենակ էի գնում՝ հորդառատ անձրեւի տակ, առանց շոկոլադի, առանց բաբուլի, առանց Արցախի: Այլեւս չկա «Ստեփանակերտ» թերթը եւ զայրացնելու աստիճանի միամիտ են թվում այն մանկական հոդվածի չափածո տողերը՝ 

Իմ օրրանն ես դու, 
Չքնա՛ղ Ստեփանակերտ, 
Չհպատակվե՛ս թշնամուն
Դու միշտ հավերժ, հավե՛տ։

Սեպտեմբեր ամիսն առաջներում տոնական էր ինձ համար։ Նախ՝ սկսվում էին դասերը (այո, ես միշտ սիրել եմ դեպի դպրոց կամ համալսարան շտապող մարդկանց հոսքը ու սեպտեմբերյան այդ ամբողջ խառնաշփոթը), ապա գալիս էր Արցախի անկախության տոնը (իսկական մեծ հաղթանակ, իրականացած երազանք ու սիրտն ուռչելու չափ հպարտության առիթ)։ Հետո գալիս է մայրիկիս ծննդյան օրը, ապա՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության տոնը (որի հետ զուգահեռ ենք մեծանում)։ Հիմա էմոցիաներս նույնն են մնացել միայն մայրիկի ծննդյան օրվա հետ կապված։ 

Հիմա մեզ սովորեցնում են չպլանավորել, չսպասել, չտոնել, սովորեցնում են չապրել։ Եվ իսկապես՝ ի՞նչ տոն կամ ի՞նչ պլաններ, երբ քթիդ տակ միջուկային պատերազմ է հասունանում, երբ մոլորակը խեղդվում է պատերազմների ծխի մեջ, երբ անգամ «խաղաղություն» բառի իմաստը չես կարողանում միանշանակ հասկանալ ․․․

Տեքստ էի կարդում այն  մասին, թե ինչ է պետք անել ռադիացիայի հայտարարված վտանգի ժամանակ․ կալիումի յոդիդի 125 միլիգրամանոց մեկ դեղապատիճն անհրաժեշտ է լուծել 21 միլիլիտր թորած ջրում․․․ բայց ախր դա միայն վահանաձեւ գեղձն է պաշտպանում ռադիոակտիվ յոդի կուտակումից։ Իսկ մնացա՞ծ օրգան-համակարգերը։ Իսկ երբ հերթական անգամ ճոճած դամոկլյան սուրը այս անգամ էլ ժամանակավոր հետ քաշվի, այդ ժամանակ ի՞նչ կլինի մեզ հետ։ Որտե՞ղ կամ ինչի՞ մեջ ենք թաղելու կուտակված տագնապը, անորոշությունը, անիմաստության ամենակուլ զգացումը, հույսի ու հավատի խորտակված փշրանքները․․․

Ինձ համար մարդու ու բժշկի լավագույն օրինակ Վիկտոր Ֆրանկլը համակենտրոնացման ճամբարներում կորցրել է ընտանիքի մեծ մասին՝ ծնողներին, եղբորը, կնոջը, բայց կարողացել է վերապրել, ընտանիք է ստեղծել, դուստր ունեցել, գրքեր է գրել, կրթել ու բուժել բազմաթիվ մարդկանց։ Նա գրել է՝ առաջինը մահացան նրանք (խոսքը համակենտրոնացման ճամբարի գերիների մասին է), ովքեր մտածում էին, թե այս ամենը շուտով կավարտվի։ Հետո մահացան նրանք, ովքեր մտածում էին, թե այս ամենը երբեք չի ավարտվի։ Եվ վերապրեցին նրանք, ովքեր իրենց հանապազօրյա անելիքներն էին անում՝ առանց սպասելու, թե ինչ կլինի կամ չի լինի։

Կյանքի շարունակական ու անընդհատ հոսքը (Ցվետաեւյան неостановимо, невосстановимо хлещет жизнь-ը) երբեմն ցինիզմ է թվում, երբեմն էլ՝ ընկճող ազդեցություն ունենում մեզ վրա։ 

Բայց ապրելու իմաստ կոչվածը, կարծում եմ, այս բայերի մեջ է ամփոփված՝ սիրել, սովորել, սովորեցնել եւ բուժել։

Լուսինե Վարդանյանը բժիշկ է՝  նյարդաբան, հոգեբույժ։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին