Հրաժեշտ Արման Գրիգորյանին՝ 14-ամյա տղայի «ռեպորտաժը» 1990 թվականից - Mediamax.am

Հրաժեշտ Արման Գրիգորյանին՝ 14-ամյա տղայի «ռեպորտաժը» 1990 թվականից
486 դիտում

Հրաժեշտ Արման Գրիգորյանին՝ 14-ամյա տղայի «ռեպորտաժը» 1990 թվականից


Մայիսի 15-ին կյանքից հեռացավ նկարիչ, «3-րդ հարկ» նորարարական շարժման գաղափարական առաջնորդ եւ նախաձեռնող խմբի անդամ Արման Գրիգորյանը: Ես նրան չեմ ճանաչել, բայց միշտ ցանկացել եմ ծանոթանալ: 1990-ականների սկզբին շատ երիտասարդ ու ամաչկոտ էի այդ քայլն անելու համար, իսկ հետո՝ շատ զբաղված ամենօրյա աշխատանքով:

Ինչպես շատերս, ես էլ մտածում էի, որ «մի օր» առիթ կլինի շփվել իր՝ մոռանալվ Ջոն Լենոնի հրաշալի խոսքն այն մասին, որ «կյանքն այն է, ինչ կատարվում է մեզ հետ այն ժամանակ, երբ մենք բոլորովին այլ ծրագրեր ենք մշակում»:

Երեկ տեսա, որ ապրիլի 13-ին Արման Գրիգորյանն իր Ֆեյսբուքյան էջում դրել էր Deep Purple-ի իմ ամենասիրած երգը՝ Pictures of Home-ը, ու մտածեցի, թե մենք ի՛նչ հետաքրքիր զրույցներ կարող էինք ունենալ: Իսկ մի քանի ակնթարթ հետո հասկացա, որ առաջին ու միակ դեպքը, երբ գտնվել էի Արման Գրիգորյանի կողքին, ուղեկցվում էր Deep Purple-ի երաժշտությամբ: Դա 35 տարի առաջ էր, երբ ինքը 30 տարեկան «մեծ դյադյա» էր, իսկ ես՝ 14 տարեկան երեխա:


Արման Գրիգորյան
Լուսանկարը՝ Էդուարդ Բագրատունի

Ես հիշում էի, որ 35 տարի առաջ այդ հանդիպման մասին բան էի գրել, բայց վստահ չէի, որ այն պահպանվել է իմ արխիվներում: Ման եկա ու գտա:

Փաստորեն, Արման Գրիգորյանին ես իմ հարգանքի տուրքը մատուցել եմ դեռ 35 տարի առաջ՝ միայն իրական արվեստագետն ու իր ընկերները (ստորեւ նկարագրվող ծալովի մահճակալների գործի հեղինակը Արա Հովսեփյանն է) կարող էին այդպես հուզել 14-ամյա պատանուն:

1990 թվականին սովորում էի Պուշկինի անվան ռուսական դպրոցում՝ հումանիտար թեքումով դասարանում: Մեր ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ Մարկ Գրիգորյանը շաբաթը մեկ ազատ ստեղծագործելու դաս էր անում՝ առաջարկելով գրենք այն, ինչ զգում ենք: Եթե չլիներ Մարկը, չէր լինի նաեւ այն մանկական նոն-կոնֆորմիստական տեքստը, որը հիմա կկարդաք:

Տեքստը գրվել է ռուսերեն, այն թարգմանել եմ հայերեն՝ կրճատելով: Ցանկության դեպքում կարող եք սեղմել նկարների վրա եւ կարդալ ռուսերեն բնագիրը: Վստահ չեմ, բայց կարծում եմ, որ ցուցահանդեսին մենակ եմ եղել, իսկ դասընկերոջ ներկայությունը հորինել եմ՝ «պատմվածքից» ավելի շատ «դրամատիզմ» հաղորդելու համար:

***

Կա՛յֆ (ցուցահանդեսից ռեպորտաժի նման մի բան)

Երկու օր առաջ ավանգարդիստական ցուցահանդեսի էի գնացել։ Այդ դա գործ էր: Ճիշտն ասած, ինքս ոտքից գլուխ ավանգարդիստ եմ։ Ոչ միայն այն պատճառով, որ մի քիչ նկարում եմ աբստրակտ ոճով եւ սյուրռեալիստական ցնորքներ եմ գրում:

Մանուկ հասակից ինձ հետաքրքիր էր, թե ինչպես է մեկը ծառը սովորական ծառի պես նկարում, իսկ մյուսը՝ նույն ծառը պատկերում մեծ գունավոր լաքայի տեսքով:

Շուրջս ասում են, որ այն, ինչ գրում է Խարմսը, հիմարություն եւ անիմաստություն է, ես ես խորիմաստ ժպտում եմ։ Ինչպե՞ս կարող են նրանք իրապես ընկալել աբսուրդի գրականությունը: Աբսուրդը պետք է կարողանալ պատկերել, եւ դա ամեն մեկի բանը չէ (սա նրանց եմ ասում, ովքեր պնդում են են, որ նման «խզբզոց» բոլորն էլ կարող են գրել ու նկարել)։

Վերջին դասը չունեինք, տուն գնալու հավես չկար, եւ դասընկերոջս հետ որոշեցինք քայլել քաղաքում։ «Մոսկվա» կինոթատրոնի կողքով անցնելիս տեսանք, որ ինչ-որ հետաքրքիր ցուցահանդես է եւ մտանք:



Նկարիչների խմբի, ցուցահանդեսի հեղինակների անունը «Վանդալ» էր: Լավ են մտածել, չէ՞։ Այո, այդ ցուցահանդեսը վանդալիզմի ակտ է օրինակելի քեռիների եւ մորաքույրների նկատմամբ, ովքեր սիրում են Իլյա Գլազունովին։

Մուտքի մոտ գրված է «Երրորդ հարկ»։ Հավանաբար, ցուցահանդեսի անվանումն է։ Նրանց համար է, ում մտքերը հպարտ են եւ ազատ, այլ ոչ թե նրանց, ովքեր փնթփթում են իրենց առաջին, սեյսմակայուն հարկում:

Սկիզբը հինգի է, տեսնենք, թե ինչ կլինի հետո։

Նախասրահում նկարիչների մեծ լուսանկարներն են: Դահլիճում, հենց մուտքի մոտ տեսամագնիտոֆոն է դրված։ Կողքը խմբված մարդիկ լուսանկարների կենդանի կրկօրինակներն են: Միգուցե ծանոթանա՞նք: Լավ, նայենք ցուցահանդեսը, իսկ հետո, տպավորությունից կախված...

Իսկ ո՞վ է էկրանին։ Ծանոթ դեմք է, բայց տեղը չեմ բերում... Լավ, գնացինք։

Առաջին մի քանի նկարները հավանեցի, բայց ոչ այնքան՝ առաջին անգամ եմ այսպիսի ցուցահանդեսում եւ լավ չեմ հասկանում, թե ինչն ինչոց է։ Բացի դրանից, չափից դուրս կրթված ընկերս սկսեց գլուխս տանել՝ ասելով, որ այս ցուցահանդեսը գրագողություն է եւ այս ամենն ինքն արդեն տեսել է Կանդինսկու եւ Մալեւիչի ալբոմներում: Իսկ ինձ, անկեղծ ասած, մեկ է՝ առաջին անգամ եմ մոտիկից առնչվում այս արվեստին:

Այո, հիացմունք դեռ չեմ չունեմ, բայց կանխազգում եմ, որ ամեն ինչ դեռ առջեւում է։

Գնացինք-եկանք, հատուկ հիացմունք միեւնույն է, չկար, ես էլ ինձ մխիթարում էի մտքով, որ առաջին փորձը հաճախ անհաջող է լինում: Ի՞նչ անենք, նկարիչների հետ ծանոթանա՞նք: Դե լավ, մի քիչ նստենք ու հեռուստացույցի էկրանին նայենք: Մի րոպե, չէ՞ որ այս երգը ես գրեթե ամեն օր երազում եմ տեսնում: «Ծուխը ջրի վրա»: Սա Deep Purple-ն է: Չէ, ինչ ուզում ես ասա՝ այսօր շատ հաջող օր է:



Նկարիչները, հավանաբար, զարմացան, երբ առանց թույլտվության եկանք ու սկսեցինք իրենց կասետը նայել: Բայց բան չասացին: Երեւի, զգացին որ «յուրային» եմ: Պաստառների վրա փակցված էր Անդրե Բրետոնի սյուրռեալիզմի մանիֆեստը եւ «Վանդալ» խմբի սեփական մանիֆեստը։ Մարդիկ էին գալիս, ուսումնասիրում էին էդ մանիֆեստները՝ էկրանը փակելով: Կարճ ասած, կայֆը կոտրում էին: Լիքը բիձա մարդիկ են գալիս, արագ շրջում են դահլիճներով ու դեմքերը ծռելով հեռանում՝ կորցրած քառասուն կոպեկի համար ափսոսալով։ ՙենք, ի դեպ կարողացանք ձրի մտնել:

Հետո սկսվեց «Տարօրինակ կինը» երգը եւ ինձ հետ ինչ-որ բան կատարվեց: Հիշո՞ւմ եք, զգում էի, որ ամեն ինչ դեռ առջեւում է: Այդ «ամեն ինչը» սկսվեց՝ աչքերիս առաջ կանգնեց ցուցահանդեսի գործերից մեկը: Այն կազմված էր հինգ ծալովի մահճակալներից, որոնք կապված էին շղթայով:



Առաջին մահճակալը կոչվում էր ԿԱՍԿԱԾ։ Տարօրինակ աղջիկը ցանկանում է սովորել գեղարվեստական քոլեջում, բայց փող չունի եւ ստիպված սկսում է վաճառել իր մարմինը: Հաճախորդներից մեկը սկսում է հաճախ այցելել աղջկան։ Նրան թվում է, որ տղան սիրահարված է, բայց նա ոչինչ չգիտի իր մասին։ Կասկածները հանգիստ չեն տալիս, բայց տարօրինակ աղջիկը ցանկանում է մտածել միայն լավի մասին:

Երկրորդը կոչվում է ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ։ Հերթական սիրո ակտի ժամանակ աղջիկը գիտակցում է, որ այդ հաճախորդը դուր է գալիս իրեն։ Նա համբերում է սերը, բայց ինչ-որ բան խանգարում է լիովին բացվել։



ԵՐՐՈՐԴԸ կոչվում է ՍԵՐ։ Տարօրինակ աղջիկը անկեղծորեն սիրում է տղային, բայց իրեն հանգիստ չի տալիս իր մարմնավաճառ լինելու միտքը: Գործընկերուհիները չարախնդում են. «Բոզի մեկն է, բայց սիրահարվել է»: Սերը նրան անմտություն է թվում, բայց ոչինչ չի կարող անել իր հետ՝ հրաժեշտ է տալիս իր անցյալին, եւ նրանք սկսում են ԱՊՐԵԼ միասին։

Չորրորդը կոչվում է ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ։ Տղան աղջկան լքում է մի քանի շաբաթով, նա էլ՝ ապրուստի միջոցներ չունենալով, վերադառանում է իր հին արհեստին, որ մի կերպ ձգի մինչեւ վերադարձը: Բայց վերադառնալով՝ տղան աղջկան ասում է ամենասեւ բառերը ու հեռանում: Սերն ավարտվել է:

Հինգերորդն էլ կոչվում է ԶԶՎԱՆՔ։ Մի քանի օրից տղան գալիս, ընկնում է աղջկա ոտքերը եւ խնդրում է ներել իրեն։ Տաօրինակ աղջկա մոտ դա միայն զզվանք է առաջացնում: Նա հպարտ է եւ վռնդում է տղային…

Ես հասկացա՛ այս գործը: Երգի օգնությամբ: Այ սա լրիվ կայֆ է՝ եւ ոչ ոք չխանգարեց: ԿԱՅՖ:

1990 թվական:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին