Ինչպես եւ սպասվում էր, նախագահ Դոնալդ Թրամփը Կովկասում «խաղաղության» համար Սպիտակ տանը կազմակերպված գագաթնաժողովը վերածեց ծիծաղելի ներկայացման՝ անընդհատ զբաղվելով ինքնագովությամբ, իրեն վերագրելով այնպիսի բաներ, որոնք իրականում չէր արել, մեղադրելով նախագահ Բայդենին եւ հաճախ շեղվելով հանդիպման թեմայից։
Թրամփը միայն մեկ նպատակ ուներ Սպիտակ տան այս միջոցառումը կազմակերպելու համար. ապահովել Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ իբրեւ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության միջնորդության համար՝ պնդելով, թե ոչ ոք չի կարողացել դա անել վերջին 35 տարվա ընթացքում։
Թրամփն իր Truth Social հարթակում անամոթաբար գովաբանեց ինքն իրեն. «Շատ ղեկավարներ են փորձել վերջ դնել այդ պատերազմին, սակայն մինչեւ այս պահն ապարդյուն, եւ միայն հիմա՝ շնորհիվ «ԹՐԱՄՓԻ»։ Նա նաեւ իրեն վերագրեց մի քանի այլ հակամարտությունների կարգավորում, որոնցում որեւէ մասնակցություն չէր ունեցել։ Նա հարմար կերպով չհիշատակեց իր ամբարտավան նախընտրական խոստումը՝ լուծել ուկրաինական պատերազմը՝ «նախագահի պաշտոնը ստանձնելուց 24 ժամ անց»։ Նա արդեն յոթ ամիս նախագահ է, սակայն պատերազմը շարունակվում է։
Խորամանկորեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նախագահ Իլհամ Ալիեւը՝ տեղյակ լինելով Թրամփի եսասիրական հակումներին, խանդավառությամբ սկսեցին քծնել նրան։ Նույնիսկ առաջարկեցին ստորագրել համատեղ նամակ՝ կոչ անելով Նոբելյան կոմիտեին՝ Թրամփին շնորհել Խաղաղության մրցանակ, մի քայլ, որը նրա համար շատ հաճելի էր։
Ադրբեջանի հիմնական մասից Հայաստանից դեպի Նախիջեւան տանող վիճելի տարանցիկ ճանապարհի լուծման լուրջ խնդիրն արագ վերածվեց ֆարսի՝ հայտարարությամբ, որ այն կկոչվի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP)․ Թրամփի փառամոլության եւս մեկ օրինակ։
«Խաղաղության պայմանագիրը», որի մասին Փաշինյանը ամիսներ շարունակ խոսում էր, չստորագրվեց, ինչպես հայտարարվել էր, այլ միայն նախաստորագրվեց անցյալ շաբաթ Սպիտակ տանը կայացած գագաթնաժողովի ժամանակ՝ վերածվելով ոչ պարտադիր փաստաթղթի։ Ալիեւը շահագրգռված չէ պայմանագրի ստորագրմամբ՝ գիտակցելով, որ կզրկվի իր լծակներից՝ պահանջելու հետագա զիջումներ Փաշինյանից, որը մինչ օրս հնազանդվել է նրա բոլոր պահանջներին: Ալիեւը կհետաձգի պայմանագրի ստորագրումը մինչեւ Փաշինյանը չկատարի Ադրբեջանի եւս մեկ պահանջը՝ փոփոխություններ կատարելու Հայաստանի Սահմանադրության մեջ, գործընթաց, որը կտեւի եւս 10 ամիս:
Հայերը դեռեւս տեղյակ չեն «Խաղաղության պայմանագրի» պայմաններից։ Ըստ որոշ տեղեկությունների, այն պետք է հրապարակվի օգոստոսի 11-ին։ Այդ ժամանակ կպարզենք, թե ինչպիսի զիջումներ է արել Փաշինյանն Ադրբեջանին։ Փաշինյանը նաեւ խախտում է 2018 թվականին Երեւանի Հանրապետության հրապարակում մեծ բազմության առջեւ իր տված խոստումը, որ չի ստորագրի որեւէ համաձայնագիր՝ առանց նախապես նրանց համաձայնությունը ստանալու։
Փաշինյանը խաբել է հայ հասարակությանը՝ պնդելով, թե իբր խաղաղություն է բերում Հայաստանին՝ հույս ունենալով, որ այդ խոստումը կօգնի նրան պահպանել իշխանությունը հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո: Ալիեւի համար այս, այսպես կոչված «Խաղաղության պայմանագիրը» պարզապես թղթի կտոր է, որը նա կարող է խախտել ցանկացած պահի՝ ստորագրումից հետո: Եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ոչ Արեւելյան, ոչ էլ Արեւմտյան տերությունները չեն միջամտելու: Հայ հասարակությունը չպետք է ապարդյուն ակնկալի, որ ԱՄՆ կառավարությունը զորքեր կուղարկի պաշտպանելու Հայաստանի սահմանները: Անցյալ ուրբաթ ստորագրված հուշագիրը հստակ ասում է, որ սա խիստ առեւտրային, եւ ոչ թե ռազմական համաձայնություն է:
Փաշինյանի հակասական դիրքորոշումների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։ Ամիսներ առաջ, երբ մի հայ լրագրող հարցրեց, թե արդյոք նա կքննարկի տարանցիկ ճանապարհի կառավարումը միջազգային կազմակերպությանը հանձնելու հարցը, նա կտրականապես մերժեց այդ գաղափարը։ Այնուամենայնիվ, նա այժմ փոխանցեց տարանցիկ ճանապարհի կառավարումը օտարերկրյա կառույցի։
Ահա եւս մեկ խախտված խոստում։ Մի քանի ամիս առաջ, երբ Ալիեւը պահանջեց, որ Հայաստանը համաձայնի լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, Փաշինյանն ասաց, որ դա կանի «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելուց հետո։ Այնուամենայնիվ, անցյալ ուրբաթ Փաշինյանը ստորագրեց Սպիտակ տան հուշագիրը, որով կոչ էր արվում լուծարել Մինսկի խումբը, չնայած Ալիեւը չէր ստորագրել պայմանագիրը։
Ավելի մտահոգիչ է, որ նախաստորագրված «Խաղաղության պայմանագիրը» չի պարունակում որեւէ դրույթ Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման, 2021 թվականից ի վեր Հայաստանի կողմից բռնազավթված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման կամ 120 հազար բռնի տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքի վերաբերյալ, չնայած Միջազգային քրեական դատարանի կողմից նրանց հայրենադարձման վերաբերյալ որոշմանը: Սա պարգեւ է Ալիեւի հանցավոր վարքագծի համար: Մինչեւ Ադրբեջանը չվերանայի իր դիրքորոշումը այս հարցերում, Փաշինյանը պետք է հրաժարվի նախաստորագրել կամ ստորագրել պայմանագիրը: Հուսով եմ՝ նա չի հիմնվում Թրամփի խոստումների վրա, որն ապրիլի 24-ին հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չնայած Կոնգրեսը եւ նախագահ Բայդենը ճանաչել էին այն:
2020 թվականին Հայաստանը համաձայնեց Ադրբեջանին տրամադրել տարանցիկ ճանապարհ իր տարածքով՝ փոխարենը ստանալով Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը։ Այդ ժամանակից ի վեր, Ադրբեջանը բռնագրավել է Արցախը եւ Լաչինի միջանցքը՝ վերացնելով Հայաստանի պարտավորությունը պահպանելու հրադադարի համաձայնագիրը։ Այս տարանցիկ կապը «Թուրանի ճանապարհն» է՝ թուրքական աշխարհի դարավոր երազանքը, որը Թուրքիան եւ Ադրբեջանը կապելու է Կենտրոնական Ասիայի թուրքական հանրապետություններին։ Ցավոք, այս հարցերը կարծես թե քիչ են հետաքրքրում Փաշինյանին, որն ավելի շատ կենտրոնացած է իր պաշտոնը պահելու, քան Հայաստանի շահերը պաշտպանելու վրա։
Ադրբեջանի հիմնական ձեռքբերումներից մեկը Սպիտակ տան արարողության ժամանակ եղավ 1992 թվականին Կոնգրեսի կողմից ընդունված «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի կասեցումը, որն արգելում էր ԱՄՆ կառավարության ուղղակի օգնությունը Ադրբեջանին։ Այժմ Ադրբեջանը կարող է գնել միլիարդավոր դոլարների արդիական ամերիկյան զենք, որը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ։ Ինչպե՞ս է սա նպաստում խաղաղությանը։
Հանրությանը որեւէ մանրամասնություն չի ներկայացվել ԱՄՆ-ի կողմից ճանապարհի կառավարման վերաբերյալ: Ինչո՞ւ այն տրամադրվեց 99 տարով՝ եւս 99 տարի երկարաձգելու հնարավորությամբ՝ փաստացի այն վերջնականապես հանձնելով ԱՄՆ կառավարությանը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին: Նաեւ պարզ չէ, թե ինչ օգուտ է ստանալու Հայաստանն իր տարածքով միլիարդավոր դոլարների արժողությամբ ապրանքների տարանցումից:
Տարիներ շարունակ Փաշինյանը դեմ էր Ալիեւի պահանջին՝ Հայաստանով անցնող ճանապարհի փոխարեն «միջանցք» ստեղծելու վերաբերյալ։ Միջանցքը ենթադրում է, որ տարանցիկ ճանապարհը կհամարվի ադրբեջանական տարածք։ Այնուամենայնիվ, երբ նախագահ Թրամփը ելույթ ունեցավ Սպիտակ տան գագաթնաժողովում, նա այդ ճանապարհն անվանեց «միջանցք»։ Ավելին, երեք ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագրում ներառված է «անխոչընդոտ տարանցում» խնդրահարույց եզրույթը։ Ի՞նչ է ենթադրում «անխոչընդոտ» բառը։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանն իրավունք չունի ստուգելու Ադրբեջանից իր տարածք անցնող անձանց անձնագրերն ու ուղեբեռը։
Ահա Սպիտակ տան գագաթնաժողովի հիմնական արդյունքը. Թրամփը կարող է ստանալ իր Խաղաղության Նոբելյան մրցանակը, Ալիեւը, Էրդողանը եւ թյուրքական աշխարհը կապահովեն իրենց տարանցումը Հայաստանի տարածքով, մինչդեռ Հայաստանը կարտահանձնի իր ինքնիշխան տարածքը եւ կհեռացնի Իրանին՝ իր միակ տարածաշրջանային դաշնակցին։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հարութ Սասունյանը «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչն է եւ խմբագիրը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: