Պատառիկներ հին նոթատետրերից - Mediamax.am

Պատառիկներ հին նոթատետրերից
654 դիտում

Պատառիկներ հին նոթատետրերից


Վերջերս պահարանում բան էի փնտրում եւ աչքովս ընկան 1995-1999 թվականների լրագրողական նոթատետրերս՝ շատ վաղուց դրանք չէի թերթել:

1998 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՅԴ-ն Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի հետ հանդիպում էր կազմակերպել Երեւանի պետական համալսարանում: Նոթատետրում այն գրեթե ամբողջությամբ սղագրել եմ: Ուշադրությունս գրավեց այս հատվածը, որի կողքը մեծ տառերով գրել եմ «Հրապարակման համար չէ» (երեւի, Սամվել Բաբայանն էր խնդրել դահլիճում ներկա բոլոր լրագրողներին).

«Ես Հայաստանի Զինված ուծերի հյուսիսային ուղղության հրամանատարն եմ, ամբողջությամբ ենթարկվում եմ Հայաստանի պաշտպանության նախարարին եւ պատրաստ եմ անխոս կատարել նրա ցանկացած հրաման: Երբեք հայկական երկու  բանակ գոյություն չի ունեցել: Այն, որ ես նախարար եմ կոչվում, միայն արտաքին աշխարհի համար է: Չի կարող մեկ ազգ երկու բանակ ունենալ»:

1995 թվականի դեկտեմբերին էլ գրի էի առել ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի այս խոսքերը.

«Նավթը եւ նավթամուղերի հետ կապված հարցերը ասես ներշնչել են Ադրբեջանին, որ այն կարող է այլ գործընկերների միջոցով ճնշում գործադրել Հայաստանի վրա, ստիպելով մեզ զիջումների գնալ»:

Նոթատետրերից մեկում էլ գտա Վանո Սիրադեղյանի հետ հարցազրույցը, որն արել էի 1996 թվականի աշնանը՝ նախագահական ընտրություններից առաջ: Ընդ որում, փաստորեն, դա հարցազրույցի ամբողջական տարբերակն էր՝ մոսկովյան «Նովոյե Վրեմյա» ամսագրում այն հրապարակվել էր մասամբ: Եթե այս նոթատետրն ավելի շուտ «ջրի երես դուրս գար», միգուցե այդ հարցազրույցից «ՎԱՆՈՆ ՈՒ ՎԱԶԳԵՆԸ. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գրքում մի քանի հատված ավել օգտագործեինք:

Երեւի, մի օր պետք է ժամանակ հատկացնել ու այս նոթատետրերը մի լավ «փորփրել»` կարող են հետաքրքիր բաներ «դուրս գալ»:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին