Նախագահ Թրամփն արժանի չէ արտասանելու ցեղասպանություն բառը - Mediamax.am

Նախագահ Թրամփն արժանի չէ արտասանելու ցեղասպանություն բառը
248 դիտում

Նախագահ Թրամփն արժանի չէ արտասանելու ցեղասպանություն բառը


Նախագահ Դոնալդ Թրամփի 2025 թվականի ապրիլի 24-ի ուղերձը, որում նա խուսափեց հիշատակել Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն, ամոթալի շրջադարձ է Միացյալ Նահանգների տասնամյակների ճանաչումներից: Թուրքական և ադրբեջանական շրջանակներն արագորեն օգտվեցին Թրամփի հայտարարությունից: Թուրքական Turkiye Today թերթը ապրիլի 24-ին հոդված հրապարակեց՝ «Թրամփն ապրիլի 24-ին խուսափեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթից՝ որպես բարեկամական ժեստ Թուրքիայի նկատմամբ» խորագրով: Ադրբեջանական Azernews լրատվամիջոցը ապրիլի 25-ին հոդված հրապարակեց՝ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 1915 թվականի հայտարարության մեջ խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից» վերնագրով:

Միացյալ Նահանգների կառավարությունն առաջին անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1951 թվականին այն պաշտոնական փաստաթղթում, որը ներկայացվել է Արդարադատության միջազգային դատարան (Համաշխարհային դատարան):

Ներկայացուցիչների պալատը 1975 և 1984 թվականներին ընդունել է երկու բանաձև, որոնցով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նախագահ Ռոնալդ Ռեյգանը այն ճանաչել է 1981 թվականի ապրիլի 22-ի իր հռչակագրում:

Ներկայացուցիչների պալատը կրկին ճանաչել է այն 2019 թվականի հոկտեմբերի 29-ին՝ 405 կողմ և 11 դեմ ձայների ճնշող մեծամասնությամբ։ Չնայած նախագահ Թրամփի մի քանի փորձերին՝ այն խոչընդոտելու, ԱՄՆ Սենատը 2019 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունել է բանաձև, որով միաձայն համաձայնությամբ (100 կողմ և 0 դեմ) ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Այնուհետև նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 2021 թվականի ապրիլի 24-ին հրապարակված գրավոր հայտարարությամբ։

Այս բոլոր ճանաչումներից հետո հայերին այլևս չի հետաքրքրում, թե ինչ է ասել Թրամփը Հայոց ցեղասպանության մասին 2025 թվականին: Անկասկած, Թրամփը պարզապես հրաhանգ է ստացել իր մտերիմ ընկերոջից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, որով Թրամփն անչափ հիանում է:

Ամիսներ շարունակ Թրամփի հայ կողմնակիցները հպարտորեն նշում էին, որ նախագահը շրջապատված է կառավարության երեք բարձրաստիճան հայամետ անդամներով՝ Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսեր, Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդ և պետքարտուղար Մարկո Ռուբիո: Բացի Ռուբիոյից, առաջին երկուսն արտաքին քաղաքականության հետ ոչ մի կապ չունեն: Կամ այս երեքից ոչ մեկը չի փորձել ազդել Թրամփի ապրիլի 24-ի հայտարարության վրա, կամ նախագահը պարզապես անտեսել է նրանց խորհուրդները: Ռուբիոն նույնիսկ ավելի մեղմ հայտարարություն է արել ապրիլի 24-ին, քան Թրամփը․ «Աննկարագրելի կորստի ստվերի ներքո հայ ժողովուրդը տոկացել է և հաղթել։ Այսօր Մեծ եղեռնը հիշում ենք ոչ միայն սգալով, այլև վճռականությամբ: Հարգելով անցյալը՝ մենք ակնկալում ենք աշխատել Հայաստանի և տարածաշրջանի համար կայուն խաղաղության, բարգավաճման և անվտանգության ուղղությամբ»։ Ուշադրություն դարձրեք՝ որևէ հիշատակում չկա ո՛չ Թուրքիայի, ո՛չ Օսմանյան կայսրության մասին որպես ցեղասպանության կազմակերպիչ։

Հայերը նաև ստիպված էին առերեսվել նախագահ Էրդողանի ապրիլի 24-ի խեղաթյուրված հայտարարությանը, որը նախատեսված էր մոլորեցնելու նրանց, որոնք այնքան միամիտ են նման հնարքներով խաբվելու համար։ Էրդողանը «ցավակցական ուղերձ» էր հղել, որը պատրիարք Սահակ Մաշալյանը պարտաճանաչորեն ընթերցեց Ստամբուլի Ֆերիքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Վարդանանց եկեղեցում։ Հեռու լինելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց, Էրդողանը կեղծորեն հավասարեցրեց Հայոց ցեղասպանության զոհերին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սպանված թուրք զինվորների հետ։ Ավելի հեռուն գնալով՝ Էրդողանը մեղադրեց հայ զոհերին «ապստամբություններին, ավազակախմբերի աճող շարժումներին, զինված խմբավորումների կողմից խափանարար գործողություններին» մասնակցելու մեջ, բացի այդ, հիշատակեց «պատերազմի տարիներին տեղի ունեցած համաճարակների» պատճառով կորցրած կյանքերի մասին։ Սա ճշմարտությունը ժխտելու ևս մեկ նողկալի փորձ է։  

Բազմաթիվ հայերի համար ամենացավոտը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններն են, որ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ»։  

Ավելին, վերջին ամիսներին Փաշինյանը հարցեր է բարձրացրել Հայոց ցեղասպանության հիմնական փաստերի վերաբերյալ, ինչպիսիք են՝ թե ինչ է տեղի ունեցել և ինչու է դա տեղի ունեցել, այդպիսով հիասթափեցնելով աշխարհի շատ հայերի, սակայն մեծ ուրախություն պարգևելով Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներին: Բարեբախտաբար, Փաշինյանը չի մասնակցել Հայոց ցեղասպանության բացահայտ ժխտմանը՝ ապրիլի 24-ի իր հաշտեցման հայտարարության մեջ օգտագործելով և՛ Մեծ եղեռնը, և՛ Հայոց ցեղասպանությունը: Սակայն անհարկի հարցեր տալը միայն կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը: Իրավիճակն էլ ավելի վատթարացնելով՝ Փաշինյանը քննադատել է հայ ժողովրդի կողմից Արարատ լեռան պաշտամունքը, աջակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության զինանշանի և օրհներգի, ինչպես նաև Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը: Նրա հակազգային հայտարարությունները խրախուսում են ժխտողականներին Ադրբեջանում և Թուրքիայում: Անկասկած, Փաշինյանը տեղի է տալիս Ալիևի և Էրդողանի զիջումների պահանջներին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու և Թուրքիայի հետ սահմանը բացելու համար։

Մինչ Փաշինյանը մեղմ դիրքորոշում է որդեգրել Հայոց ցեղասպանության հարցում, նա խստորեն դատապարտել է այն հայերին, որոնք ապրիլի 24-ին Երևանում այրել են ադրբեջանական և թուրքական դրոշները, նույնիսկ նախքան այս երկու երկրների կողմից որևէ բողոք ստանալը։ Իմ կարծիքով, թշնամի երկրի դրոշն այրելու մեջ ոչ մի վատ բան չկա: Այն բողոքի արտահայտություն է Ադրբեջանի և Թուրքիայի թշնամական քաղաքականության դեմ: Բացի այդ, դրոշներն այրողները ոչ մի օրենք չեն խախտել։ Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ շատ ավելի ցանկություն ունի գոհ պահել Հայաստանի թշնամիներին, միաժամանակ չափազանց կոշտ վարվելով իր հայրենակիցների նկատմամբ, որոնք համաձայն չեն իր քաղաքականության հետ։

Հարութ Սասունյանը «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչն է եւ խմբագիրը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին