Ինչպես վերականգնել Հայաստանի ռազմական հզորությունը - Mediamax.am

Ինչպես վերականգնել Հայաստանի ռազմական հզորությունը
6484 դիտում

Ինչպես վերականգնել Հայաստանի ռազմական հզորությունը


Վերջին իրադարձությունները Ղազախստանում, դրանց անսպասելի զարգացումը եւ ծավալումը, եւս մեկ անգամ եկան հավաստելու, որ մեր տարածաշրջանում ընթանում են աշխարհաքաղաքական վերաձեւման լայնամասշտաբ գործընթացներ, որտեղ կշեռքի նժարի վրա դրված են ամբողջական երկրների ինքնիշխանությունն ու ապագան։ Հայաստանը հայտնվել է այս նոր աշխարհաքաղաքական նախագծի խաչմերուկում, որտեղ հսկայական գեոստրատեգիկ եւ տնտեսական շահեր են բախվում, եւ որում տարածաշրջանի վերաձեւման ակտիվ դեր է հատկացված նեոօսմանյան Թուրքիային։ Հայաստանի ամբողջական վերահսկողությունը Արցախի նկատմամբ առանցքային խոչընդոտ էր այդ ծրագրի ճանապարհին, եւ թուրքական դաշինքին հաջողվեց, գոնե առժամանակ, այդ խոչընդոտը վերացնել։ Նրա հաջորդ նպատակը Հայաստանի վրայով տրանսպորտային հաղորդակցություն է, իսկ այնուհետեւ՝ Սյունիքի եւ հեռանկարում ողջ Հայաստանի տարածքի նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատումը։

Այս պայմաններում, «խաղաղության դարաշրջանի» մասին գործող իշխանության պարբերական հայտարարությունները առնվազն տարակուսանք են առաջացնում, քանզի պատերազմը կամ խաղաղությունը բնավ մեր ընտրությունը չէ, այլ տարածաշրջանային ընդհանուր զարգացումներով պայմանավորված, եւ մեզնից առանձնապես չկախված իրողություն։ Եթե տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը որեւէ կերպ նորից խախտվի թուրքական դաշինքի օգտին (ինչպես դա տեղի ունեցավ 2020 թվականին), առանձնապես կասկած չկա, որ այն մի նոր պատրվակ կգտնի՝ պատերազմ սկսելու թուլացած հայկական պետության դեմ եւ լուծելու դեռեւս անավարտ իր խնդիրները։ Ուստի այս պայմաններում, կա երկու իրատեսական այլընտրանք՝ կամ ի սկզբանե անձնատուր լինել թուրքական դաշինքին եւ կատարել նրա բոլոր պայմանները (ինչը, սակայն, երաշխիք չէ, որ անընդհատ նորանոր պայմաններ չեն ավելանա), եւ կամ էլ, փորձելով օգտվել ժամանակավոր դադարից, առավելագույնս զարգացնել սեփական ռազմական կարողությունները, վերականգնել ռազմաքաղաքական ուժը, եւ ավելացնել սեփական դերակատարությունը՝ որպես տարածաշրջանային անվտանգության թեկուզ եւ փոքր, բայց իրական գործոն։

Մենք ի սկզբանե երկրորդ տարբերակի կողմնակիցն ենք, եւ անկեղծ հավատում ենք, որ միայն սեփական ռազմաքաղաքական կարողությունների վերականգնումը, արդիականացումը եւ աստիճանական ընդլայնումն է երկարաժամկետ հեռանկարում կարող են ապահովել մեր երկրի անվտանգությունը եւ ինքնիշխանությունը՝ պայմանով, որ մենք այդ կարողությունները նաեւ խելամիտ ենք կիրառում, եւ չենք դառնում խաղալիք այլոց ձեռքում։ Ուստի 2020 թ. Արցախյան պատերազմում աղետալի պարտությունից անմիջապես հետո, մի շարք գործընկերների հետ առանց հապաղելու վերսկսեցինք աշխատանքը՝ վերականգնելու մեր բանակի կորսված պաշտպանական կարողությունները, եւ նաեւ անցած պատերազմից դասեր քաղելով, արմատապես արդիականացնելու եւ վերափոխելու դրանք։ Լինելով ընդամենը մասնավոր հիմնադրամ, սահմանափակ նյութական ռեսուրսներով, մենք բնավ չենք կարող հավակնել փոխարինելու պետությանը այս գործում, սակայն կենտրոնացնելով բարձրորակ փորձագիտական կարողություններ եւ մշտական երկխոսության մեջ գտնվելով պաշտպանական խնդիրներով զբաղվող բազմապիսի կառույցների հետ, արդեն հիմա բավական հստակ ենք պատկերացնում հիմնական ռազմավարական խնդիրները եւ ընդունակ ենք արդյունավետ աջակցել մեր բանակին՝ իրական բարեփոխումներ ձեռնարկելու։

Թեեւ անվտանգային եւ դրա առանցքային մաս կազմող պաշտպանական ոլորտում բարեփոխումները անսահման հնարավորությունների դաշտ է եւ վիթխարի նյութական ռեսուրսներ է պահանջում, մենք պետք է ելնենք առկա ներքաղաքական իրողություններից, նյութական եւ կադրային սահմանափակումներից, թշնամական երկրների փաստացի ռազմավարությունից եւ գործընկեր երկրների հետ փոխգործակցության իրական հնարավորություններից՝ իրատեսորեն սահմանելու մեր հիմնական գերակայությունները առաջիկա մի քանի տարիների ընթացքում։

Չհավակնելով համապարփակ շարադրության, փորձենք ստորեւ նշել մի շարք առանցքային ուղղություններ, որտեղ մեզ արմատական բարեփոխումներ են անհրաժեշտ պաշտպանական ոլորտում, եւ որտեղ դրանք հնարավոր է իրականացնել միջնաժամկետ հեռանկարում:

Ա) Մարտադաշտի կառավարում։ Անցած պատերազմում, ի հեճուկս տարածված պատկերացումների, մեզ հաղթել է ոչ թե սոսկ «Բայրաքթարը», այլ թշնամու կողմից մարտադաշտի կառավարման արդիական ինտեգրված կարողությունները։

Արբանյակային, օդային եւ ռադիոլոկացիոն հետախուզություն, պաշտպանված կապուղիներ, իրավիճակի կառավարման գերհագեցած հրամանատարական կետեր, մարտական ստորաբաժանումներին ռեալ ժամանակում տրամադրվող օպերատիվ տեղեկատվություն եւ հստակ հրամանադրում՝ սրանք բոլորը այն գործոններն էին, որոնք հնարավորություն տվեցին թշնամուն իրականացնել լավ հաշվարկված մարտական գործողություններ եւ ճեղքել մեր պաշտպանությունը նույնիսկ այնտեղ, որտեղ դա սկզբնապես անհնար էր թվում։ Մենք պարզապես չունենք շքեղություն՝ ապագայում եւս մեկ անգամ «կապված աչքերով» կռվել թշնամու դեմ եւ պետք է ոչ միայն ինքներս այդպիսի կարողություններ ստեղծենք, այլեւ օգտվենք մեր տեխնոլոգիական ոլորտի մշակումներից՝ թշնամու նկատմամբ այստեղ շոշափելի առավելություն ձեռք բերելու համար, առավել եւս, որ դա իրատեսորեն հնարավոր է, եւ ինչ-որ հարցերում էլ արդեն իրականություն է դառնում։

Բ) Առաջնագծի ավտոմատացում։ Հայաստանի (ներառյալ Արցախի) սահմանների պաշտպանությունը ավանդական միջոցներով գերբարդ խնդիր է, քանզի սահմանների երկարությունը մեր տարածքի համեմատ շատ մեծ է։ Եթե մենք փորձենք նույն միջոցներով այն պաշտպանել, հսկայական ռեսուրսներ ենք ծախսելու՝ խրամատներում տասնյակ հազարավոր զինվորներ պահելով, բայց հնարավոր պատերազմի դեպքում կրկնելու ենք նույն արդյունքը։ Մեր զինվորներին պետք է խրամատներից հնարավորինս դուրս բերել եւ փոխարենը սահմանների պահպանության խնդիրը լուծել ավտոմատացված միջոցներով։ Այսօր արդեն մեր տրամադրության տակ կան բազմաթիվ աշխատող տեխնոլոգիաներ՝ խորը դիտարկման օպտիկական սարքեր, տարատեսակ ռադարներ, հետախուզական ԱԹՍ-ներ, ավտոնոմ կրակային միջոցներ։ Մենք կարող ենք առնվազն երկու անգամ կրճատել զինվորների թիվը՝ անմիջական սահմանների վրա, ընդ որում եղածներն էլ խրամատների փոխարեն գտնվեն անվտանգ բունկերներում, կառավարման վահանակների դիմաց, կամ էլ լինեն արագ արձագանքման ուժերում, որոնք ըստ անհրաժեշտության առաջանում են հնարավոր ներխուժման վտանգին ընդառաջ։  

Գ) Մոբիլ ստորաբաժանումների ստեղծում։ Դիրքայինի փոխարեն, մեր հիմնական հետեւակային ուժերը պետք է դառնան մոբիլ եւ բարձր տեխնոլոգիական։ Մենք չենք կարող այլեւս պատրաստվել նախորդ պատերազմներին՝ փոխարենը, պետք է անցնենք թշնամու տարածքն օպերատիվ հետախուզող, թեթեւ մոբիլ միջոցներով լեռնային պայմաններում արագ տեղաշարժվող, տարաբնույթ գրոհային խնդիրներ լուծող, բարդ շրջանցումներ իրականացնող, բարձր ճշգրտության կրակ վարող ստորաբաժանումների։ Այսպիսի ստորաբաժանումներ գործում են առանց բացառության բոլոր առաջատար ռազմական տերությունների բանակում եւ կարեւոր դեր են կատարում մարտական գործողություններում։ Անցած պատերազմում նաեւ թշնամին ցույց տվեց այդպիսի ստորաբաժանումների արդյունավետությունը, մասնավորապես, Շուշիի գրավման ժամանակ, եւ հիմա էլ շարունակում է ընդլայնել դրանց կազմը եւ զարգացնել կարողությունները։ Ուստի ապագայում մեր համանման ստորաբաժանումները պետք է ոչ միայն չզիջեն, այլեւ գերազանցեն թշնամուն՝ իրենց պատրաստությամբ, նվիրումով եւ արդյունավետությամբ։ Սա ծանր խնդիր է, նման մարտիկների պատրաստությունը երկար ընթացք եւ լուրջ ռեսուրսներ է պահանջում, բայց դա հնարավոր է համապատասխան նպատակադրման եւ ուժերի ճիշտ բաշխման դեպքում։

Դ) Հրթիռա-հրետանային միջոցների ճշգրտության բարձրացում։ Անցած պատերազմում եւս մեկ որոշիչ գործոնը թշնամու կողմից հրթիռա-հրետանային կրակի ճշգրտության կտրուկ բարձրացումն էր։ Դա իրականացվում էր օդային հետախուզության միջոցով խոցվող թիրախների հայտնաբերման, նրանց կոորդինատների ստացման եւ հրետանուն ճշգրիտ հրամանադրման միջոցով՝ արդյունքում խոցման ճշգրտությունը ավելանում է 10 եւ ավելի անգամ (սա փաստացի համարժեք է 10 անգամ ավել հրետանային միջոց կիրառելուն)։ Արդեն անցած պատերազմի ընթացքում, ռազմաճակատի որոշ հատվածներում հայկական ուժերի կողմից փորձնական ռեժիմով կիրառվել է համանման տեխնոլոգիա եւ որտեղ դա արվել է, թշնամու առավելությունը չեզոքացվել է եւ այն չի կարողացել կատարել իր մարտական խնդիրները։ Ներկայումս, անհրաժեշտ է ոչ միայն համատարած անցնել ճշգրիտ խոցման տեխնոլոգիաների կիրառման, այլեւ զուգահեռ բարձրացնել սեփական հրթիռային միջոցների կիրառման խտությունը, անցնել հրթիռների եւ դրանց արձակման կայանների տեղական արտադրության: Այս ամենն արդեն տեխնիկապես հնարավոր է եւ ընդամենը պահանջում է համապատասխան ներդրումներ պետության կողմից։

Ե) Անօդաչու թռչող սարքերի զանգվածային կիրառում: Անցած պատերազմի ընթացքում, գրոհային ինքնաթիռների եւ ուղղաթիռների օգտագործումը թե թշնամու, եւ թե մեր կողմից նվազագույնի էր հասել, փոխարենը լայն կիրառություն ստացան անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ)՝ ցավոք, հիմնականում թշնամու կողմից։ Սա պարզ բացատրություն ունի՝ ԱԹՍ-երը համեմատաբար էժան են եւ զանգվածային կիրառման հնարավորություն են տալիս, դրանք խոցելը հաճախ ավելի թանկ արժե, քան բուն սարքերի արժեքը եւ կիրառող կողմն էլ մարդկային կորուստներ չի տալիս։ Ըստ տարբեր փորձագիտական աղբյուրների, անցած պատերազմը ցայժմ ԱԹՍ-երի կիրառման առավել լայնածավալ դեպքն է մարդկության պատմության մեջ, եւ ապագա պատերազմները եւս գնալու են այդ ուղղությամբ: Պատահական չէ, որ Արցախյան պատերազմից հետո ողջ աշխարհում կտրուկ աճել է հետաքրքրությունը մարտական ԱԹՍ-երի (մասնավորապես՝ թուրքական Բայրաքթարների) նկատմամբ, բազմաթիվ բանակներ հրատապ զինվում են դրանցով, իսկ առաջատար երկրները շարունակում են կատարելագործել իրենց ԱԹՍ-երի զինանոցը։ Հայաստանը այստեղ հետ մնալու իրավունք չունի, առավել եւս, որ մի շարք հայկական ընկերություններ արդեն յուրացրել են փոքրաչափ ԱԹՍ-երի արտադրությունը, դրանք կիրառման հաջող (թեեւ սահմանափակ) փորձ ունեն բանակում։ Առաջիկա տարիներին խնդիրը լինելու է անցնել ԱԹՍ-երի մասսայական արտադրության եւ կիրառման՝ եւ հետախուզական, եւ գրոհային, եւ հարվածային նպատակներով, ընդ որում ինտեգրելով դրանց կարողությունները եւ առավելագույնս ավտոնոմ կրակային խոցում ապահովելով թշնամու տարածքի ողջ խորությամբ։

Զ) Հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգ։ ԱԹՍ-երի կիրառման հակառակ կողմը դրանցից պաշտպանությունն է։ Որքան էլ Հայաստանը զարգացնի ԱԹՍ իր կարողությունները, պետք է միշտ հաշվի առնել, որ թշնամին արդեն մեզնից առաջ է ընկել այս ոլորտում, շարունակում է զարգանալ եւ ապագա պատերազմներում կիրառելու է էլ ավելի կատարյալ եւ մահաբեր տեխնոլոգիաներ։ Ուստի, պետք է պատրաստվել չեզոքացնելու թշնամու կարողությունները եւ դա պետք է անել՝ ինտեգրված հակաօդային պաշտպանություն (ՀՕՊ) ստեղծելով, որտեղ մի շարք հեռահար եւ թանկարժեք միջոցներին զուգահեռ, պետք է ծավալել մեծ քանակությամբ համեմատաբար կարճ հեռահարության, բայց էժան եւ ճշգրիտ խոցող միջոցներ (խոսքը գնում է հարյուրավոր միավորների մասին), որոնք ընդունակ են արդյունավետ պայքարել թշնամու ԱԹՍ-երի դեմ, եւ փրկել մեր զինվորների կյանքերը։ Սա բարդ խնդիր է, քանի որ նույնիսկ առավել առաջատար երկրները դեռեւս չեն կարողացել մշակել էժան ՀՕՊ միջոցներ եւ փոխարենը օգտագործում են թանկարժեք ինքնակառավարվող հակաօդային հրթիռներ, որոնց արժեքը հաճախ ավելին է, քան խոցվող ԱԹՍ-երինը։ Սակայն այս ոլորտում ներկայում ակտիվ զարգացումներ են տեղի ունենում ողջ աշխարհում, առաջատար ընկերությունները ոչ ավանդական լուծումներ են փորձարկում՝ գերհզոր լազերներ, ԱԹՍ-երի ռադիոճնշում, բարձրհաճախականային ռադիոիմպուլսներ, եւ այլն: Մենք էլ հնարավորություն ունեք Հայաստանում նոր էջից սկսել այդ աշխատանքը, ներառյալ նաեւ համագործակցելով մեր ավանդական գործընկեր երկրների հետ, որոնք եւս ներկայում համանման խնդիրներ են լուծում։

Է) Ակտիվ պահեստազորի ձեւավորում։ Վերջապես, մեզ պետք է զարգացնել ակտիվ պահեստազորը՝ պատերազմական պայմաններում բանակը արդյունավետ համալրելու նպատակով։ Ժամկետային ծառայության ընթացքում անհրաժեշտ է ընտրել լավագույն զինծառայողներին եւ նրանց առաջարկել կամավոր հիմունքներով պայմանագրեր կնքել ՊՆ հետ, ծառայությունից հետո 10-15 տարով ընդգրկվելով ակտիվ պահեստազորում։ Այս անձիք տարեկան երկու անգամ կարող են մասնակցել զորահավաքներին, թարմ պահել իրենց մարտական գիտելիքները եւ բարդ տեխնիկայի հետ աշխատելու հմտությունները։ Պետությունը նրանց պետք է հավելյալ վճարի եւ արտոնություններ տրամադրի, իսկ ռազմական գործողությունների ընթացքում, առաջին հերթին նրանք են զորակոչվելու բանակ։ Մնացած պահեստազորայինները կարող են զորահավաքային պատրաստություն անցնել երեք տարին մեկ եւ լինել երկրորդ ռեզերվում, սակայն բանակի առաջին հենարանը պետք է լինի ակտիվ պահեստազորը, որը բարձր մարտունակ է, մոտիվացված եւ ներդաշնակեցված եւ տիրապետում է անընդհատ արդիականացվող մարտական տեխնիկային։ Սա թույլ կտա ըստ անհրաժեշտության մեր բանակի փաստացի թվակազմը կրկնապատկել առանց մարտունակության կորստի եւ հնարավոր այլ խնդիրների, որոնց մենք ականատես եղանք անցած պատերազմում՝ անպատրաստ անձանց զորակոչելով։

Վերը թվարկածը բնավ սպառիչ ցանկ չէ, սակայն նույնիսկ այդքանն էլ իրականություն դարձնելը այսօր թվում է գերմարդկային խնդիր՝ Հայաստանում տիրող հոռետեսության, գործող իշխանության եւ նրա արբանյակների կողմից իրականացվող «խաղաղասիրական» քարոզչության, բանակի ղեկավարության հաճախակի փոփոխությունների, եւ թշնամու կողմից իրականացվող շարունակական ուժային եւ հոգեբանական ճնշման պայմաններում։ Ի հեճուկս այդ ամենի, սակայն, Հայաստանում (ներառյալ Արցախում), վերջին մեկ տարվա ընթացքում աստիճանաբար ձեւավորվում է նոր շարժում, որի մեջ մտնում են ներկա եւ նախկին զինվորականներ, ռազմարդյունաբերողներ, մտավորականներ, ձեռնարկատերեր, հանրային գործիչներ, բազմաթիվ գիտակից եւ սրտացավ քաղաքացիներ, որոնք ըմբռնում են, որ թերեւս վերը շարադրածին իրական արժանապատիվ այլընտրանք չկա եւ պետք է օգտագործել ամեն րոպե, ամեն ժամ՝ թշնամու հետ այս մրցավազքում մեր երկրի ռազմական կարողությունները վերականգնելու համար, անկախ բոլոր հնարավոր խոչընդոտներից։

Այս մարդկանց հետ մեր ամենօրյա շփումը, օրըստօրե միս ու արյուն ստացող ծրագրերը, անցած տարվա վերջում արդեն իսկ թշնամու ոտնձգությունների նկատմամբ մեր բանակի կոշտացած հակազդեցությունը հիմք են տալիս պնդելու, որ բոլորովին էլ ամեն ինչ կորած չէ, որ մենք կարող ենք ոտքի կանգնել, ուղղել մեր մեջքը եւ մեր բազկի ու մտքի ուժով պաշտպանել հարազատ երկրում խաղաղ, ազատ եւ արժանապատիվ կյանքի իրավունքը։ Ի վերջո, բազմաթիվ այլ երկրներ՝ Գերմանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Կորեան, պատմության մեջ ուշքի են եկել պատերազմներում կրած ծանր պարտություններից, ոտքի են կանգնել, եւ վերականգնել են իրենց պատիվն ու արժանապատվությունը։ Ուստի մենք էլ կարող ենք, եթե կենտրոնանանք հստակ օրակարգի վրա, դադարենք վատնել մեր ուժերը՝ անցյալի ուրվականների դեմ պայքարի եւ ինքնարդարացման վրա, եւ փոխարենը խրախուսենք նվիրումը, համառ աշխատանքը, ազնվությունը եւ նախաձեռնությունը՝ միասնական ջանքերով վերականգնելու մեր երկրի ռազմաքաղաքական հզորությունը։ Իսկ Ղազախստանում այսօր տեղի ունեցող իրադարձություններն էլ, ի թիվս այլոց, գալիս են հիշեցնելու, որ դիկտատորները հավերժ չեն, եւ վաղ թե ուշ նրանց վար են բերում սեփական ժողովուրդները։ Մեզ այդ օրվան եւս պետք է պատրաստվել, եւ երբ բացվի հաջորդ պատմական հնարավորությունը, բավարար ուժ ու վստահություն ունենալ՝ վերահաստատելու մեր արդար իրավունքները։

Ավետիք Չալաբյանը «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին