Կոտրելով միֆերը հոգեկան առողջության մասին - Mediamax.am

Կոտրելով միֆերը հոգեկան առողջության մասին
435 դիտում

Կոտրելով միֆերը հոգեկան առողջության մասին


1949 թվականից սկսած մայիսը համարվում է հոգեկան առողջության մասին իրազեկման ամիս (Mental Health Awareness Month): Այս տարվա կարգախոսն էր «Իրազեկվածությունը վերածենք գործողության» (Turn Awareness into an action):

Այս առիթով առաջարկում ենք քննարկել հոգեկան առողջության մասին ամենատարածված միֆերը: 

ՄԻՖ 1. Հոգեկան առողջության ոլորտի մասնագետի (հոգեբան, հոգեբույժ) դիմում են միայն ծայրահեղ դեպքերում:

Հերքում. Միանշանակ ոչ, քանի որ շատ դեպքերում վաղ ախտորոշումը եւ բուժումը օգնում է դանդաղեցնել կամ կանգնեցնել հիվանդության առաջխաղացումը, պահպանել անձի աշխատունակությունը եւ ներգրավվածությունը հասարակական կյանքում: 

Բացի դրանից, հոգեբանին կարող են դիմել նաեւ հոգեպես առողջ անձինք` ինքնաճանաչման կամ անձնային աճի նպատակով:

ՄԻՖ 2. Դեպրեսիան պարզապես տխրություն է: Պետք է փոխել միջավայրը, աշխատանքը ու ամեն ինչ կկարգավորվի: 

Հերքում. Թեեւ առօրյայում հաճախ ենք ասում ու լսում` «այսօր մի տեսակ դեպրեսիվ եմ» կամ «լավ, մի դեպրեսվի», այնուամենայնիվ, դեպրեսիան հասարակ տխրություն չէ: Այն հիվանդություն է իր հստակ ախտանիշներով, որոնցից են կայուն ցածր տրամադրությունը, էներգիայի եւ մոտիվացիայի պակասը, հյուծելիությունը, ինչպես  նաեւ մի շարք այլ ախտանիշներ: 

Դեպրեսիա ախտորոշում ունեցող պացիենտը կարիք ունի համակողմանի ու երկարատեւ բուժման: Եվ իհարկե, այն չի բուժվելու զուտ միջավայրը փոխելու շնորհիվ։

ՄԻՖ 3. Հակադեպրեսանտներ նշանակվում են միայն ծայրահեղ դեպքում։ 

Հերքում. «Հակադեպրեսանտներ» անունը շփոթության է մատնում մարդկանց: Այս խմբի բազմազան դեղերը այսօր օգտագործվում են ոչ միայն դեպրեսիայի, այլեւ տագնապային խանգարման, խուճապի գրոհների, անքնության, մի շարք ցավային համախտանիշների բուժման համար: 

Հակադեպրեսանտները նշանակվում են ըստ ցուցումների եւ ոչ միայն ծանր աստիճանի խնդիրներ ունեցող պացիենտներին։

ՄԻՖ 4. Հոգեկան հիվանդները ագրեսիվ են, անպայման ունեն վատ մտադրություններ ու վնաս են պատճառում:

Հերքում. Այո, հոգեկան հիվանդները (հատկապես` բուժման բացակայության պայմաններում) երբեմն կարող են լինել իմպուլսիվ, կարող են գործել գիտակցության մասնակի խանգարման պայմաններում կամ լինել ցնորքների ու զառանցական մտքերի ազդեցության տակ: 

Ասելով հոգեկան հիվանդություն` շատերը նկատի ունեն շիզոֆրենիան: Սակայն բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ շիզոֆրենիայով տառապող անձինք ավելի հաճախ ոչ թե բռնարար են, այլ հենց իրենք են բռնության զոհ դառնում:

ՄԻՖ 5. Հնարավոր չէ հոգեկան հիվանդություն ձեռք բերել հասուն տարիքում:

Հերքում. Ցավոք, հոգեկան հիվանդություն կարելի է ձեռք բերել ցանկացած տարիքում: Հնարավոր է հիվանդանալ անգամ ժառանգականության բացակայության դեպքում: Բայց ցանկացած դեպքում կարեւոր է ժամանակին դիմել համապատասխան մասնագետի:

Միֆերից ու դրանց հերքումներից հետո ՀԻՇԵՑՈՒՄ. Հոգեկան առողջությունը նույնքան կարեւոր է, որքան մարմնականը: Ցանկացած մարդ կյանքի որեւէ փուլում կարող է ունենալ այս կամ այն հոգեկան խնդիրը: Հոգեկան առողջության մասնագետին դիմելը ամոթ չէ: Եվ իհարկե, սրանք այն խնդիրները չեն, որ պիտի քննարկվեն Google–ի եւ ChatGPT-ի հետ:

Լուսինե Վարդանյանը բժիշկ-նյարդաբան է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին