Շոշափելի շարունակության սպասումով - Mediamax.am

Շոշափելի շարունակության սպասումով
3956 դիտում

Շոշափելի շարունակության սպասումով


Հայաստանյան իրականության մեջ ժողովրդական դիվանագիտության ծրագրերը կարծես թե հիմնականում վերաբերում են հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող նման ծրագրեր սակավաթիվ են: Սակայն, հոկտեմբերի 15-17-ը ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցավ մի հետաքրքիր միջոցառում, որի նպատակն էր քննարկել նման ծրագրերի իրականացման հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում:
 
Ինքս մասնակցեցի այս միջոցառման մի մասին միայն, իսկ ամբողջական ընթացքին հետեւեցի մամուլով: Առաջին օրը բաց էր ավելի լայն լսարանի համար: Կազմակերպիչները խոսնակներ էին հրավիրել Հայաստանից, Սփյուռքից եւ Ադրբեջանից: Ներկա էին նաեւ միազգային հանրության ներկայացուցիչներ:

Դժբախտաբար հրավիրյալների ցանկում չկային Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչներ: Իրենց խոսքում գրեթե բոլոր հայ խոսնակներն անդրադարձան այս հանգամանքին, եւ կարծես նրանց ուղերձը պարզ դարձավ կազմակերպիչների համար. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի շուրջ ցանկացած քննարկում առանց ԼՂՀ ներկայացուցչի ընդամենը ինտելեկտուալ գեղեցիկ վարժանք է, ոչ ավելին, եւ այդ իսկ պատճառով լուրջ գործնական հետեւանքներ չի կարող լինել: Ակնհայտորեն մենք հաջողությամբ կարողացանք մեր ուղերձը տեղ հասցնել, քանի որ Միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամում տեղի ունեցած հաջորդ հանդիպմանն արդեն ներկա էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչը: Կարծում եմ, տեղին է շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին իրենց ջանքերի, ինչպես նաեւ մեր դիտողություններին արձագանքելու համար:
 
Ժողովրդական քաղաքականության տարբեր ծրագրերի ընձեռած հնարավորությունների շուրջ փորձագիտական մտքերի նման փոխանակումն, իհարկե, ողջունելի է, սակայն ի վերջո, էական է այն հանգամանքը, թե արդյոք դրանք շարունակություն են ունենալու, թե ոչ: Արդյո՞ք այս միջոցառումն իրական, շոշափելի շարունակություն կունենա եւ կիրականացվի համապատասխան ծրագիր, թե այն կդասվի հերթական միանվագ միջոցառումների թվին, պարզ կդառնա ընդամենը մի քանի ամիս հետո:
 
Իսկ այս ամբողջ ժամանակահատվածում ինձ հետաքրքրում էր հատկապես մի հանգամանք՝ մամուլի դերը հանրային կարծիքի ձեւավորման գործընթացի վրա: Իսկապես շատ հետաքրքիր էր դիտարկել, թե ինչպես է մամուլն ազդում հանրային ընկալումների վրա: Պետք է խոստովանեմ, որ երբեմն նույնիսկ զվարճալի էր կարդալ այս միջոցառման վերաբերյալ ադրբեջանական մամուլի նյութերը: Օրինակ՝ իմ բառերն ուղղակի անճանաչելիորեն էին խեղաթյուրվել: Մի քանի այլ ելույթներին նույնպես նման ճակատագիր էր վիճակվել: Խոսնակների անունները ներկայացվել էին ուղղագրական սխալներով: Մեկ այլ հետաքրքիր դիտարկում էլ վերաբերվում էր ադրբեջանցի խոսնակներին. միջոցառման ընթացքում հնչած ելույթներում նրանք բավականին մեղմ ձեւակերպումներ էին օգտագործում, իսկ ըստ ադրբեջանական մամուլի՝ դրանք շարունակում էին ռազմական առճակատման դիսկուրսը: Թե՛ միջոցառման ընթացքում, թե՛ դրանից հետո ես շարունակում էի հաղորդագրություններ ստանալ էլեկտրոնային փոստով, որոնց հեղինակները՝ հիմնականում միջազգային փորձագետներ, տեղեկացնում էին ադրբեջանական մամուլի կողմից իրենց ելույթների խեղաթյուրման մասին: Նույնիսկ կեղծ տեղեկատվության դեպքեր կային:
 
Հուսով եմ, որ Ջորջ Մեյսոն համալսարանի Հակամարտությունների վերլուծության եւ կարգավորման դպրոցի, ինչպես նաեւ «Պատկերացրու» ծրագրի աշխատակիցներն իրականում կշարունակեն իրականացնել իրենց նպատակը՝ ժողովրդական քաղաքականության ծրագրերի իրականացում, ինչպես նաեւ հաշվի կառնեն այս միջոցառման ընթացքում քաղված դասերը: Ցանկանում եմ հուսալ նաեւ, որ այն բոլոր հարցերը, որոնք քննարկվեցին այս օրերի ընթացքում, ինչպես նաեւ այն բոլոր հիանալի մտքերը, որոնք արտահայտվեցին, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միահամուռ ջանքերով, իրականություն կդառնան:

Թեւան Պողոսյանը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրենն է


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ակնարկ համաժողովից
Մեր ընտրանին