Երուսաղեմի պատրիարքարանը շահում է դատը՝ Թուրքիայում իր կալվածքները վերստանալու համար - Mediamax.am

Երուսաղեմի պատրիարքարանը շահում է դատը՝ Թուրքիայում իր կալվածքները վերստանալու համար
6077 դիտում

Երուսաղեմի պատրիարքարանը շահում է դատը՝ Թուրքիայում իր կալվածքները վերստանալու համար


2019 թվականին ես հոդված էի գրել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից 2012 թվականին Թուրքիայում ներկայացված հայցի կարգավիճակի մասին՝ տասնամյակներ առաջ իր բռնագրավված հազարից ավելի կալվածքները վերստանալու համար։

12 տարի շարունակ Թուրքիայում տարբեր դատարաններ դիմելուց հետո Պատրիարքարանը վերջապես մեծ հաղթանակ տարավ անցած շաբաթ։

Իշխան Էրդինչն այս լավ լուրը զեկուցեց 2024 թվականի հոկտեմբերի 4-ին Ստամբուլի հայկական «Ակոս» թերթում՝ «Կարևոր զարգացում Թուրքիայում Երուսաղեմի Հայոց պատրիարքության կալվածքների համար. Մար Յակուբ հիմնադրամը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ» վերնագրով հոդվածում։ Մար Յակուբ ասելով նա նկատի ունի Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց հայոց պատրիարքարանը։

Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր տնօրինությունը (GDF) 1973 թվականին բռնագրավել էր Երուսաղեմի պատրիարքարանի կալվածքները՝ Օսմանյան կայսրության ժամանակ ստեղծված Մար Յակուբ հայկական եկեղեցու հիմնադրամը ներկայացնելով որպես այլևս չգործող։

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանի 2012 թվականի հայցն ի սկզբանե մերժվել էր ինչպես Անկարայի ստորին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանի կողմից։ Այնուհետեւ պատրիարքը դիմեց Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ երկրի բարձրագույն դատարան, որը որոշեց, որ ստորին ատյանի դատարանը խախտել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի իրավունքները։ Ստորին դատարանն այնուհետև չեղյալ հայտարարեց Հայոց պատրիարքարանի կալվածքների սառեցված կարգավիճակը։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի թուրք փաստաբան Ալի Էլբեյօղլուն «Ակոս» թերթին ասաց, որ Պատրիարքարանը այժմ երկու տարբերակ ունի․ կա՛մ Թուրքիայի քաղաքացու է նշանակելու որպես իր ներկայացուցիչ Թուրքիայում՝ կալվածքները տնօրինելու համար, ինչպես դա եղել է մինչ դրանց բռնագրավումը, կա՛մ էլ դրանք կառավարվելու են Երուսաղեմից։

Տարիների ընթացքում Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի բռնագրավված կալվածքների մեծ մասը վաճառվել է երրորդ անձանց՝ առանց Պատրիարքարանին որևէ փոխհատուցում վճարելու։

Պատրիարք Մանուկյանն այս տարիների ընթացքում երբեք հրապարակային հայտարարություն չի արել Թուրքիայում իր ներկայացրած հայցի մասին։ Լրատվամիջոցների միակ հաղորդագրությունները վերաբերել են անհայտ պատճառներով նրա բազմաթիվ այցելություններին Ստամբուլ։ Թեև փաստաբան Էլբեյօղլուն «Ակոս»-ին ասաց, որ Երուսաղեմի պատրիարքարանը 100-ից ավելի կալվածքներ ունի Թուրքիայում, սակայն պատրիարք Մանուկյանը բացառիկ հարցազրույցում 2019-ին ինձ ասաց, որ Պատրիարքարանը 1200 կալվածք ունեցել է միայն Ստամբուլում և մի քանի տասնյակ՝ ամբողջ Թուրքիայի տարածքում։ Պատրիարքը նաև տեղեկացրեց ինձ, որ նախկինում Ստամբուլի մաս կազմող Յալովայում, Երուսաղեմի պատրիարքարանին պատկանող շատ մեծ և արժեքավոր մի կալվածք թուրքահայի կողմից 1950-ականներին վաճառվել է մի թուրքի, և այնուհետև փախել է Միացյալ Նահանգներ։ Պատրիարքը ասել է, որ շահագրգռված է հայց ներկայացնելու այդ թուրքահայի ժառանգների դեմ։

Փաստաբան Էլբեյօղլուն անցյալ շաբաթ «Ակոս»-ին ասաց, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին է պատկանում «Կուզգյունչուք [Ստամբուլում] բարձրարժեք առանձնատունը, որի իրավունքը հաստատող փաստաթուղթը փոխանցվել է Ստամբուլի քաղաքապետարանին, այնուհետև այն քանդել են»։ Փաստաբանը նաև ասաց, որ «Հայոց պատրիարքարանի հիմնադրամից բռնագրավվել է 21 կալվածք Ալթունիզադեում [Ստամբուլում], Ստամբուլի [հայտնի] Իսթիքլալ բուլվարում, Ֆաթիհում [Ստամբուլի շրջան] և Ադանա քաղաքում»։

Դեռևս հայտնի չէ, թե ինչ է անելու Երուսաղեմի հայոց պատրիարքարանը վերականգնված կալվածքների հետ և ինչ փոխհատուցում կստանա այն կալվածքների համար, որոնք վաղուց վաճառվել են երրորդ անձանց:

Առաջարկում եմ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին՝ ձևավորել մեծ հարգանք վայելող հայ անհատներից կազմված միջազգային հանձնաժողով՝ վերահսկելու այս կալվածքների կառավարումը և Պատրիարքարանին տրվող փոխհատուցումները: Հաշվի առնելով Իսրայելում Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կալվածքների վաճառքի կամ վարձակալության շուրջ ծավալվող վեճերը, պատրիարքին ձեռնտու կլինի թափանցիկություն ցուցաբերել՝ գաղտնի բիզնես գործարքներից և կոռուպցիայի մեղադրանքներից խուսափելու համար:

Այս կալվածքների ակնկալվող վերադարձը շատ դրական զարգացում է, քանի որ թուրքական կառավարությունը հազվադեպ է համաձայնել հայ սեփականատերերին վերադարձնել տասնամյակներ առաջ բռնագրավված նրանց կալվածքները: 2011 թվականին Թուրքիայի կառավարությունը հայտարարեց, որ հայկական, հունական և հրեական բարեգործական հիմնադրամներից բռնագրավված կալվածքները կա՛մ կվերադարձնի նրանց, կա՛մ փոխհատուցում կվճարի կալվածքների արժեքի համար, եթե դրանք վաճառվել են երրորդ անձանց։

Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ մի շարք կալվածքներ վերադարձվեցին այս փոքրամասնություններին, կառավարությունը դադարեցրեց գործընթացը, թեև որոշ դատական գործեր դեռևս ընթացքի մեջ են:

Ես դիտարկում եմ Թուրքիայի ջանքերը՝ վերադարձնելու բռնագրավված հայկական կալվածքները, որպես իրենց պատմական հանցագործությունները մաքրագործելու միջոց: Թեև մենք պետք է զգուշանանք թուրքական նման խորամանկ հնարքներից, բայց պետք է օգտվենք բոլոր հնարավորություններից՝ վերականգնելու Ցեղասպանության ժամանակ մեր կորցրածի՝ տարածքների, կալվածքների և այլ ունեցվածքների մի մասը: Եվ այն, ինչ մենք չենք կարող վերականգնել, պետք է դրանց համար փոխհատուցում ստանանք:

Ահա թե ինչու հայ ժողովուրդը չպետք է երբեք մոռանա անցյալի անարդարությունները և անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի պահպանի իր կորուստների հիշողությունն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Ոչինչ առհավետ կորած չէ: Պատմությունն անսպասելի շրջադարձեր կունենա, և ոչ ոք չգիտի, թե երբ իրավիճակը կփոխվի հօգուտ մեզ: Սակայն, եթե մենք ինքներս հրաժարվենք մեր պահանջներից, դրանք ընդմիշտ կկորցնենք:

Հարութ Սասունյանը «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչն է եւ խմբագիրը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին