Հիվանդությունները սովորեցնում են չհանձնվել ու պայքարել - Mediamax.am

Հոկտեմբեր 08, 2025
Հիվանդությունները սովորեցնում են չհանձնվել ու պայքարել
2480 դիտում

Հիվանդությունները սովորեցնում են չհանձնվել ու պայքարել


Մեդիամաքսում կարդացի Լուսին Մկրտչյանի Գլխիս մեջի «սպիտակ մեծ բանը» սյունակը՝ պատմություն, որը շատ ծանոթ է նաեւ ինձ:

2021 թվականի հունվարին չէի պատկերացնում, որ մի նոր վատ բան կարող է պատահել մեզ հետ` մեկ ամսվա միջակայքում երկու պապիկներիս մահվանից, 44-օրյա պատերազմի դժոխքից ու կորոնավիրուսի համաճարակի օրերին ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատելուց հետո: Բայց ակնաբույժն ամուսնուս ուղղորդեց «ապահովության համար» գլխուղեղի տեսապատկերման հետազոտություն անցնելու: Ու այդ պահին գլխիս մեջ վերջապես հավաքվեց վերջին շրջանում պարբերաբար լսած գանգատների խճանկարի պակասող կտորը ու հենց հաջորդ օրը՝ առանց հետաձգելու, գնացինք գլխուղեղի մագնիսառեզոնանսային հետազոտության` ՄՌՏ-ի: Տասը-տասնհինգ րոպե անց բժիշկը դուրս եկավ ու ասաց կոնտրաստի անհրաժեշտության մասին: Կոնտրաստը նյութ է, որը ներարկում են հետազոտության ընթացքում հայտնաբերված խնդիրն առավել մանրամասն զննելու համար:  Ես այլեւս հարցեր չունեի, պարզապես համաձայնությունս տվեցի: Հայտնաբերվեց բարորակ, բայց ահռելի մի գոյացություն, որը ճնշում էր տեսողական նյարդերը: Սկսվեցին այցերը տարբեր բժիշկների մոտ, մինչեւ ուշ գիշեր հավանական ու անհավանական բոլոր սցենարների քննարկումները, լսվեցին կարծիքներ ու մտքեր, որոնք ավելի լավ կլիներ չլսել ու չիմանալ: 

Ի վերջո բարեհաջող վիրահատվեց: 

Ու թվում էր, թե այստեղ ամեն ինչ պետք է ավարտվի. մնան միայն վեցամսյա ինտերվալով գլխուղեղի ՄՌՏ-ները ու արյան հետազոտությունները: Բայց 2022 թվականի մայիսին` ավագ դստերս ծննդյան հաջորդ օրը, արթնացա սարսափելի, անդիմադրելի գլխացավով: Մտածեցի, որ պարզապես հոգնել եմ ու հետագա  մի քանի օրերին փորձում էի առօրյա կյանքս ապրել` աշխատանքով, երեխաների ու տնային հոգսերով: Բայց ցավը չէր նահանջում, չէր թողնում մտածել, շարժվել, սնվել, քնել: Առավոտյան աչքերս բացում էի կարճատեւ նինջից հետո եւ ուրախանում, որ այս անգամ էլ արթնացել եմ: Մի երեկո ընթրիքի ժամանակ շատ վատ էի զգում ինձ, ուժասպառ էի, ուտել չէի կարողանում: Այդ պահին կրտսեր դուստրս վախեցած նայեց ինձ ու կամացուկ ասաց քրոջը` «Բել, մաման մահանում ա»: Անմիջապես գրանցվեցի ՄՌՏ հետազոտության` մինչեւ վերջ հուսալով, որ պարզապես գերհոգնած եմ:

Բայց հետազոտությունից հետո բժիշկը (նույն բժիշկը, ով վերջին մեկ տարվա ընթացքում նաեւ ամուսնուս էր հետազոտում) հրավիրեց ինձ էկրանի մոտ ու լարված կիսաժպիտով հարցրեց`«այլ տարբերակ չկա՞ր ամուսնուդ ասելու, որ սիրում ես իրեն»: Պարզվեց, որ ինձ մոտ արյունազեղում է զարգացել գլխուղեղի այն հատվածում, որտեղ ամուսնուս մոտ մեկ տարի առաջ հայտնաբերվել էր գոյացությունը:

Սոլժենիցինի մոտ տարիներ առաջ կարդացած տողերը հայտնվեցին գլխումս. “Самое верное испытание для врача – заболеть по своей специальности”: Փաստորեն այսպես է դա լինում…

Ինչեւէ, այսօր երկուսս էլ առողջ ենք:

Այս պատմության մասին սկզբնական շրջանում փորձում էի չմտածել, հետո ձգտում էի մոռացության տալ: Մինչեւ ի վերջո գիտակցեցի, որ պետք է առերեսվել, ընդունել ու առաջ շարժվել: Զգալ քեզ առողջ ու լիարժեք, նորից ապագայի պլաններ կազմել՝ ուղղակի ընթացքում պարբերաբար անցնելով անհրաժեշտ հետազոտությունները:

Ու որ անիմաստ են բոլոր «բայց ինչու՞ ինձ հետ», «ինչի՞ համար», «ի՞նչ վատ բան եմ ես արել»-ները: Հիվանդություններն առհասարակ իմաստ չունեն: Ու իրենք չեն գալիս իբրեւ պատիժ գործած ու չգործած մեղքերի համար: 

Հիվանդությունները սովորեցնում են մեզ ընդունել մեր թուլությունը, անօգնականությունը, երբեմն անկարող լինելը: Հիվանդության հետ գիտակցում ես սահմանները` քո ու քո օրգանիզմի կարողությունների, քեզ տրված ժամանակի, իրերի ընթացքի վրա քո ունեցած թվացյալ վերահսկողության: 

Հիվանդությունները մեզ սովորեցնում են նաեւ չհանձնվել, չհնազանդվել, պայքարել ու Աստծո օգնությամբ հաղթել:

Լուսինե Վարդանյանը բժիշկ է՝  նյարդաբան, հոգեբույժ։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Մի անգամ Դադիվանքում

Տոն, որն այլեւս քեզ հետ չէ
Մեր ընտրանին