Եվրոպայի ռեւիզիոնիստ ռաբբիները ժխտում են Հայոց ցեղասպանությունը - Mediamax.am

Եվրոպայի ռեւիզիոնիստ ռաբբիները ժխտում են Հայոց ցեղասպանությունը
40623 դիտում

Եվրոպայի ռեւիզիոնիստ ռաբբիները ժխտում են Հայոց ցեղասպանությունը


Եվրոպայի ռաբբիների կենտրոնը 50 պահպանողական ռաբբիների ստորագրությամբ սեպտեմբերի 6-ին նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նախագահ Վահագն Խաչատուրյանին, որում ասվում է՝ Հայաստանի պաշտոնյաներն իրավունք չունեն օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքի շրջափակումը նկարագրելու համար, որը պատճառ է դարձել 120 հազար արցախցիների սովահարությանը։

Ռաբբիները սխալմամբ պնդել են, որ «ցեղասպանություն» եզրույթը պետք է օգտագործվի միայն հրեական Հոլոքոստը նկարագրելու համար: Այս ռաբբիների տգիտությանը գերազանցում է միայն նրանց մեծամտությունը։ Նրանք ոչ միայն չգիտեն «ցեղասպանություն» եզրույթի իրական իմաստը, այլեւ վնաս են հասցնում իրենց սեփական գործին՝ հայտարարելով, որ Հոլոքոստի «եզակի» լինելու պատճառով մարդկային այլ ողբերգություն չի կարող համեմատվել դրա հետ՝ դրանով իսկ զրկելով որեւէ մեկին Հոլոքոստի զոհերի նկատմամբ կարեկցանք ցուցաբերելու հնարավորությունից։ Հոլոքոստը որպես համընդհանուր աղետ բնութագրելը բխում է հրեաների շահերից, որին կարող են ցավակցել այլ ժողովուրդներ: Չնայած բոլոր ցեղասպանություններն ունեն նմանություններ, սակայն կան ակնհայտ տարբերություններ ժամանակի, մասշտաբի եւ վայրի առումով: Այնուամենայնիվ, ցեղասպանությունների նմանությունները գերազանցում են դրանց տարբերությունները: Ոչ ոք չպետք է մենաշնորհ ունենա մարդկային տառապանքների վերաբերյալ։

Այս ռաբբիները կարծես թե չգիտեն, որ համաձայն ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի, ցեղասպանությունը, բացի բացահայտ զանգվածային սպանություններից, ներառում է նաեւ «որեւէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»։ Սա հենց այն է, ինչ անում է Ադրբեջանը՝ սովի մատնելով 120 հազար արցախցիներին՝ զրկելով նրանց սննդից, դեղորայքից եւ առաջին անհրաժեշտության այլ իրերից։

Ժխտողական ռաբբիները հայտարարել են, որ «գետտո», «ցեղասպանություն» եւ «հոլոքոստ» եզրույթները «անտեղի են ցանկացած քաղաքական անհամաձայնության ժարգոնում օգտագործելու համար»: Ըստ ՄԱԿ-ի եւ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ արցախահայության սովահարությունը կարելի է անվանել ոչ թե «քաղաքական անհամաձայնություն», այլ ցեղասպանություն։

Ռաբբիները, շարունակելով ադրբեջանամետ քարոզչական նամակում արված իրենց սխալների ու թյուրիմացությունների շարքը, Հայաստանի ղեկավարներից պահանջել են «բացահայտ եւ միանշանակ պարզաբանել, որ հայ ժողովուրդը ճանաչում եւ հարգում է հրեա ժողովրդի կրած սարսափելի մարդկային տառապանքը» եւ դադարեցնել «նվազագույնի հասցնելով եւ նսեմացնելով հրեա ժողովրդի տառապանքների չափը՝ առաջ մղելու ցանկացած քաղաքական շահ՝ հրեա ժողովրդի կրած հոլոքոստի հետ կապված արտահայտությունների անդադար օգտագործման միջոցով»:

Ռաբբիները, Հայաստանի ղեկավարներին Հոլոքոստի մասին դասախոսություն կարդալու փոխարեն, իրենց նամակը պետք է ուղղեին վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որը ժխտել է Հայոց ցեղասպանությունը եւ ճնշում գործադրել Կնեսետի վրա՝ մերժելու այն ճանաչող բանաձեւը։ Իսրայելը պետք է լիներ Հայոց ցեղասպանությունը ճանաչող առաջին երկիրը, այլ ոչ թե վերջինը։

Ավելին, այս ռաբբիները պետք է բարոյական քաջություն ունենային նամակ հրապարակելու՝ դատապարտելով Իսրայելի կառավարությանը՝ մահաբեր զենք տրամադրելու համար, որով Ադրբեջանը 2020 թվականին սպանեց հազարավոր հայ զինվորների։

Անկարայում եւ Բաքվում ցեղասպանությունը ժխտողներին սատարելու փոխարեն՝ այս ռաբբիները պետք է իմանային, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ամենահայտնի կողմնակիցները հրեաներն են՝ դոկտոր Իսրայել Չարնին (Երուսաղեմի Հոլոքոստի եւ ցեղասպանության ինստիտուտի տնօրեն), պրոֆ. Յաիր Աուրոնը (պատմաբան, Հայոց ցեղասպանությանը նվիրված մի քանի գրքերի հեղինակ), Ռաֆայել Լեմկինը (որն ստեղծել է ցեղասպանություն եզրույթը), դեսպան Հենրի Մորգենթաուն, Էլի Վիզելը (Նոբելյան մրցանակակիր եւ Հոլոքոստը վերապրած), Յոսի Բեյլինը (Իսրայելի արդարադատության նախարար) եւ Յոսի Սարիդը (Իսրայելի կրթության նախարար):

Այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը 2021 թվականի ապրիլի 24-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թե՛ Հակազրպարտության լիգան (ADL), թե՛ Ամերիկյան հրեական կոմիտեն (AJC) աջակցել են Բայդենի կողմից ճանաչմանը: Վաշինգտոնում գտնվող Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարանը նույնպես հայտարարություն է տարածել 2021 թվականի ապրիլի 27-ին՝ ողջունելով նախագահ Բայդենի որոշումը, որ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել։ Բացի այդ, Հրեական համաշխարհային կոնգրեսը նույնպես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Առավել, Հոլոքոստի 126 մասնագետներ 2000 թվականի մարտի 7-ին համատեղ հայտարարություն են տարածել՝ «հաստատելով Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը»։ Նրանց թվում էին պրոֆեսորներ Յեհուդա Բաուերը, Սթիվեն Ֆայնշտեյնը, Իրվինգ Հորովիցը եւ Սթիվեն Կացը։

Այս ռաբբիները չեն դատապարտել Ադրբեջանի նախկին փոխվարչապետ եւ Բաքվի նախկին քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովին, որը 2005 թվականին Բավարիայում (Գերմանիա) քաղաքապետարանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Մեր նպատակը հայերի լիակատար ոչնչացումն է։ Դո՛ւք, նացիստներդ, արդեն վերացրել եք հրեաներին 1930-40-ականներին, այնպես չէ՞: Դուք պետք է հասկանաք մեզ»: Այդ մասին հաղորդել է «Realny Azerbaijan»-ը, 2006 թվականի փետրվարի 17-ին հրապարակման մեջ։

Քանի որ այս ռաբբիները կարծում են, որ միայն իրենք իրավունք ունեն օգտագործել ցեղասպանություն եզրույթը, արդյոք նրանք երբեւէ որեւէ բողոք հղե՞լ են իրենց սիրելի եղբայր Ալիեւին՝ կեղծ «Խոջալուի ցեղասպանության» մասին նրա բազմիցս հիշատակումների համար: Արդյոք սա երկակի ստանդարտի ամոթալի օրինակ չէ՞։

Ռաբբիները պետք է հիշեին 1939 թվականի օգոստոսի 22-ին Հիտլերի հնչեցրած տխրահռչակ խոսքերը. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»։ Նկատելով, որ աշխարհն անտեսեց Հայոց ցեղասպանությունը, Հիտլերը քաջալերվեց իրականացնել Հոլոքոստը:

Երուսաղեմից Յարոն Վայսը, որը Հոլոքոստը վերապրածների թոռ է, գրել է. «Ես դատապարտում եմ ռաբբիների այդ խմբի կողմից Հոլոքոստի զոհերի հիշատակի ցինիկ ինքնայուրացումը»։ Յարոնը նաեւ հիշեցրել է ռաբբիներին, որ «Ադրբեջանը հրաժարվում է դատապարտել եւ ներողություն խնդրել Հոլոքոստի ժամանակ ադրբեջանական լեգեոնի զինվորների կողմից իրականացված զանգվածային սպանությունների համար»։

Այս ռաբբիներն հենց իրենք են նսեմացրել Հոլոքոստը՝ այն գրելով փոքրատառով, մեծատառով գրելու փոխարեն:

Ես կոչ եմ անում այս ռաբբիներին ներողություն խնդրել իրենց ռեվիզիոնիստական եւ վիրավորական նամակի, Ադրբեջանի կողմից հրահրված զրպարտչական արշավի համար, որի արդյունքում նրանք կորցրել են պարկեշտության եւ բարոյականության զգացումը։ Եթե նրանց նամակը Ադրբեջանին խրախուսի նոր վայրագություններ իրականացնելու Հայաստանի եւ Արցախի դեմ, ապա այս ռաբբիները կհամարվեն ադրբեջանական հանցագործությունների մեղսակիցներ:

Հարութ Սասունյանը «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչն է եւ խմբագիրը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին