Ուկրաինական ճգնաժամը եւ մեր անելիքները - Mediamax.am

Ուկրաինական ճգնաժամը եւ մեր անելիքները
4333 դիտում

Ուկրաինական ճգնաժամը եւ մեր անելիքները


Երկու ամիս առաջ, «Ինչպես վերականգնել Հայաստանի ռազմական հզորությունը» հոդվածում գրել էի այն մասին, որ մեր տարածաշրջանում ընթանում են աշխարհաքաղաքական վերաձևման լայնամասշտաբ գործընթացներ, որտեղ կշեռքի նժարի վրա դրված են ամբողջական երկրների ինքնիշխանությունն ու ապագան, և որ այդ պայմաններում «խաղաղության դարաշրջանի» մասին գործող իշխանությունների պարբերական հայտարարությունները առնվազն տարակուսանք են առաջացնում, քանզի պատերազմը կամ խաղաղությունը բնավ մեր ընտրությունը չէ, այլ տարածաշրջանային ընդհանուր զարգացումներով պայմանավորված և մեզ պարտադրված ցավալի իրողություն։

Հոդվածիս լույս տեսնելուց ընդամենը վեց շաբաթ անց Ռուսաստանի Դաշնությունը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Ուկրաինայի դեմ, Հյուսիս-ատլանտյան դաշինքը դրան պատասխանեց աննախադեպ պատժամիջոցների փաթեթով Ռուսաստանի Դաշնության դեմ, և մեր ամբողջ տարածաշրջանը հայտնվեց Երկրորդ Համաշխարհայինից հետո իր մասշտաբներով ամենամեծ պատերազմի սպառնալիքի առջև։ Այս պայմաններում, եթե Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունները սեղմ ժամկետներում չավարտվեն, և կողմերը շարունակեն ռազմական էսկալացիան, որևէ կասկած չկա, որ տարածաշրջանում առկա փխրուն ուժերի հաշվեկշիռը անվերադարձ կխախտվի, և տարածաշրջանի տառացիորեն բոլոր պետությունները, այս կամ այն կերպ, ստիպված կլինեն ներքաշվել այս կործանարար հակամարտության մեջ։

Մեր համար սա ավելի քան անբարենպաստ հեռանկար է, քանի որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի աղետալի հռչակագրով Հայաստանը փաստացի հրաժարվեց Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի իր դերից և այն զիջեց Ռուսաստանի Դաշնությանը, ենթադրաբար համարելով, որ իր վիթխարի ռազմաքաղաքական ռեսուրսներով այն ընդունակ է երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանային կայունություն ապահովել։ Սակայն եթե Ռուսաստանի Դաշնությունը ինքն է հայտնվում անկայունության կիզակետում և սպառում է իր ռեսուրսները Հյուսիս-ատլանտյան դաշինքի հետ հյուծիչ հակամարտության մեջ, ապա տարածաշրջանային անվտանգության ողջ այս տրամաբանությունը փլուզվում է, և մենք կարող են ևս մեկ անգամ մնալ միայնակ դեմ հանդիման թշնամաբար տրամադրված մեր երկու հարևանների հետ, որոնցից մեկը չի էլ թաքցնում իր նկրտումները՝ ռազմական ճանապարհով ավարտին հասցնելու Արցախի Հանրապետության ոչնչացման և Հայաստանի Հանրապետության անդամահատման իր ծրագիրը, իսկ մյուսն էլ պատրաստ է յուրացնել և կուլ տալ այդ դեպքում Հայաստանից մնացածը։

Այս մռայլ հեռանկարը, ցավոք, բավական իրատեսական է և կախված է ոչ այնքան մեզանից, որքան Ուկրաինայում ընթացող հակամարտության ընթացքից։ Ուստի, մեզ պետք է պատրաստ լինել վատթարագույնին և հաշվարկել մեր քայլերը հենց այդ տրամաբանությամբ, թեև այն հույսով, որ հնարավոր կլինի դրանից խուսափել՝ թե ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումների, և թե մեր կողմից ձեռնարկվող խելամիտ գործողությունների շնորհիվ։ Հետևաբար, փորձենք ուրվագծել այն կարևորագույն գործողությունները, որոնց շուրջ այսօր պետք է կենտրոնանալ՝

1) Նախաձեռնողական դիվանագիտություն․ առաջին և թերևս առավել կարևոր գործողությունն ակտիվ չեզոքության պահպանումն է այս հակամարտության ընթացքում։ Սա ավելի հեշտ է ասել, քանի իրականացնել, քանի որ Հայաստանի վրա ճշնումը լինելու է (և արդեն կա) հակամարտության հիմնական երկու կողմերից էլ, դրան էլ գումարած թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումը։ Այս իրավիճակում կողմերի միջև գրագետ մանևրելը, յուրաքանչյուր կողմին տարբեր ձևերով օժանդակելը, սակայն ընդհանուր առմամբ հակամարտության բացահայտ կողմ դառնալուց խուսափելը մեծ վարպետություն է պահանջում, և բազմաթիվ դիվանագիտական ճակատներով, ներառյալ նաև «չեզոք» տերությունների հետ (Չինաստան, Հնդկաստան, Իրան, Իսրայել, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, և այլն) աշխատանքի մեծ ինտենսիվություն։ Վերջին տարիների փորձից ակնհայտ է, որ Հայաստանի գործող իշխանությունները այդ կարողությունը չունեն և եթե ողջ դիվանագիտական գործունեությունը թողնվի միայն նրանց հույսին, մեզ նոր ձախողումներ և կորուստներ են սպասվում։ Ուստի այս իրավիճակում կարևորվում է հայկական աշխարհի տարբեր ուժային կենտրոնների համակարգված աշխատանքը՝ սեփական ազդեցության գոտիներում հարաբերությունների առաջընթաց ապահովելու, այդ երկրների հետ բարենպաստ զարգացումներ նախաձեռնելու, թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումներին տարբեր ձևերով հակազդելու և նրա նոր ագրեսիան կաշկանդելու նպատակով։ Եթե նախկինում դրան խանգարում էին Հայաստանի գործող իշխանությունների հետ այդ կենտրոնների տարաբնույթ հակասությունները, ապա հիմա պետք է պարզապես առժամանակ վեր կանգնել դրանցից, գիտակցել, որ այդ իշխանությունները բոլոր դեպքերում ժամանակավոր են, սակայն հնարավոր նոր կորուստները՝ պրակտիկորեն անշրջելի։ Ուստի այս վտանգավոր ժամանակներում պետք է առաջնորդվել համազգային գերակայություներով, իսկ ներքաղաքական հակասություններն էլ լուծել, երբ մենք կանցնենք աշխարհաքաղաքական լարվածության առավել կրիտիկական շրջանի միջով։

2) Ռազմական ներուժի վերականգնում․ Նախորդ իմ հոդվածում ես փորձել էի համակարգված նկարագրել այն հիմնական գործողությունները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի ռազմական ներուժը վերականգնելու և ժամանակակից պատերազմների պայմաններին ու մեր երկրի տնտեսական կարողություններին այն համապատասխանեցնելու նպատակով։ Չկրկնվելով, ընդամենը նշեմ, որ Ուկրաինայում ընթացող հակամարտությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ նշված ուղղությունների ընտրությունը հիմնավորված էր, և որ ժամանակակից պատերազմներում շեշտը պետք է դնել օդային գերազանցության և համեմատաբար էժան, թեթև ու ճշգրիտ խոցման միջոցների մասսայական կիրառման վրա, ինչպես նաև պատրաստել բազմաֆունկցիոնալ, շարժուն և բարձր մարտունակ հետևակ։ Այս ուղղություններում առաջընթացը ավելի քան իրատեսական է, Հայաստանը ունի դրա բոլոր հնարավորությունները՝ սեփական տեխնոլոգիաներ, մասնագետներ, հաջող կիրառման լոկալ փորձ, նույնիսկ նյութական միջոցներ։ Ցավոք, սակայն, անցած տարվա ընթացքում առաջընթացը սահմանափակվել է գործող իշխանությունների կողմից պաշտպանական ոլորտում տարվող անհետևողական, որոշ դեպքերում նաև կրավորական քաղաքականությամբ, որն արդեն իսկ հանգեցրել է թանկարժեք ժամանակի և ռեսուրսների վատնման, այն պայմաններում, երբ թշնամին ոչ մի օր հանգիստ չի նստում և շարունակաբար նոր մարտահրավերներ է ստեղծում մեր զինված ուժերի համար։ Ներկա պայմաններում, օգտվելով բացարձակ լեգիտիմ անհրաժեշտությունից և սահմանադրորեն ամրագրված իրավունքից, Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունը պետք է վերջապես նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը և իրականացնի բանակի արդիականացման և պահեստազորի մոբիլիզացման նվազագույն անհրաժեշտ գործողությունները՝ հակազդելու թշնամու ակնհայտ ոտնձգություններին, այլապես մենք իսկապես անպաշտպան կմնանք այն աշխարհում, որտեղ այլևս միայն կոշտ ուժն է պարտադրելու «միջազգային իրավունքը»։

3) Արցախի Հանրապետության լեգիտիմացում։ Նոյեմբերի 9-ի աղետալի հռչակագիրը ևս մեկ, մասամբ այն պահին թաքնված, բայց այժմ արդեն բացահայտ հետևանք ուներ՝ այն դելիգիտիմացնում էր Արցախի Հանրապետությունը՝ չճանաչված, բայց փաստացի գործող հայկական պետությունից դարձնելով ընդամենը մի տարածք, որը բնակեցված է հայազգի բնակչությամբ։ Հետագա մեկ տարվա ընթացքում, Հայաստանի գործող իշխանությունը, ձայնակցելով Ադրբեջանին, ամեն կերպ փորձում էր ամրագրել դա՝ թե իր հռետորաբանությամբ, և թե փաստացի գործողություններով։ Հիմա եկել է ժամանակը, երբ այդ ընթացքը պետք է շրջել, ընդ որում, դա պետք է անի առաջին հերթին Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը՝ թե սեփական իրավունքները հստակ բարձրաձայնելով, թե ինքնուրույն դիվանագիրական ակտիվություն իրականացնելով և թե սեփական զինված ուժերը վերականգնելով։ Այս գործընթացը արդեն սկսվել է, դրա առաջին քայլերից մեկը «Օկուպացված տարածքների մասին» օրենքի ընդունումն էր Արցախի ԱԺ կողմից, զուգահեռ տեղի է ունենում սեփական զինված ուժերի մարտունակության աստիճանական վերականգնում, քաղաքական համակարգի ակտիվացում, դիվանագիտական տարբեր հարթակներում թշնամական ագրեսիայի դատապարտման քայլեր (մասնավորապես, հատկանշական է Եվրոպական Խորհրդարանի վերջին բանաձևը): Այստեղ չափազանց կարևոր է, որպեսզի հայկական աշխարհի տարբեր կենտրոնները համախմբվեն Արցախի Հանրապետության լեգիտիմացման հրամայականի շուրջը, անմիջականորեն աջակցեն Արցախի Հանրապետության քաղաքական իշխանություններին, զինված ուժերին և հերոսական բնակչությանը, որն ի հեճուկս թշնամու ստեղծած անտանելի պայմանների, շարունակում է ապրել իր հայրենիքում, վերականգնել այն և իր հնարավորությունների սահմաններում նաև հակազդում է նրա ռազմական ոտնձգություններին։ Ներկա իրավիճակը բարենպաստ է դրա համար, քանի որ եթե նախկինում Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը փորձում էր առավելագույնս սառեցնել Արցախի կարգավիճակի մասին ցանկացած քննարկում, ապա հիմա այն ևս որոշակիորեն հակված է դա ակտիվացնելու, ելնելով իր իսկ փոփոխվող ռազմաքաղաքական գերակայություններից, և մեզ պետք է առավելագույնս օգտվել այս հնարավորությունների պատուհանից։ Նմանապես, մեր կողմից տարվող ճկուն քաղաքականության դեպքում, նմանատիպ հակվածություն կարող են դրսևորել նաև Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները, մասամբ նաև Ռուսաստանի մենաշնորհը այս հարցում թուլացնելու նպատակով։ Ի միջիայլոց, Ադրբեջանի վերջին սադրանքները, մեծ հավանականությամբ, պայմանավորված են հենց այդ իրողության գիտակցությամբ, ուստի մենք պետք է տոգորվենք վճռականությամբ և համբերությամբ՝ Արցախը այս նորը փորձությունների միջով անցկացնելու և ուժեղացած դուրս բերելու նպատակով։

4) Տնտեսական ճկունություն։ Ուկրաինայում ընթացող հակամարտությունը Հայաստանի համար նաև ծանրագույն տնտեսական մարտահրավերներ է ստեղծում։ Անկախ ամենից, Ռուսաստանի Դաշնությունը մեր խոշորագույն տնտեսական գործընկերն է, հայկական ապրանքների ամենամեծ շուկան ու Հայաստանում ամենամեծ արտաքին ներդրողը։ Նրա նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցները ի վերջո մեր տնտեսությանը ևս վիթխարի վնասներ են հասցնելու։ Միևնույն ժամանակ, այդ պատժամիջոցների բնույթն այնպիսին է, որ արդյունքում մեծ քանակությամբ վաղուց ձևավորված տնտեսական կապեր են խզվելու Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև, և դա հնարավորություն է տալու նաև Հայաստանին՝ մասամբ լցնելու առաջացող տնտեսական վակուումը։ Դա և դեպի Ռուսաստան այնպիսի ապրանքների արտահանումն է, որոնք ավանդապես ներկրվում էին Արևմուտքից (Հայաստանում դրանց վերջնական մշակումն իրականացնելուց հետո), և արևմտյան երկրներ այնպիսի ապրանքների և ծառայությունների արտահանումն է, որոնք նախկինում գնվում էին Ռուսաստանից (դրա տարբեր օրինակները կան արդեն 2014 թվականից ի վեր), և Արևմուտքից Ռուսաստան որոշակի տեխնոլոգիական տրանսֆերի իրականացումն է, և ֆինանսական հոսքերի մի մասի կառավարումը հայկական բանկերի միջոցով և բազմաթիվ այլ հնարավորություններ։ Այսօր, երբ արդեն Հայաստանում են գտնվում հակամարտությունից հեռացած տասնյակ հազարավոր ՌԴ, ինչպես նաև Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիներ, հանկարծ շատերի համար պարզ է դառնում, որ օգտակար է ի դեմս Հայաստանի ունենալ անվտանգ հանգրվան, որը բարենպաստ հարաբերություններ ունի հակամարտության բոլոր կողմերի հետ, և կարող է ըստ անհրաժետության նաև նրանց միջև տնտեսական միջնորդի դեր կատարել։ Ուստի մեզ պետք է առավելագույնն անել, որպեսզի այս անակնկալ ծագած հնարավորություններից լիարժեք օգտվենք՝ հակամարտության մեջ ընդգրկված երկրների քաղաքացիներին, մասնավոր ընկերություններին, ինչպես նաև պետություններին տնտեսական և հումանիտար հարցերում որակյալ և ժամանակին օժանդակություն տրամադրելով և համապատասխան ճկունություն դրսևորելով։ Առավել ևս, որ այդ հնարավորություններից օգտվելու համար արդեն մրցակցություն է սկսվում նաև այլ հարևան երկրների կողմից, և տնտեսական շահը ի վերջո ընտրելու է այն երկրները, որոնք առավել բարենպաստ պայմաններն են տրամադրելու։

5) Հայրենադարձություն․ Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Բելառուսի տարածքներում ապրում է 2.5 միլիոնից ավելի հայազգի բնակչություն, դրա մոտ կեսը վերջին 30 տարիների ընթացքում են հեռացել Հայաստանի Հանրապետությունից, իսկ այդ թվից մոտ 0.5 միլիոնն էլ մինչ այժմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունի։ Մարդիկ անցած տարիներին մեկնել այդ երկրներ՝ հիմնականում տնտեսական հնարավորություններից ելնելով, շատերն էլ նաև՝ անվտանգության նկատառումներով։ Հիմա, սակայն, ակնհայտ է, որ տնտեսական հնարավորությունները նվազելու են, իսկ անվտանգությունը դառնալու շատ ավելի փխրուն։ Սա այն ժամանակն է, երբ մեր երկրից հեռացած բազմաթիվ քաղաքացիներ սկսում են ամենայն լրջությամբ մտածել Հայաստան վերադառնալու և իրենց գործունեությունը այստեղից վերակազմակերպելու մասին։ Սրան նպաստում է նաև այն, որ ծառայությունների շատ տեսակներ այժմ կարելի է մատուցել հեռավար, Հայաստանի աշխատաշուկայում կա բարձր որակավորման մասնագետների զգալի կարիք, Ռուսաստանում տարբեր ապրանքներ և մասամբ նաև ծառայություններ արտադրելու փոխարեն, կարելի է դա անել Հայաստանում և արտահանել և այլն։ Այս գործընթացն արդեն սկսվել է, և խիստ կարևոր է Հայաստանում լավագույն պայմանները ստեղծել մեր հայրենակիցների (և թերևս ոչ միայն իրենց) վերադարձի համար՝ պարզեցնելով վարչարարությունը, վերադարձողներին ժամանակավոր հարկային և այլ արտոնություներ տրամադրելով, նրանց երեխաների կրթության համար ճկուն հնարավորություններ ստեղծելով և բազմաթիվ այլ քայլերով, որոնք հնարավորություն կտան մարդկանց արագ ինտեգրվել մեր հասարակության մեջ և իրապես գնահատել նրանում ապրելու առավելությունները։ Հեռանկարում, դա ոչ միայն կհարստացնի և կհզորացնի մեր երկիրը, այլև ավելի գրավիչ կդարձնի այն բոլորիս համար, ավելի բազմազան ու անվտանգ, և արդյունքում նաև ավելի դինամիկ զարգացող։

Այսօր մենք կանգնած ենք մի հանգրվանում, երբ աշխարհաքաղաքական ցնցումների արդյունքում մեզ շրջապատող իրականությունը արմատական փոփոխություններ է կրում։ Սա հղի է մեր համար վիթխարի վտանգներով, բայց նաև բազմաթիվ նոր հնարավորություններ է բացում, և մենք այս ցնցումների շրջանից կարող ենք դուրս գալ ուժեղացած, իսկ կարող ենք և ընդհանարապես դուրս չգալ՝ որպես ինքնուրույն պետական միավոր։ Թեև շատ բան կախված է ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումների ընթացքից, մեր ճակատագիրը առաջին հերթին մեր ձեռքում է, և մեր համակարգված գործողություններով է ի վերջո պայմանավորված լինելու այս բազմաբարդ ու վտանգավոր խաղի մեր վերջնարդյունքը։

Ավետիք Չալաբյանը «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին