Եթե սպասում էիք վերլուծական ակնարկ կարդալ վերջին մեկ դարի ընթացքում Հայաստանի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների մասին, ապա Ձեզ կհիասթափեցնեմ։ Ես պատմաբան չեմ ու չեմ հավակնում վերլուծություններ անել Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման եւ քայքայման թեմաներով։ Եթե հետաքրքրված եք փաստերով, կարող եք (վեր)ընթերցել Մեդիամաքսի «Հանրապետություն» շարքը։
Ես սովորական քաղաքացի եմ, ում համար իր երկրի անկախությունը բացարձակ ու անվիճարկելի արժեք է։ Գլոբալիզմի այս ամենակուլ ժամանակաշրջանում, լինելով «բավական փոքր ածու եւ թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ եւ շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված» (Մովսես Խորենացի), մենք կարողացել ենք ստեղծել պետություն բարդ տարածաշրջանում՝ սեփական ու յուրահատուկ լեզվով, գրերով, հավատքով։
Ես պարզապես սիրում եմ Հայաստանը։
Տարիքի հետ այդ սերն անցել է շատ փուլերով՝ հիացմունք, անտարբերություն, մեղադրանք, հիասթափություն։ 2025 թվականի դրությամբ՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության եւ իմ 34-ամյակին մոտ, այդ սերը նման է երկար տարիներ միասին ապրող զույգի սիրո։ Այն այլեւս փոխադարձ մեղադրանքների ու պահանջների մասին չէ, այլ անվերապահ ընդունելու։ Կշտամբանքը փափուկ է, չմեղադրող, լքելու ու այդ ամենից ազատվելու մասին մտքեր չառաջացնող, հերթական բարդությունն էլ միասին հաղթահարելու մասին մտածող։
Մեր կյանքը հիմա պիտի լինի ոչ թե արժեզրկման, այլ վերաիմաստավորման մասին: Ո՞րն է մեր գոյության իմաստն ու նպատակը, ինչի՞ մասին ենք մենք՝ իբրեւ ազգ։ Մենք կարիք ունենք ոչ թե հիասթափվելու, այլ հստակ ձեւակերպելու մեր նպատակները ու դրանց հասնելու ուղիները։
Ալեքսանդր Սուվորովը ժամանակին ասել է, որ վատն է այն զինվորը, ով չի երազում գեներալի ուսադիրների մասին։ Մեզ անհրաժեշտ են համարձակ ու հստակ նպատակներ, գործողությունների պլան, մենք այլեւս դատարկ երազելու ժամանակ ու հնարավորություն չունենք։ Պետք է վանենք մեզնից հեռու նաեւ անիրատեսական, ոգեւորիչ լոզունգները։ Դրանք բենզինի նման բորբոքում են կրակը, բայց երբ փայտ չես ավելացնում, կրակն արագ հանգչում է։
Այո, ոչ մեկ տարուց, գուցե նաեւ ոչ մեկ մարդկային կյանք հետո, բայց մենք կարող եք իրապես ոտքի կանգնել եւ ուղղել մեր մեջքը։ Մենք չենք կարող չհավատալ մեր ապագային ու դադարել գործել։
Հոգեթերապիայում ներքին ընտանեկան համակարգերի մոդել (internal family systems model) հասկացություն գոյություն ունի՝ նախատեսված տրավմատիկ փորձառություն ունեցած անձանց հետ աշխատելու համար։ Այն ենթադրում է, որ մարդու ներաշխարհը կազմված է տարբեր ենթաանձերից (subpersonality), որոնցից յուրաքանչյուրն ունի տարբեր բնութագրիչներ՝ նպատակներ, հետաքրքրություններ, հիշողություններ, համոզմունքներ, հասունության աստիճան, որոնցով կարող է խիստ տարբերվել մյուսներից։ Նորմայում նրանք համագործակցում են իրար հետ ու հոգեկան հավասարակշռության բերում։ Նման թերապիան օգնում է անձին հասնել ու գտնել իր առանցքային Ես-ը եւ առանձին-առանձին աշխատել «ընտանիքի» վնասված, տուժած անդամների հետ։ Սա օգնում է հասկանալ, որ արտաքին պաշտպանական շերտի տակ շարունակում է գոյություն ունենալ անվնաս ներքին էությունը, իսկ ցավն ու պարտությունները թեեւ մեր Ես-ի անբաժան մասն են, բայց մեր ամբողջ էությունը չեն։
Այսօր 107 տարի առաջ վերագտած մեր պետականության տարելիցն է։
Այսօր հաղթանակների, մոխիրներից վերածնվելու, անկարելին կարելի դարձնելու մասին հիշելու մեր օրն է։ Մենք իրավունք չունենք արժեզրկելու այն, ինչ ունեցել ենք՝ ոչ մի պարագայում։ Դա եղել է ինչ-որ պահի մեր ներկան՝ իրապես եղել է։
Ու այն, ինչ այսօր ներկայում է, վաղը նույնպես դառնալու է անցյալ։
Լուսինե Վարդանյանը բժիշկ է՝ նյարդաբան, հոգեբույժ։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: