Ինչպե՞ս կարող է անկախ ՀՀ վարչապետը Խորհրդային Հայաստանի ղեկավարներից պակաս ազգայնական լինել - Mediamax.am

Ինչպե՞ս կարող է անկախ ՀՀ վարչապետը Խորհրդային Հայաստանի ղեկավարներից պակաս ազգայնական լինել
20333 դիտում

Ինչպե՞ս կարող է անկախ ՀՀ վարչապետը Խորհրդային Հայաստանի ղեկավարներից պակաս ազգայնական լինել


Հայաստանում եւ Արցախում իրավիճակը օրեցօր վատթարանում է՝ Ադրբեջանին ու Թուրքիային վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվերջ զիջումների, նրա պարտվողական կեցվածքի եւ անկարողության պատճառով։

Գալով իշխանության՝ նա իրեն խեղաթյուրված կերպով ներկայացրեց որպես ժողովրդավար, սակայն շուտով պարզվեց, որ բռնապետ է։ Հինգ տարի առաջ Փաշինյանը մի մեծ հանրահավաքում խոստացավ. «Եթե [Ղարաբաղի] բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհատավամ եւ կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա: Դուք եք բարձրագույն իշխանությունը եւ որոշողը, եւ սրանում որեւէ կասկած չի կարող լինել»: Սակայն 2018 թվականի այդ լրջագույն խոստումից ի վեր, նա չի խնդրել ժողովրդին որեւէ հարցի վերաբերյալ որոշում կայացնել։

Փաշինյանը.

- Սպառնալից հայտարարություններ է արել իր քաղաքական ընդդիմախոսների հասցեին, բանտարկել է իր կուսակցության մրցակիցներին տեղական ընտրությունների ժամանակ, ձերբակալել ցուցարարներին եւ արգելել ականավոր սփյուռքահայերի մուտքը Հայաստան՝ նրանց կողմից իր վարչակարգի քննադատության պատճառով.

- Հայաստանի բնակչությանը բաժանել է երկու թշնամական ճամբարների եւ Սփյուռքը հեռացրել Հայաստանից.

- Հիմնովին վատ է կառավարել 2020 թվականի աղետալի պատերազմը, որի հետեւանքով զոհվել են հազարավոր հայ երիտասարդ զինվորներ եւ կորցրել Արցախի մեծ մասը.

- Չի կարողացել ապահովել Ադրբեջանից հայ ռազմագերիների ազատ արձակումը.

- Չի կարողացել պաշտպանել Հայաստանի սահմանները վերջին երկու տարվա ընթացքում ադրբեջանական բազմակի հարձակումներից.

- Վեց ամիս շարունակ չի կարողացել բացել Ադրբեջանի կողմից շրջափակված Լաչինի միջանցքը, ինչի հետեւանքով 120 հազար արցախցիներ զրկվել են սննդից եւ դեղամիջոցներից.

- Բազմիցս քննադատել է Արարատ լեռան նկատմամբ հայերի կարոտը՝ ասելով, որ այն այլեւս Հայաստանի տարածքում չէ․

- Թուլացրել է Հայաստանի բանակը.

- Մերժել է Արեւմտյան Հայաստանի նկատմամբ հայկական պահանջները՝ հայտարարելով, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւաններից որեւէ մեկից.

- Մեկնել է Անկարա՝ ներկա գտնվելու նախագահ Էրդողանի երդմնակալությունը՝ խայտառակելով իրեն եւ Հայաստանին.

- Արցախը նվիրել է Ադրբեջանին։ Հակառակ Փաշինյանի խեղաթյուրմանը, թե Հայաստանի նախկին ղեկավարներն են տվել Արցախը, Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելն անցյալ շաբաթ ասաց. «Առաջին անգամ... Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս»։

Զարմանալի չէ, որ Ալիեւն ու Էրդողանը գոհ են Փաշինյանից։

Անցյալ շաբաթ, ելույթ ունենալով խորհրդարանում, Փաշինյանը կասկածելի հայտարարություններ արեց Հայաստանի պետական զինանշանի եւ օրհներգի վերաբերյալ, որոնք երկուսն էլ ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ։ Այլ կերպ ասած,  Փաշինյանի քննադատությունները հակասահմանադրական էին։

Ահա, թե ինչպես է Փաշինյանը նկարագրել Հայաստանի զինանշանը.

«Ի՞նչ է պատկերված այնտեղ. Նոյյան տապանն Արարատ սարի վրա, Հայաստանի չորս գահակալությունների, դինաստիաների, չորս հարստությունների զինանշանները…. այդ զինանշանը 1991թ. հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի:

Նայելով [զինանշանի] կենտրոնին, Արարատ սարի վրա Նոյյան տապանն է, Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածքը ջրհեղեղի տակ է, առյուծ, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում այստեղ վաղուց չի ապրում»: Սա «մեզնից յուրաքանչյուրի մեջ առկա այդ երկվության մասին է, պատմական Հայաստանի եւ իրական Հայաստանի․․․․Իրական Հայաստանը պե՞տք է ծառայի պատմական Հայաստանին, թե՞ պատմական Հայաստանը պետք է ծառայի իրական Հայաստանին... Ի վերջո, պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքներից 6-ը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում: Իսկ այդ մայրաքաղաքներում վերջին անգամ ե՞րբ եք եղել, տեսե՞լ եք նրանց վիճակը, գնահատել ե՞ք ինչ վիճակում են: Այդքան ավանդույթներից ենք խոսում, արժեքներից ենք խոսում, մեր մայրաքաղաքները, մեր պատմական սիմվոլներն այսօր ավերակների տակ են, կներեք այս էլ ասելու բան չէ, բայց Հայաստանից դուրս գտնվող որոշ [պատմական] մայրաքաղաքներ կարող է պարզվի ավելի լավ վիճակում են, քան Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվողները»:

Եզրափակելով խոսքը՝ Փաշինյանը առիթը բաց չթողեց բողոքելու նաեւ Հայաստանի պետական խորհրդանիշներից մեկից՝ պետական օրհներգից, հենց այն օրը, երբ Հայաստանը նշում էր Պետական խորհրդանիշների օրը։

Նա ասաց․«Այսօր մեր հիմնի պաշտոնական բառերն ավարտվում է [են] հետեւյալ կերպ՝ զոհվելով է ավարտվում: Ինքը՝ գաղափարախոսությունը ճիշտ է, այսինքն՝ տեքստի հետ ես որեւէ խնդիր չունեմ, բայց ավարտվում է զոհվելու տողով եւ զոհվելու տեսարանով: Ես վերջերս շատ եմ մտածում, իհարկե զուտ էսթետիկական, բանաստեղծական առումով ինքը հեշտ չէ գուցե իրականացնել, բայց կարծում եմ՝ քաղաքական առումով շատ ճիշտ կլինի, որ Հայաստանի Հանրապետության հիմնն ավարտվի հետեւյալ տողերով.

Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»։

Փաշինյանն առաջարկում էր օրհներգը կրճատել՝ կտրելով դրա վերջին չորս տողերը.

«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի»։

Սա Փաշինյանի կողմից եւս մեկ փորձ է՝ թուլացնելու հայերի ազգայնական զգացումները՝ հանդարտեցնելու Հայաստանի թշնամիներին։ Օրհներգի խոսքերը գրել է հայտնի բանաստեղծ Միքայել Նալբանդյանը 1861 թվականին։ Օրհներգն ընդունվել է Հայաստանի առաջին Հանրապետության կողմից 1918 թվականին։ Այն վերընդունվել է ներկայիս Հայաստանի Հանրապետության կողմից՝  ձեւակերպումների փոքր փոփոխությամբ։

Ի՞նչ է առաջարկելու Փաշինյանը հաջորդիվ՝ փոխել Հայաստանի դրո՞շը ու երկրի անո՞ւնը։ Այնուամենայնիվ, սա այն նույն մարդն է, որն ինքնահավանորեն հայտարարել է․«Ես չեմ կարող պատկերացնել մարդ, որ կարող է իմ հայրենիքն ինձնից շատ սիրի: Չի կարող այդպիսի բան լինել, բացառված է»։ Նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում Արարատ լեռը պահել են Խորհրդային Հայաստանի զինանշանի վրա։ Ինչպե՞ս կարող է անկախ Հայաստանի Հանրապետության վարչապետը պակաս ազգայնական լինել, քան Խորհրդային Հայաստանի ղեկավարները։

Հարութ Սասունյանը «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչն է եւ խմբագիրը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին