Նախնիների կոտորածի ուրացումն ու «էլաստիկ բարոյականությունը» - Mediamax.am

Նախնիների կոտորածի ուրացումն ու «էլաստիկ բարոյականությունը»
592 դիտում

Նախնիների կոտորածի ուրացումն ու «էլաստիկ բարոյականությունը»


Հայոց ցեղասպանության ժխտողականությունը կրկին վերելքի մեջ է. ինչպես Հայաստանը, այնպես էլ ամբողջ աշխարհի հայկական համայնքները Գլենդելից մինչև Սիդնեյ այս օրերին քննարկում են Մեծ եղեռնի ժխտումը։ Ցեղասպանություն վերապրած հայերի համար այս անամոթ ախտի մեջ կարծես թե նոր բան չպետք է լիներ։ Ավելի քան հարյուր տարի հայերի դահիճները, նրանց իրավահաջորդները, քաղաքական և ակադեմիական դաշնակիցները շարունակում են ժխտել, աղճատել կամ արդարացնել այդ ոճրագործությունը։

Օրերս, սակայն, աշխարհասփյուռ հայությունն ականտես եղավ աննախադեպ մի իրողության։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայում հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ բառացիորեն հայտարարեց, որ «մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ է տեղի ունեցել, և ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել, ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»:

Այս խնդրահարույց հարցադրումն անմիջապես ալեկոծեց համացանցի հայկական տիրույթը։ Օրինակ՝ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը Փաշինյանի խոսքը համարեց «կիսագրագիտությամբ համեմված տգիտության հերթական դրսևորում»։ Փաշինյանի խոսքը կիսագրագիտություն համարեց նաև հայաստանյան պատմաբաններից մեկը։ Այդուհանդերձ և ընդհանուր առմամբ ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ  պետական ֆինանսավորումից կախված հայաստանյան ակադեմիական համայնքի (չ)արձագանքը Փաշինյանին դժվար թե սաստեր` դատելով թեմայի վերաբերյալ նրա ֆեյսբուքյան հետագա գրառումներից։
 
Անշուշտ, Փաշինյանին վերագրվող կիսագրագիտությունը ժխտելն անպտուղ գործ է։

Նա կարծես չգիտեր, որ 1939թ․ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիր չէր կարող լինել, քանի որ դրա մասին ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1948 թ-ին։ Բայց նա գիտեր երկու աշխարհամարտերի միջև ընկած տարիներին Մեծ եղեռնի թեմայի շուրջ միջազգային լռության մասին։ Նա գիտեր նաև, որ այդ նույն տարիներին տոտալիտար կայսրության մաս կազմող Խորհրդային Հայաստանում Մեծ եղեռնը ցանկալի թեմա չէր, բայց չգիտեր, թե Սփյուռքի համայնքներում ինչպես էր պահվում Մեծ եղեռնի հիշողությունը։ Նա կարող է թերթել գաղութահայ մամուլը և տեսնել, որ, օրինակ, 1939թ․ ապրիլի 30-ին Լոս Անջելեսի Սուրբ Խաչ եկեղեցում հայերը հիշատակի միջոցառում էին կազմակերպել՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերին։ Ավելին՝ դրանից երկու տարի առաջ Սփյուռքի «Հայրենիք» թերթում հոդված էր տպագրվում «Հայ դատին պրոպագանդը օտարներու մօտ» վերնագրով։ Սրանք եզակի օրինակներ չեն։

Ցավոք, կիսագրագիտությունը մետաղադրամի միայն մի երեսն է։ Մյուս երեսն ավելի գորշ է ու աննախադեպ Հանրապետության պատմության մեջ։ Աննախադեպը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը չէ։ Առաջին նախագահի օրոք Հայոց ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքական խնդիր չի եղել։ Նմանապես, առաջին հանրապետության այրերը հայ ժողովրդի կրած ողբերգության հատուցման պահանջ կարծես թե չեն ներկայացրել թուրքական իշխանություններին։ Աննախադեպը թերևս մեր երիտասարդ հանրապետության ղեկավարի շուրթերով Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելն է, որի առաջին ակնհայտ դրսևորումը դեևս 2024 թ․ ապրիլի 24-ին Փաշինյանի հայտարարությունն ու դրան հետևած Լեմկինի ինստիտուտի տված գնահատականն էր։ Փաշինյանի պահվածքը ոչ միայն աննախադեպ է, այլև ամոթալի ցեղասպանություն վերապրած ժողովրդի համար։

Փաշինյանին պաշտպանելու՝ նրա կուսակիցների հուսահատ մտավարժանքները հիմնականում հանգում են այն թեզին, որ հարևանների հետ հարաբերություններ կառուցելիս պետք է ազատվել պատմության բեռից և իրատեսորեն նայել աշխարհին։ Պատմությունը, սակայն, մեզ այլ բան է սովորեցնում․ 1930 թ-ին Հունաստանի վարչապետ Վենիզելոսը Թուրքիայի հետ բարեկամության պայմանագիր կնքեց՝ «անցյալում թողնելով» Օսմանյան  կայսրությունում հույների նկատմամբ իրագործված կոտորածներն ու արտաքսումները։ Դա հույներին չազատեց հետագա տասնամյակներին Կիպրոսի խնդրից, 1955թ․ Պոլսում հույների պոգրոմներից, կամ էլ Էգեյան ծովում ունեցած վեճերից։ Նույն կերպ Ֆրանսիայի և Բրիտանիայի ղեկավարները 1938 թ-ին Հիտլերի հետ կնքեցին Մյունխենյան համաձայնագիրը՝ հուսալով խաղաղեցնել վերջինիս։ Մյունխենից վերադարձած Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենը, Լոնդոնի օդանավակայանում ցույց տալով Մյունխենյան համաձայնագիրը, ամբոխի կողմից ողջունվեց որպես խաղաղություն բերող։ Մեկ տարի անց սկսվեց Երկրորդ աշխարհամարտը, որի ընթացքում տեղի ունեցավ նաև Հոլոքոստը։

Նախնիների կոտորածն ուրանալով՝ անվտանգություն չի ստեղծվում։ Ոչ էլ էլաստիկ բարոյականությամբ հարգանքի ու համակրանքի կհասնես այս աշխարհում։ Մեր պատմության դժվար ճշմարտություններից չպետք է խուսափել, որքան էլ որ ցավոտ ու անցանկալի լինեն դրանք։ Պետք է ասել ճշմարտությունն անցյալի մասին և ոչինչ բացի ճշմարտությունից։ Դա ոչ միայն 1․5 միլիոն զոհերի հիշատակի նկատմամբ հարգանքն է պահանջում, այլև արդար և ապահով ապագա կառուցելու հրամայականը։ Կուրանաս անցյալդ, պատիժդ չի ուշանա ապագայում։  

Գևորգ Վարդանյանը պատմաբան է, պատմագիտության դոկտոր, աշխատել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին