Երբ 1993 թվականի ամռանը հիմնական կազմով դուրս եկանք Bravo թերթից եւ ցանկանում էինք հիմնել մեր Maximum թերթը, պետք էր հովանավոր գտնել: Բավական արագ գտանք՝ «Առագաստ» բազմապրոֆիլային ընկերությունն էր, որի կազմում գործում էր «Առագաստ Բեն» ծրագրավորման ընկերությունը:
Մեզ մի սենյակ հատկացրեցին «Առագաստ Բեն»-ի գրասենյակում՝ Մերգելյանի անվան ինստիտուտի մասնաշենքերից մեկում: Այնտեղ մենք «օտար տարր» էինք, բայց դրանից առանձնապես չէինք նեղվում: Նյութերը հավաքում էինք սովորական համակարգիչների վրա, իսկ էջադրման համար ավելի հզոր համակարգիչ էր հարկավոր (այն ժամանակվա չափանիշներով): Այդպիսի համակարգիչ կար «Առագաստ Բեն»-ի այլ գրասենյակում՝ Կոմիտասի պողոտայի վրա:
Երբ առաջին անգամ գնացինք այնտեղ թերթը էջադրելու, հայտնաբերեցինք, որ այդ համակարգիչը զբաղված է: Նրա շուրջ խմբված էին երեք երիտասարդներ՝ Արմեն Ազարյանը, Արա Աղամյանը եւ Արսեն Բադեյանը: Համադասարանցիներ էին, Triada թիմ էին ստեղծել եւ զբաղվում էին համակարգչային գրաֆիկայով եւ անիմացիայով, ինչը 1993-1994 թվականների Հայաստանի համար չլսված բան էր: Սկզբում հարաբերությունները մի փոքր լարված էին՝ թե մենք, թե նրանք վստահ էին, որ այդ համակարգչից օգտվելու ավելի շատ իրավունքներ ունեն: Բայց արագ ընկերացանք: Այն աստիճանի, որ 1994 թվականի ամառային արձակուրդը որոշեցինք միասին անցկացնել Սեւանում:
Այդ արձակուրդի ժամանակ էր, որ լավ break dance պարող Արայիկը Everybody dance now երգի տակ մրցում էր այլ տղաների հետ: Մի օր էլ մագնիտոֆոնը ուսերից դրած (Gypsy Kings էինք լսում) գնացինք Սեւան քաղաքի «միկրո» կոչվող թաղամասը, որտեղ ավտոտնակների մոտ հանդիպեցինք մեր ընկեր Տիկոյի «Ակա» մականունով ընկերոջը, որը մեզ ջերմուկի շշի մեջ լցված անհասկանալի օղի հյուրասիրեց:
Երեք տասնամյակ առաջ մենք անհոգ եւ երջանիկ պատանիներ էինք եւ չէինք մտածում, որ Maximum-ը եւ Triada-ն դասական «ստարթափներ» էին: Այն ժամանակ անգամ այդպիսի բառ չկար, կամ գոնե մենք այդ բառը չգիտեինք:
2015-ին, «Ակայի» հետ հանդիպելուց խմելուց 20 տարի անց, հայկական համակարգչային գրաֆիկայի շուկայի երկարամյա առաջատար Triada Studio ընկերությունը App Store-ում թողարկեց Shadowmatic խաղը: Այն ոչ միայն հայտնվեց բոլոր երկրների App Store-ի Editor's Choice բաժնում, այլեւ Apple-ի կողմից ճանաչվեց որպես 2015 թվականի հունվարի լավագույն խաղ: Իսկ մի քանի ամիս անց՝ 2015-ի ամռանը, Triada Studio-ն Shadowmatic-ի համար արժանացավ Apple-ի ամենամյա Apple Design Awards մրցանակին:
30 տարի առաջ՝ «Ակայի» հետ շշից օղի խմելով, մենք չգիտեինք Stay hungry. Stay foolish արտահայտությունը: Չգիտեինք, բայց ապրում էինք հենց այդպես: Եվ ինչ-որ բանի հասանք:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: