Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Ռազմականացում - Mediamax.am

Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Ռազմականացում
7071 դիտում

Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Ռազմականացում


Ավետիք Չալաբյանի փաստաբանական խումբը Մեդիամաքսին է փոխանցել «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադրի հոդվածը, որը նա գրել է Արմավիր քրեակատարողական հիմնարկում:

Կարդացեք նաեւ. Հայաստանի ճակատագրական ընտրությունը

Կարդացեք նաեւ. Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Հայահավաք

Կարդացեք նաեւ. Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Արդիականացում

Նախորդ երկու հոդվածներում ես փորձել էի ուրվագծել Հայաստանի ճակատագրական ընտրության երկու առանցքային հենասյուների՝ հայահավաքի եւ արդիականացման հեռանկարները եւ ներկայացնել դրանց իրականացման կոնկրետ գաղափարներ։ Այս հոդվածում ես կանդրադառնամ երրորդ, եւ թերեւս առավել բարդ հենասյանը՝ ռազմականացմանը, քանզի հենց այն է առավել շատ դիմադրության հանդիպում մեր հասարակության տարբեր շերտերում, եւ նախկինում պատճառ է դարձել նաեւ նրան, որ հայահավաքը եւ արդիականացումը ցանկալի թափ չեն ստացել, իսկ ռազմականացումը, իրապես, շատերի մոտ ասոցացվել է պատերազմի հետ։

Մինչեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը՝ Հայաստանը բավական ռազմականացված երկիր էր, մի շարք չափանիշներով (օրինակ բանակ/ բնակչություն հարաբերակցությամբ) այն մտնում էր աշխարհի առավել ռազմականացված երկրների հնգյակի մեջ, եւ տարիների ու տասնամյակների ընթացքում ամբողջ հասարակությունն էր իր վրա կրում այդ բեռը։ Չնայած այդպիսի ռազմականացման՝ Հայաստանը պարտվեց 44-օրյա աղետալի պատերազմում, եւ այդ պարտության շոկը շատերին դրդեց հարցականի տակ դնել թե՛ մինչ այդ գործող պաշտպանական մոդելը եւ թե՛ ռազմականացման անհրաժեշտությունն առհասարակ։

Պատահական չէ, որ սկզբնական շրջանում Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված «խաղաղության դարաշրջանի» մասին ակնհայտ կեղծ եւ սին գաղափարն այդպիսի դրական արձագանք գտավ հասարակության լայն շերտերում։ Երեք տասնամյակների ընթացքում վերապրելով երկու լայնամասշտաբ պատերազմ, դրանց միջակայքում գտնվելով քրոնիկ ռազմական գործողությունների մեջ, չունենալով իրական անվտանգության զգացում՝ հայաստանյան հասարակությունն առավել քան կարիք ունի խաղաղության եւ նվազագույն անվտանգության զգացման, եւ դա արդարացի է։

Սակայն արդյո՞ք խաղաղությունը հնարավոր է ապառազմականացման, մեր ոխերիմ հարեւանների համար անվտանգ դառնալու միջոցով, ինչպես ներկայացնում է Փաշինյանը, թե՞ ուղիղ հակառակն է պետք անել։

Թերեւս, հենց սրա շուրջ է մեծագույն հակասությունը, որը մենք ունենք Փաշինյանի հետ, եւ այս հակասությունը խորքային, պատմական բնույթ ունի, ու յուրաքանչյուր կողմն ունի իր փաստարկները, որոնք անկեղծ վերլուծության կարիք ունեն։

Փաշինյանի «խաղաղության դոկտրինան» հենվում է նրա վրա, որ մեր երկու թուրքական հարեւանները, մեր համեմատ, ունեն կարգով մեծ ռազմական եւ աշխարհաքաղաքական ռեսուրսներ, եւ նրանց հետ դիմակայությունը, ի վերջո, բերում է հայկական կողմի պարտության ու շարունակական կորուստների, դա է վկայում պատմական փորձը։ Ուստի, երկարաժամկետ հեռանկարում հայկական պետությունը ոչ թե պետք է փորձի ռազմական ոլորտում մրցել մեր ոխերիմ հարեւանների հետ, այլ բավարարելով նրանց «խելամիտ» պահանջները՝ համակեցության կայուն եւ խաղաղ մոդել գտնի, ենթադրաբար, Եվրոպական Միության հովանու ներքո։

Վերլուծենք այս պնդումները հերթով։ Նախ՝ այն, որ թուրքական տանդեմը կարգով ավելի մեծ ռեսուրսներ ունի, կասկածի ենթակա չէ, սակայն դրանից չի հետեւում, որ այն ընդունակ է այդ ռեսուրսներն անարգել կիրառել հայկական պետության դեմ, եթե վերջինս գտնվում է համապատասխան դաշնակցային պայմանավորվածությունների դաշտում։ Դրա լավագույն վկայությունը 1991-1994 թթ. առաջին Արցախյան պատերազմն էր, երբ Թուրքիան, կաշկանդված լինելով ոչ միայն ՌԴ, այլեւ ԱՄՆ կողմից, պատերազմի երեք տարիների ընթացքում չկարողացավ անմիջականորեն ներքաշվել ռազմական գործողություններին՝ բավարարվելով միայն պարբերական սպառնալիքներով։ Երկրորդը՝ թեեւ այդ ուժը մեծ է, նրա կիրառումը հարձակողական գործողություններում, մանավանդ հոծ բնակված տարածքների դեմ, եւս սահմանափակումներ ունի։ Պատահական չէ, որ 1918 թվականին հայկական ուժերին եռակի գերազանցող օսմանյան բանակն առանց դժվարության առաջ շարժվելով ամայացված Արեւմտյան Հայաստանի տարածքով եւ երեք ամսում հասնելով Երեւանի մատույցները՝ այստեղ արդեն ջախջախվեց Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի ճակատամարտերում, որտեղ կանոնավոր բանակին միացավ հայկական աշխարհազորը, որը պաշտպանում էր արդեն սեփական տներն ու կենաց մահու պայքար մղելու որակապես այլ մոտիվացիա ուներ։

Երրորդը՝ նորագույն պատմությունն ունի բազմաթիվ հետաքրքիր օրինակներ, երբ փոքր երկրները, լինելով ռազմականացված եւ պատրաստ պատերազմների՝ հաջողությամբ դիմակայել են մեծ երկրներին։ Դրա լավագույն օրինակն Իսրայելն է, որն իր ստեղծման օրից հետո 25 տարիների ընթացքում 4 անգամ պատերազմել է իրենից կարգով մեծ Եգիպտոսի (եւ նրա դաշնակիցների) հետ, եւ չորս անգամ էլ հաղթանակած է դուրս եկել։ Այդպիսի օրինակներ են նաեւ 1940թ-ին փոքրիկ Ֆինլանդիայի հերոսական դիմադրությունը Խորհրդային Միությանը, փոքրիկ Շվեյցարիայի համատարած մոբիլիզացիան 1941թ․, որը կանխեց նացիստական Գերմանիայի ներխուժումը, Վիետնամի դիմադրությունը ԱՄՆ ներխուժմանը, եւ մի շարք համանման օրինակներ, որոնք ցույց են տալիս՝ ժամանակակից պատերազմներում ռազմական ուժերի պարզ հաշվեկշիռը չի կարող դեռ կանխորոշել պատերազմի ելքը, եթե մի կողմը, թեկուզ փոքր, բայց գերռազմականացված եւ գերմոտիվացված է, եւ դրանով ուժեղ կողմի համար անհաղթահարելի գլուխկոտրուկ է ստեղծում։

Փաշինյանի վերջին փաստարկն այն է, որ կարիք չկա ռազմականացվելու, եթե հնարավոր է թուրքական տանդեմի հետ գտնել խաղաղության բանալին, եւ նրանց հետ ունենալ այնպիսի համակեցություն, ինչպիսին մենք ունենք մեր մյուս հարեւանների՝ Իրանի եւ Վրաստանի հետ։

Սա ճիշտ կլիներ, եթե Թուրքիան եւ Ադրբեջանը լինեին այնպիսին, ինչպիսին Իրանը եւ Վրաստանն են, այսինքն՝ Հայաստանի եւ իրենց այլ հարեւանների նկատմամբ ծավալապաշտական ախորժակներ չունենային։ Իրականությունը, սակայն, ուղիղ հակառակն է. Թուրքիան մինչեւ հիմա շարունակում է պնդել, որ պետք է վերականգնի Օսմանյան կայսրության երբեմնի փառքն ու հզորությունը, եւ առնվազն վերականգնի իր կազմում նրա բոլոր թուրքախոս հատվածները։ Այդ տրամաբանությամբ՝ թուրքական զորքերը գտնվում են Սիրիայի հյուսիսում (եւ պատրաստվում են ընդլայնել իրենց վերահսկողության գոտին), պարբերաբար ներխուժում են հյուսիսային Իրաք, Էգեյան ծովում տարածքային վեճեր ունեն Հունաստանի հետ, իսկ Վրաստանում ակտիվ տնտեսական էքսպանսիա են իրականացնում՝ արդեն իսկ կուլ տալով Աջարիան։ Եթե մինչեւ 2020թ. Թուրքիան Հայաստանի մասով բավարարվում էր «սառը» պատերազմով, ապա 44-օրյա պատերազմում այն բացահայտ կողմ դարձավ, եւ վճռորոշ դեր խաղաց այդ պատերազմի ելքն ապահովելու գործում։ Ենթադրել, որ Թուրքիան դրանով կբավարարվի, եթե իր կողքին ունենա թույլ եւ ապառազմականացված Հայաստան, առնվազն միամտություն է, մանավանդ եթե հաշվի առնենք Թուրքիայի օր օրի աճող կայսերապաշտական նկրտումները։

Սակայն, եթե Թուրքիան այդ նկրտումները հաճախ թաքցնում է դիվանագիտական հռետորաբանության տակ, ապա նրա կրտսեր եղբայր Ադրբեջանը նույնիսկ չի թաքցնում իր տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանը համարում է, որ ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը 1918թ․ստեղծվել է նախկին ադրբեջանական խանությունների տարածքների վրա։ Դեռեւս 1920թ․Ազգերի լիգա ներկայացված տարածքային հավակնությունների քարտեզում Ադրբեջանի Հանրապետությունը հավակնում էր ոչ միայն Արցախին եւ Նախիջեւանին՝ այլեւ Սյունիքին, Վայոց Ձորին, Գեղարքունիքի արեւելյան հատվածին, Տավուշի եւ Արարատի մարզերի զգալի մասին. այդ քարտեզով այսօրվա Հայաստանից կեսն է մնալու։

Ադրբեջանն այսօր էլ այդ հավակնությունները չի թաքցնում եւ հրաշալի գիտակցում է, որ թույլ եւ ապառազմականացված Հայաստանն ընդունակ չի լինելու պաշտպանել իր տարածքները, մանավանդ այն հատվածներում, որոնք նոսր են բնակեցված (Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք): Ադրբեջանն արդեն 2021 թ․ ընթացքում փորձարկեց Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք տեղային ներխուժումների տեխնոլոգիան, եւ նույնիսկ խաղաղության պայմանագրի պայմաններում շարունակելու է այդ եւ այլ միջոցներով ուժեղացնել իր ներկայությունը Հայաստանի տարածքում։ Նույնը փորձելու է նաեւ Արցախում՝ օգտվելով մի շարք խոցելի կետերի առկայությունից եւ այնտեղ գտնվող խաղաղապահ զորակազմի թուլությունից, կամ թողտվությունից։ Ուստի որքան էլ Փաշինյանը պնդի, որ ինքը վճռական է մեր թուրքական հարեւանների հետ «խաղաղության դարաշրջան» բացելու, դա լավագույն դեպքում լինելու է Հայաստանի խաղաղ կլանման եւ թուրքացման դարաշրջան (Աջարիայի օրինակով), իսկ վատթարագույն դեպքում կարող է ուղեկցվել նաեւ բնակչության ջարդերով եւ տեղահանությամբ, ինչպես եղավ Հադրութում եւ Շուշիում։

Իրականությունն այն է, որ առանց ռազմականացման Հայաստանը դատապարտված է, սակայն ռազմականացումն ինքնին նախորդ իշխանությունների կողմից կիրառված մոդելով եւս կայուն լուծում չէ եւ բերում է ռեսուրսների վատնման՝ առանց ցանկալի անվտանգային արդյունքի։

Հայաստանի ռազմականացումը խորը մտածված, համակարգային մոդելի կարիք ունի, որի հիմնական տարրերի մասին կփորձեմ խոսել ստորեւ՝ հետագայում այս թեման զարգացնելու ակնկալիքով։

Նախ՝ սկսենք նրանից, որ ռազմականացում չի նշանակում պարզապես մեծ բանակ, այլ վերաբերվում է պետության կազմակերպման բոլոր ասպեկտներին։

Ռազմականացված պետություն մեջ պետական եւ մասնավոր հատվածի բոլոր կառույցները պետք է հստակ ծրագրեր ունենան խաղաղ ժամանակ պաշտպանական կարողություններն ամրապնդելու եւ պատերազմական գործողություններում առաջադրանքներ կատարելու համար: Ցանկացած տնտեսական, սոցիալական կամ բնակելի օբյեկտ նաեւ ռազմական նշանակություն պետք է ունենա, եւ պատերազմի պարագայում պետք է ընդունակ լինի ծառայել երկրի պաշտպանության նպատակներին։ Երկրի բնակիչները փոքր տարիքից պետք է պատրաստվեն նրա պաշտպանությանը, դա վերաբերվում է թե՛ նրանց ոգու դաստիարակությանը, թե՛ ֆիզիկական մարզմանը, թե՛ տեխնիկական գիտելիքներին, եւ ի վերջո՝ մարտական պատրաստությանը, որը բերում է նրան, որ ցանկացած պահի երկիրը կարող է իր տրամադրության տակ ունենալ մեծածավալ մարտական ռեսուրս։

Այս ամենը պետք է ղեկավարվի պետության կողմից, սակայն մասնավոր կառույցները եւս պետք է ակտիվորեն ներգրավվեն նույն խնդիրների լուծմանը։

Ռազմականացված հասարակությունում հատուկ ծառայությունները պետք է կարողանան կատարել երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը տեղեկացնելու, ռազմատեխնիկական հետախուզության վարման, օտարերկրյա հատուկ ծառայությունների գործողությունների դեմ արդյունավետ պայքարի, անհրաժեշտության դեպքում նաեւ Հայաստանից դուրս կոնկրետ առաջադրանքներ կատարելու գործառույթներ: Պետք է լուծվեն կիբերանվտանգության եւ հիբրիդային պատերազմների առաջադրանքները՝ տնտեսական, քաղաքական, հասարակական տիրույթում եւ մեդիա ոլորտում: Եվ այդ խնդիրները պետք է լուծվեն ողջ հասարակության կողմից:

Ռազմականացված երկրում առաջնային նշանակություն ունի ռազմական արդյունաբերությունը, այն պետք է կարողանա ստեղծել բարդ մակարդակի համակարգեր եւ կարողանա դրանք իրապես կիրառել ռազմադաշտում։ Այն ոչ միայն պետք է բավարարի սեփական բանակի պահանջները, այլեւ դառնա մրցունակ գլոբալ մասշտաբով եւ արտահանման եկամուտներ ապահովի երկրին (համեմատության համար՝ 2021թ. Իսրայելի ռազմարդյունաբերության արտահանումը գերազանցել է Հայաստանի տնտեսության ամբողջ համախառն արդյունքին):

Ռազմականացված պետության մեջ փոխվում է նաեւ բանակի դերը։ Նախ՝ այն դառնում է պետության առանցքային կառույցը (այդպես էր Հայաստանում անկախության առաջին տասնամյակում), ստանում է նրա շարունակական աջակցությունը, իսկ բանակային մասնագիտությունները պետական համակարգում առավել հեղինակավորն են դառնում, եւ կարող են նաեւ մրցակցել մասնավոր հատվածի հետ։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե բանակն արագորեն տեխնոլոգիապես վերազինվի, բանակային մասնագիտություններն արյուն եւ քրտինքի փոխարեն սկսեն ասոցացվել բարձր տեխնոլոգիաների, շարունակական զարգացման, ունիվերսալ կարողությունների ձեռքբերման հետ, որոնք կարող են զորացրումից հետո նաեւ արդյունավետ կիրառվել մասնավոր հատվածում։ Ավելին՝ մասնավոր հատվածի ընկերություններն աշխատաշուկայում իրենց կողմից պետք է պահանջարկ ստեղծեն նախկին զինվորականների համար՝ հավելյալ երաշխիք տալով, որ զորացրումից հետո նրանք ոչ միայն պահանջարկված կլինեն, այլեւ կկարողանան արդյունավետ կապիտալիզացնել իրենց գիտելիքներն ու փորձը (այսպիսի պրակտիկա արդյունավետ կիրառվում է ԱՄՆ-ում եւ Իսրայելում, որտեղ բազմաթիվ պաշտոնաթող զինվորականներ ներգրաված են ռազմարդյունաբերության, քաղաքականության, բիզնեսների մեջ):

Ռազմականացված երկրում պարտադիր ժամկետային ծառայությունը պետք է վերակողմնորոշվի մարտական պատրաստության եւ ինքնազարգացման վրա՝  ինտենսիվ մարզումների եւ ուսուցանման միջոցով հասնել ու ոչ միայն մարտական կարողությունների կատարելագործման, այլեւ զուգահեռ այնպիսի հարակից գիտելիքների ձեռք բերման, որոնք պահանջված են խաղաղ կյանքում։ Սա առաջին հերթին վերաբերվում է մաթեմատիկային եւ օտար լեզուներին, դրանց կարող են նաեւ սելեկտիվ գումարվել ծրագրավորման լեզուները եւ կառավարչական գիտելիքները, որոնք հնարավորություն կտան զինծառայողներին ոչ միայն արդյունավետ կատարել իրենց անմիջական մարտական խնդիրները, այլեւ ծառայությունից հետո արագ ինտեգրվել խաղաղ կյանքի մեջ։ Դրան կնպաստեն նաեւ զորացրումից հետո պետության կողմից միանվագ պարգեւավճարները (կախված նաեւ ծառայության արդյունավետությունից), որոնք հնարավորություն կտան զորացրվածներին մինչեւ աշխատանքին անցնելը կամ նոր ուսումնառություն սկսելն ադապտացիոն շրջան ունենալ։ Բանակի հիմնական մարտական ուժը պետք է կազմեն կամավորության սկզբունքով հավաքագրված պայմանագրային ծառայողները, ընդ որում՝ այդ պայմանագրերը պետք է սկսեն կնքվել արդեն իսկ ժամկետային ծառայողների հետ նրանց ծառայության առաջին տարուց հետո՝ ելնելով երկարաժամկետ մարտական ծառայության համար նրանց արդյունավետությունից։ Նույն կազմից մեկ տարի անց պետք է ընտրվեն սերժանտները, իսկ նրանց մեջ լավագույնները որոշ ժամանակ անց, անցնելով սպայական դասընթացներ, պետք է հնարավորություն ունենան նաեւ սպա դառնալ (այդպիսի պրակտիկա է գործում Իսրայելում): Բոլոր պայմանագրային զինծառայողները մարտական ծառայությանը զուգահեռ պետք է պարբերաբար զորավարժությունների մասնակցեն եւ վերապատրաստվեն՝ յուրացնելով նոր մարտական տեխնիկան եւ օպերատիվ մարտավարական հնարքները։ Զորավարժությունների վրա ծախսվող միջոցները պետք է էապես ավելացվեն։

Այն ժամկետային զինծառայողները, որոնք զորացրվում են, պետք է համալրեն պահեստազորը, կցագրվեն կոնկրետ զորամասերի (որպես կանոն՝ որտեղ ծառայել են), եւ մասնակցեն տարեկան զորահավաքների։ Սա հավելյալ բեռ է մասնավոր հատվածի համար, սակայն ռազմականացված պետության մեջ այն անհրաժեշտություն է եւ նույն այդ մասնավոր հատվածի համար՝ հավելյալ անվտանգության երաշխիք։

Պահեստազորի կողմից կամավորության սկզբունքով պետք է առանձնացվի ակտիվ պահեստազորը. ակտիվ պահեստազորայինները նրա առավել մարտունակ մասն են, պետությունից հավելյալ վարձատրություն են ստանում, ունեն կցագրված զենք եւ մի քանի անգամ ավելի մեծ ինտենսիվությամբ են մասնակցում զորահավաքների, իսկ անհրաժեշտության դեպքում առաջինն են համալրում բանակը։

Ռազմականացված պետության մեջ լրացուցիչ կարեւորվում է կանանց դերը բանակում։ Ժամանակակից բազմաթիվ ռազմական մասնագիտություններում կանայք չեն զիջում տղամարդկանց, իսկ որոշ դեպքերում նաեւ գերազանցում են իրենց արդյունավետությամբ։ Ուստի բանակը պետք է ակտիվորեն հավաքագրի նրանց, ապահովի մարտական պատրաստության եւ ծառայության արդյունավետ պայմաններ։ Հայաստանում այդ գործընթացն արդեն սկսվել է եւ պետք է նոր թափ ստանա։ Կին ծառայողի հարգը եւ հեղինակությունը պետք է շարունակաբար աճեն, իսկ պետությունն էլ նրանց համար հավելյալ սոցիալական երաշխիքներ ապահովի մասնավորապես՝ երեխաներ ունենալու եւ դաստիարակելու դեպքում։

Թեեւ բանակի արդիականացումը եւ ռազմական գործի կազմակերպումն առանձին հոդվածի նյութ են (տես ավելի վաղ տպագրված «Ինչպես մեծացնել Հայաստանի ռազմական հզորությունը» հոդվածը), այդուհանդերձ այստեղ կցանկանայի պարզապես նշել, որ ապագա Հայկական բանակը պարտադիր չէ, որ լինի մեծաքանակ, բայց այն պետք է լինի գերտեխնոլոգիական։ Հայաստանի Հանրապետության բանակի թվակազմը կարող է լինել 50 000 ծառայողի սահմաններում, եւս 10-12000 զինծառայողների պետք է լինելու Արցախում (հիմնականում տեղաբնակների կազմից), սակայն այդ բանակը պետք է ունենա այսօրվանից էապես տարբեր կառուցվածք։ Այսօրվա բանակի թվակազմի 2/3-ը հետեւակն է, ընդ որում՝ հիմնականում մարտական պահպանություն իրականացնող։ Ապագա բանակում մարտական պահպանության խնդիրները պետք է համատարած ավտոմատացվեն, նրանում ներգրավված անձնակազմը՝ նվազեցվի։

Ավելին, ավտոմատացումը, արհեստական ինտելեկտի կիրառմամբ ցանցային կենտրոնացված կառավարման համակարգի ստեղծումը, բանակը միասնական, բայց միեւնույն ժամանակ շատ ճկուն հետախուզական հարվածային համակարգի վերածելը պետք է դառնա հողի վրա եւ օդում մարտական գործողություններ իրականացնելու նոր եղանակ: Միեւնույն ժամանակ, պետք է օգտագործել դեցենտրալիզացիայի մեթոդներ զորքերի կառավարման մեջ, որի դեպքում յուրաքանչյուր տակտիկական միավոր պետք է կարողանա ինքնուրույն կատարել առաջադրանքը: Ժամանակն է, իսկապես, ներմուծել հրամանադրում առաջադրանքը։

Զինվորները թե՛ օպերատիվ, թե՛ մարտավարական առումով եւ թե՛ առանձին մարտիկների մակարդակով պետք է մարզվեն, որպեսզի անցկացնեն եւ՛ պաշտպանական, եւ՛ հարձակողական գործողություններ, սակայն, բնականաբար, պետք է լինեն որոշակի մասնագիտացմամբ միավորներ: Վերոգրյալ միասնական համակարգի շրջանակներում պետք է լուծել բազմաշերտ օդային պաշտպանության խնդիրը՝ ինչպես օդաչուներով ավիացիայի, այնպես էլ անօդաչու օդային համակարգերի միջոցով, այդ թվում նաեւ այն համակարգերի, որոնք օգտագործվում են երամների եւ գայլերի պարկուճ հասկացություններում:

Վերջին պատերազմների փորձը ցույց է տալիս, որ պատերազմների տեխնոլոգիան անշրջելիորեն փոխվում է։ Գրոհային գործողություններում առաջին պլան են դուրս գալիս ավիացիոն (ներառյալ անօդաչու), հեռահար եւ ճշգրիտ խոցման միջոցները,  հատուկ պատրաստության անցած եւ հանդերձավորված գրոհային հետեւակը, իսկ պաշտպանական միջոցներում խիստ կարեւորվում է էշելոնացված ամրությունների համակարգի կառուցումը, որը կտրուկ նվազեցնում է հակառակորդի գրոհային տարատեսակ միջոցների արդյունավետությունը։ Ինչպես նաեւ կարեւոր է  բազմաշերտ հակաօդային պաշտպանությունը։ Այս իմաստով, ապագա հայկական բանակը պետք է օպտիմալ բալանս գտնի պաշտպանական եւ գրոհային միջոցների զարգացման հարցում՝ կախված նաեւ իր տրամադրության տակ գտնվող ընդհանուր ռեսուրսներից եւ տեղանքների առանձնահատկություններից՝ յուրաքանչյուր դեպքում շեշտը դնելով հայկական տարածքների արդյունավետ պաշտպանության հրամայականի վրա։

Եթե դուք հասել եք այս պարբերությանը, ձեր մոտ հարց կառաջանա, թե ինչ միջոցներով է այս ամենը պետք իրականացնել, չէ՞ որ յուրաքանչյուր առաջարկված գաղափար իր գինն ունի։ Այսօր արդեն Հայաստանը ծախսում է իր համախառն արդյունքի մոտ 4.5%-ը պաշտպանական կարիքների վրա, սա միջազգային չափանիշներով բավական բարձր գործակից է (Ռուսաստանը եւ Թուրքիան մոտավորապես նույն համամասնությունն են ծախսում)։ Հայաստանի ռազմականացումը նաեւ դրանով է դժվարին ընտրություն, քանի որ այն պահանջելու է պաշտպանական ծախսերի կայուն ավելացում, ենթադրաբար հեռանկարում համախառն արդյունքի մինչեւ 7%-ի չափով, որը գերազանցում է այսօրվա մակարդակը մոտ 50%-ով։

Քանի որ գործող պետական բյուջեն արդեն իսկ լարված է (թեեւ խնայողության որոշ հնարավորություններ կան, մասնավորապես՝ պետական ապարատի եւ ոստիկանության օպտիմիզացիայի միջոցով), ռազմական ծախսերի ավելացումը հնարավոր է երեք աղբյուրներից.

Ա) պետական եկամուտների ավելացում, ընդ որում՝ հասցեական հենց պաշտպանական ծախսերի համար (այսօրվա պարտադիր մուծումները Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ դրա լավ օրինակն են)

Բ) Սփյուռքից հասցեական միջոցների ներգրավում ներդրումների տեսքով, ինչպես նաեւ քաղաքացիության դիմաց տարատեսակ վճարովի ծառայությունների միջոցով, (օրինակ, իրենց բնակության երկրում ընտրությունների մասնակցության իրավունք)։

Գ) Դաշնակից պետություններից անհատույց կամ արտոնյալ պայմաններով աջակցություն։ Այստեղ կարեւորվում է դաշնակիցների շրջանակի ընդլայնումը եւ ռազմատեխնիկական համագործակցության խորացումը։

Եթե այս ամենն արվի համակարգված, միասնական, երկարաժամկետ ռազմավարական տրամաբանությամբ, եթե մեր բոլոր գործընկերների հետ կառուցվի փոխշահավետ երկխոսություն, մեր նպատակները նրանց հստակ լինեն, ապա վաղ թե ուշ մենք կկարողանանք հասնել ռեսուրսների մոբիլիզացիայի անհրաժեշտ մակարդակի, ինչպես դա եղել է Իսրայելի դեպքում (մեկ այլ արդյունավետ օրինակ է Հարավային Կորեան): Լավ նորությունն այն է, որ այս ամենը փոքր մասշտաբներով արդեն փորձարկվել է. հայկական ռազմաարդյունաբերության մեջ սփյուռքից արդեն ակտիվորեն ներդրումներ են արվում, մեզ բարեկամաբար տրամադրված երկրները պարբերաբար ռազմատեխնիկական աջակցություն են ցույց տալիս, թե՛ Հայաստանի բնակչությունը եւ թե՛ արտերկրում ապրող հայությունը մասսայաբար աջակցություն են ցույց տալիս բանակին պատերազմական գործողությունների պայմաններում։ Հայաստանում այսօր արդեն գործում են մի շարք ռազմահայրենասիրական կառույցներ, որոնք եւս բիզնեսից աջակցություն են ստանում, մի շարք բարեգործական հիմնադրամներ աջակցում են բանակի արդիականացմանը եւ այլն։

Ինչպես եւ կրթության դեպքում՝ բազմաթիվ մեխանիզմներ արդեն փորձարկված եւ գործում են, հաջորդ փուլի խնդիրը դրանք մասշտաբացնելը եւ համակարգային արդյունքի բերելն է։ Դրա համար Հայաստանում պետք է ձեւավորվի նոր իշխանություն, որը կհրաժարվի նիկոլիստական «խաղաղասիրական» պատրանքներից եւ «ձեռքերը քշտած» ձեռնամուխ կլինի երկրի ռազմականացման գործին։

Դրա մասին՝ ապագա հոդվածներում, իսկ մինչ այդ խնդրում եմ մտածեք, թե ինչ եք այսօր անում անձամբ դուք՝ բարձրացնելու մեր երկրի պաշտպանվածությունը եւ ինչ կարող եք անել ապագայում այն ընդարձակ ցանկից, որը ներկայացված էր այս հոդվածում, եւ որն իրական կյանքում շատ ավելի ընդարձակ է ու յուրաքանչյուրիս հնարավորություն է տալիս գործով պաշտպանելու մեր ազատ կյանքի իրավունքը սեփական երկրում։

Կարդացեք նաեւ. Հայաստանի ճակատագրական ընտրությունը

Կարդացեք նաեւ. Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Հայահավաք

Կարդացեք նաեւ. Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Արդիականացում

Ավետիք Չալաբյանը «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին