«Սովորեցված անօգնականության» ճիրաններից` դեպի աճ եւ ազատություն - Mediamax.am

«Սովորեցված անօգնականության» ճիրաններից` դեպի աճ եւ ազատություն
101 դիտում

«Սովորեցված անօգնականության» ճիրաններից` դեպի աճ եւ ազատություն


«Հայաստանի քաղաքացիների մոտ մեկ երրորդը հավանական է համարում Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին». կարդում եմ հերթական նորության ծանուցման մեջ։ Ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհներով, արդյո՞ք հանրաքվեի կամ ստորագրահավաքի անցկացումը բավական է, կամ արդյո՞ք այդպիսին է սահմանված ընթացակարգը... այս հարցերը, ցավոք, քչերին են հուզում։

Ականջահաճո խոսակցությունները մեզանում արագ տարածվում են ու ձեռք են բերում աներկբա ճշմարտությունների արժեք։ Մինչդեռ գոյություն ունեն առողջ դատողություն ու քննադատական մտածողություն երեւույթները։ Մարդու գլխուղեղի որոշակի տեղամասեր, օրինակ՝ ճակատային բլթերում, պատասխանատու են հենց այս գործառույթների համար՝ դատողություններ անել, կարողանալ զանազանել առաջնայինը երկրորդայինից, կարեւորն անկարեւորից։ Գլխուղեղի նշված հատվածները մասնակցություն ունեն հիշողության ձեւավորման մեջ, ինչպես նաեւ պատասխանատու են ուշադրության կենտրոնացման համար (sustained attention):

Մեր ժամանակաշրջանը, ընդհակառակը, միտված է կարծես այս երեւույթների դեմ։

Ուշադրության կենտրոնացումը եւ մի խնդրի շուրջ հինգ-տասը րոպեից ավելի մտածելը դարձել է լուրջ խնդիր։ Փողոցում, հեռուստացույցից, զանազան գադջեթներից մեզ վրա է թափվում վիզուալ, ձայնային, ինֆորմացիոն աղմուկ, որը խլացնելը դարձել է գերխնդիր։ Մեզ առաջարկվում են լուծումներ ամեն ինչի համար, ամեն կողմից։ Այլեւս կարիք չկա հիշելու, մտաբերելու, գրառում անելու, փորձելու, սխալվելու։ Չգիտե՞ս ինչպես պատրաստել այս կամ այն ճաշատեսակը՝ փնտրի՛ր համացանցում։ Չե՞ս հիշում այս կամ այն պատմական իրադարձության մանրամասները՝ փնտրի՛ր համացանցում։ Մոռացե՞լ ես ցանկացած բան՝ փնտրի՛ր համացանցում։ Այլեւս կարիք չկա ժամանակ վատնել նոր գիտելիքներ ձեռք բերելու ու ինչ-որ բան սովորելու համար։

Ամեն կողմից մեզ վրա են թափվում կենցաղային օգնականները, ու մենք ինքնամոռաց գնում ենք արդեն երրորդ փոշեկուլը՝ մեկը սովորական, մեկը՝ ռոբոտ, բայց դե անլար փոշեկուլը լրիվ նոր լուծումներ  է առաջարկում։ Արդյունքում ունենք խնայված ազատ ժամանակ եւ... եւ նոր խնդիր՝ ինչպե՞ս եւ ինչո՞վ լցնել այդ ժամանակը։

Ուրեմն ինչու՞ ենք թվում այսքան անօգնական։ Փորձեք մի պահ պատկերացնել Ձեր կենցաղը, եթե չունենաք ինտերնետ։ Սա ենթադրում է, որ չեք կարող պատվիրել տաքսի, սննդի եւ այլ ապրանքների առաքում, չեք կարող միացնել ռոբոտ փոշեկուլը, չեք ծանոթանում լրահոսին, google calendar-ը չի հիշեցնում հանդիպումների ու պայմանավորվածությունների մասին:Ցանկը կարելի է շարունակել գրեթե անվերջ՝ հաշվի առնելով առանձին մարդկանց սեռային, տարիքային ու կենսակերպային առանձնահատկությունները։ Այսպիսով մարդու մոտ ձեւավորվում է սովորեցված անօգնականություն (learned helplessness):

Սովորեցված անօգնականության գաղափարը առաջ է քաշվել ամերիկացի հոգեբան Մարտին Սելիգմանի կողմից։ Անցյալ դարի կեսերին նա փորձեր էր կատարում շների վրա։ Առանձնացրել էր շների երեք խումբ. առաջին խմբի կենդանիներին պարզապես պահում էին վանդակում։ Երկրորդ խմբի կենդանիները էլեկտրական հարված էին ստանում, բայց կար կոճակ, որին սեղմելով՝ կարող էին այն դադարեցնել։ Երրորդ խմբի կենդանիները կրկին էլեկտրահարվում էին, սակայն որեւէ կերպ չէին կարող վերահսկել էլեկտրական հոսանքի հաղորդումը։ Որոշ ժամանակ այս պայմաններում լինելուց հետո շներին տեղափոխեցին արկղերի մեջ։ Արկղերը ներսում ունեին ցածր պատնեշ, որով բաժանվում էին երկու մասի։ Առաջին կեսում բոլոր երեք խմբերի կենդանիները ենթարկվում էին էլեկտրական հարվածների, սակայն կարող էին ցատկել արգելապատնեշի վրայով ու հայտնվել ապահով՝ չէլեկտրահարվող կեսում։ Առաջին խմբի շները պարզապես դուրս էին թռչում արկղից։ Նույն կերպ էին վարվում նաեւ երկրորդ խմբի շները։ Իսկ երրրորդ խմբի շները, որոնք սովոր էին, որ ազդեցություն չունեն էլեկտրական հարվածի ուժգնություն ու հաճախության վրա, սկզբում անհանգիստ այս ու այն կողմ էին անում արկղում, ապա դադարում էին շարժվել եւ պարզապես պառկում էին հատակին՝  վնգստալով ի պատասխան հերթական  էլեկտրական հարվածի։

Հետագա տասնամյակների ընթացքում՝ նեյրոգիտության զարգացմանը զուգահեռ, Սելիգմանի փորձերի եզրակացությունները վերանայման ենթարկվեցին։ Նրա նախկին կոլեգա ֆիզիոլոգ Սթիվեն Մայերը ցույց տվեց, որ գլխուղեղի բազային վիճակը պասիվն է, իսկ ակտիվ գործունեությունը՝ արտաքին անբարեհաճ հանգամանքներին դիմադրելը, ձեւավորվում է գլխուղեղի ճակատային բլթերի գործունեության շնորհիվ, ինչն էլ էվոլյուցիայի տեսանկյունից համեմատաբար նոր մեխանիզմ է։

Ժամանակակից գիտությունը հերքում է Սելիգմանի եզրակացությունները: Համարվում է, որ ոչ թե անօգնականությունն է սովորեցված, այլ այն բազային վիճակում կա. խնդիրը պայքարել չսովորելն է։ Ըստ Սելիգմանի հիպոթեզի՝ շները չէին փախչում, քանի որ չէին սպասում, որ իրենց ձեռնարկած որեւէ գործողություն կարող է դադարեցնել էլեկտրահարումը։ Այդ ժամանակ նա որոշեց փոխել փորձի ընթացքը. փորձարարները սկսեցին օգնել շներին շարժել իրենց ոտքերը՝ վազքի, փախչելու իմիտացիա կատարելով։ Մի քանի անգամ սա կրկնելուց հետո շները սկսեցին ինքնուրույն ցատկել պատնեշի վրայով։

Ի՞նչ կարող ենք եզրակացնել մենք՝ մի կողմ թողնելով նեյրոգիտնականների բանավեճերը։ Այն, ինչ մեր վերահսկողությունից դուրս ու անխուսափելի է թվում, բացասական է ազդում մեր ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա։ Հաճախակի սթրեսային ու տրավմատիկ իրադարձությունները (հատկապես՝ դրանց համամարդկային ու համաշխարհային բնույթը) բերում են անօգնականության զգացողության ձեւավորման։ Սակայն մարդու գլխուղեղը ունակ է պայքարել դրա դեմ։ Դրա համար մենք ունենք հիշողություններ, անցյալի փորձ, գիտելիքներ։ Մենք ունակ ենք նպատակներ սահմանել ու հաղթահարել դեպի այդ նպատակներ տանող ճանապարհը։ Բայց նախեւառաջ պետք է կարողանանք ֆիլտրել այն, ինչ լսում ու տեսնում ենք, ու ամենակարեւորը՝ ինչպես ենք արձագանքում դրան։

Հոլոքոսթը վերապրած ավստրիացի հոգեբույժ Վիկտոր Ֆրանկլը իր՝ «Մարդը՝ իմաստի փնտրտուքներում» գրքում ասում է, որ խթանի եւ մեր արձագանքի միջեւ կա տարածություն, եւ հենց այդտեղ է թաքնված արձագանքն ընտրելու մեր ունակությունը, մեր աճն ու ազատությունը։

Լուսինե Վարդանյանը բժիշկ-նյարդաբան է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին