Ես ճաղատ եմ։ Ավելի ճիշտ, մազերս արդեն 3 սմ աճել են։ «Քաչալի» իմ կյանքը սկսվել է մայիսին, երբ շատ անսպասելիորեն պարզվել է, որ գլխուղեղումս ահռելի գոյացություն կա։
Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ՄՌՏ հետազոտություն անող բժշկուհին ասաց, որ ինչ-որ բան է նկատում, բայց վստահ չէ, թե ինչ։ Հետո հավելեց՝ կլինի՞ «կոնտրաստային» նյութով հետազոտի։ Երբ դուրս եկա այլմոլորակայինի նավ հիշեցնող սենյակից, բժշկուհին նայեց ինձ ու մայրիկիս և ասաց, որ իմ ճակատային հատվածում հսկա գոյացություն կա և պետք է շտապ դիմել մասնագետի։ Ծիծաղեցի ու վստահաբար ասացի՝ «հավանաբար շփոթել եք մեկ այլ այցելուի հետազոտության արդյունքների հետ»։ Պարզվեց՝ ոչ։
Հսկա էկրանին իմ գանգի պատկերն էր, մեջն էլ ինչ-որ սպիտակ մեծ բան, որը, ցավոք, գլխուղեղս չէր, այլ գլխուղեղումս հայտնված մի օտար բան։ Ինչպես հետագա հետազոտությունները ցույց տվեցին՝ այդ «սպիտակ մեծ բանը» ուղեղս տեղաշարժել էր հետնամաս ու տեղավորվել ուղիղ հոտառական փոսիկի վրա։ Ես դեռ չէի հասկանում՝ ինչ է կատարվում ու չափազանց անլուրջ էի վերաբերվում։
Հետո․․․հետո սկսվում է մի անվերջանալի թվացող մարաթոնային վազք՝ գրեթե բոլոր բժշկական կենտրոններով։ Գրեթե բոլոր բժիշկներն էլ միաձայն կերպով պնդում են՝ «պատրաստ են հեռացնել գոյացությունը, սակայն միայն 60-70 տոկոսով»։
Մի բժիշկ, որի մասին լեգենդներ են պտտվում, առհասարակ իմ բոլոր հետազոտությունների եզրակացություններն ու սկավառակը շպրտում է սեղանին և ասում․
-Սա այնպիսի չափս է, որ ոչ մի բժիշկ էլ այստեղ չի վիրահատի։ Գնացե՛ք Ռուսաստան, միայն այնտեղ ձեզ կօգնեն։
Մեկ այլ բժիշկ էլ, որը պետք է տեսողությանս տեսադաշտը որոշեր, հետազոտության կեսից կանչում է մեկ այլ բժշկի ու դեմքիս նայելով ասում․
-Իր հետ նյարդերս չի հերիքում։ Դու փորձիր։
․․․Իսկ ես ուղղակի հոգնել էի, վիրավորվել և միայն ուզում էի, որ օր առաջ, ժամ առաջ այդ ամենն ավարտվի։
Ի վերջո, օրերից մի օր գտնում ենք այն բժշկին, որը վերջ էր դնելու այդ խելացնոր վազքին․․․Վիրահատական փուլից միայն հիշում եմ մազերս խուզելու պահն ու անվերջանալի երազները։ Հետո իմանալու էի, որ վիրահատությունը տևել է 12 ժամ, հետո հիվանդասենյակ, հետո նորից վիրահատություն՝ այս անգամ 4 ու կես ժամ ու չնախատեսված։ Առաջին վիրահատությունից 6 օր անց վիճակս կրկին վատացել էր։ Այս ամենի ընթացքում էլ՝ հիշողության կորուստներ ու հոգեկան անկայուն վիճակ։
Մի ամբողջ կյանք էլ չի բավարարի իմ բժիշկներին շնորհակալ լինելու համար․ նեյրովիրաբույժ Անդրոնիկ Իշխանի Քալայջյանին ու ասիստենտ՝ ԼՕՌ բժիշկ ու նեյրովիրաբույժ Արմեն Հարությունյանին։
Օրեր անց, ի վերջո, դուրս եմ գրվում հիվանդանոցից՝ մինչև այդ հասցնելով «ուտել» բոլորի կյանքը, հատկապես՝ բժիշկ Արմենինը։ Ամեն օր պահանջում էի ինձ դուրս գրել՝պնդելով, որ ես շատ լավ եմ, ու եթե դուրս չգրեն, ապա կփախչեմ․․․պատուհանով։ Ոչ մի կերպ չէի գիտակցում, որ ես 9-րդ հարկում եմ։
Հա, հիշողությունս, հատկապես վերջին երկու տարվա հետ կապված, խիստ դրվագային է․ որոշ բաներ անցյալից չեմ հիշում, չեմ կարողանում հիշել նաեւ որոշ մարդկանց։ Ունեմ տեղորոշման խնդիրներ։ Օրինակ, հիվանդանոցում օրեր շարունակ բոլոր-բոլորին հարցնում էի, թե որ քաղաքում եմ։ Երբ լսում էի՝ Երեւան, ապշում էի, որովհետեւ վստահ էի, որ Թբիլիսիում եմ։ Ամուսնուս, որը վիրահատությունից հետո առաջին անգամ եկել էր վերակենդանացման բաժանմունք ինձ տեսնելու, հարցրել էի, թե որտեղ եմ և ինչ է պատահել։ Պատասխանը լսել էի բոլորովին այլ բան՝ որ ես Ալավերդիում եմ, գետի վրա գտնվող ինչ-որ շարժական հիվանդանոցում։ Անկեղծ, շատ էի վիրավորվել, որ ինձ բերել ու «շպրտել են» այնտեղ։
Հիմա չեմ զգում որեւէ բույր, որեւէ հոտ՝ լինի օծանելիքի խենթացնող, թե ծխի նյարդայնացնող։ Ու երբեք չեմ զգալու․․․ կորցրել եմ հոտառությունս։ Այդ զգայարանն անվերադարձ կերպով լքել է ինձ։
Մի քանի օր առաջ տունս էի կարգի բերում, որտեղ չեմ ապրում արդեն երկու ամիս։ Պահարանի դարակներից մեկում գտա իմ սիրելի բույրն ունեցող մոմը։ Ժամանակին մեկ հատ պատվիրել էի և պարզապես սիրահարվել էի այդ բույրին, հետո նորից էի պատվիրել։ Այդ մեկն արդեն ափսոսում էի օգտագործել, նույնիսկ տուփը չէի բացել։ Պահում էի «լավ» ու սիրուն օրվա համար, չգիտակցելով, որ ամենալավ ու ամենասիրուն օրը՝ հենց այդ օրն էր։ Ինչպես այս պատմությունս լսելուց հետո ձեւակերպեց իմ պաշտելի ընկերուհին՝ «հետաձգված կյանքի սինդրոմի վառ օրինակ»։
Համի զգացողությունն էլ, ըստ ցանկության և ըստ տրամադրության, գալիս-գնում է, բայց սա տանելի է։ Հիշողության կորուստը եւս տանելի է։ Կարեւորն ապրում եմ, կամ, տեսնում եմ, լսում, զգում, միայն ափսոս, որ այլեւս չեմ զգա իմ սիրելի մոմի բույրը, չեմ զգա ռեհանի անուշաբույրը, չեմ զգա երեխաներիս պաշտելի բույրը՝ հատկապես լողացնելուց հետո։
Եթե հասաք պատմությանս այս կետին՝ շնորհակալ եմ։ Ուզում էի ասել, խնդրել, հորդորել՝ «մի՛ արհամարհեք Ձեր առողջությունը, ոչինչ մի վերագրեք թեթեւ խնդրի, հետեւողական եղեք ու հա, ամենակարեւորը, գնահատեք օդը, որը շնչում եք, բույրը, որը զգում եք, հիշողությունները, որ ունեք, մարդկանց, որոնք Ձեր կողքին են։ Եվ արեք այս ամենը ԳԻ-ՏԱԿ-ՑԱ-ԲԱՐ»։ Դա շատ կարեւոր է։ Հավատացեք իմ փորձին։
Լուսին Մկրտչյանը լրագրող է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: