Նոր վեճ է հասունանում Երուսաղեմում - Mediamax.am

Նոր վեճ է հասունանում Երուսաղեմում
6493 դիտում

Նոր վեճ է հասունանում Երուսաղեմում


Կարծես թե հայերն այս օրերին քիչ խնդիրներ ունեին Արցախի աղետալի զարգացումների հետ կապված, հիմա էլ մի նոր վեճի առաջ ենք կանգնած Սփյուռքում։ Ես տասնյակ հեռախոսազանգեր և նամակներ եմ ստացել տարբեր երկրների հայերից, որոնք ինձ տեղեկացրել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում հասունացող մի նոր խնդրի մասին: Հայտնի են կցկտուր մանրամասներ, և Երուսաղեմում ինձ հետ կապ հաստատած հայերը խնդրեցին, որ չբացահայտեմ իրենց անունները՝ վախենալով կամ պատրիարքարանի տրամադրած բնակարաններից վտարվելուց, կամ մի  այլ  ժխտական հակազդեցությունից:

Խոսքը մի հողակտորի մասին է, որը վերջերս պատրիարքարանը վարձակալության է տվել Ավստրալիայից ժամանած հրեա գործարարի: Ես կապ հաստատեցի բոլոր երեք հոգևորականների հետ, որոնք նշված էին որպես այս գործարքը պատրիարքարանի անունից հաստատողներ:

Նախ, ես նամակ ուղարկեցի Նուրհան պատրիարք Մանուկյանին՝ խնդրելով պայմանագրի պատճենը, սակայն, ցավոք, նա չարձագանքեց։ Այնուհետև զանգահարեցի պատրիարքարանի լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանին, որը դժկամ էր քննարկելու այդ հարցը։ Անանուն աղբյուրից ինձ ասացին, որ արքեպիսկոպոս Ղարիբյանի վրա ճնշում է գործադրվել պայմանագիրը հաստատելու համար: Այնուհետև ես զանգահարեցի պատրիարքարանի անշարժ գույքի բաժնի տնօրեն հայր Պարետ Երեցյանին, որը հաստատեց գործարքը և որոշ մանրամասներ ներկայացրեց: Այս երեք հոգևորականները, որոնք պատրիարքարանի ութ հոգուց բաղկացած Սուրբ Սինոդի  (Տնօրեն ժողով) փոքրամասնությունն էին, հաստատել էին վարձակալությունը։ Անանուն աղբյուրը ենթադրում էր, որ պատրիարքարանի Սրբոց Յակովբեանց ամբողջ եղբայրությունը պետք է հանդիպեր պայմանագիրը վերանայելու համար:

Հայր Երեցյանը հայտարարեց, որ մի քանի առաջարկներ են եղել արաբական տարբեր երկրների քաղաքացիների կողմից`վարձակալության տալու պատրիարքարանին պատկանող տվյալ կալվածքը: Այնուամենայնիվ, նա հայտարարեց, որ ամենաշահավետ առաջարկը եղել է ավստրալացի հրեա գործարար Դենի Ռուբենշտեյնի կողմից:

Չբացահայտելով գումարի չափը՝ հայր Երեցյանը հաստատեց, որ պատրիարքարանը կանխավճար է ստացել գործարարից: Անանուն աղբյուրն ինձ տեղեկացրեց, որ կանխավճարը կազմել է մեկ միլիոն դոլար: Հայր Երեցյանը նաև ասաց, որ ավստրալացի գործարարը նախատեսում է այդ կալվածքի վրա կառուցել յոթ աստղանի շքեղ հյուրանոց, և հյուրանոցի տարեկան եկամտի մի մասը փոխանցվելու է պատրիարքարանին: Թեև շրջանառվող անանուն տեղեկատվությամբ վարձակալության ժամկետը նշված է 99 տարի, հայր Երեցյանն ինձ ասաց, որ վարձակալությունն իրականում 98 տարով է: Նման երկարաժամկետ վարձակալությունը շատերին ստիպում է ենթադրել, որ պատրիարքարանը երբեք չի վերստանալու այդ կալվածքը: Ի պատասխան այդ հարցի՝ հայր Երեցյանը չհամաձայնեց՝ պնդելով, որ ավստրալացի գործարարը վարձակալության ավարտից հետո պարտավոր է կալվածքը վերադարձնել պատրիարքարանին՝ դրա վրա կառուցված թանկարժեք հյուրանոցի հետ միասին: Սա մի հարց է, որը մնում է պարզել միայն մեկ դար անց: Պատրիարքարանի կողմից նախկինում ևս այլ կալվածքների համար ստորագրվել են նման երկարաժամկետ վարձակալություններ նույն առարկություններով։

Վիճարկվող կալվածքը կոչվում է «Կովերի պարտեզ», որը գտնվում է պատմական Սիոն լեռան վրա, Երուսաղեմի հայկական թաղամասի հարավարևմտյան անկյունում: Մի քանի ամիս առաջ պատրիարքարանը պայմանագիր էր կնքել Երուսաղեմի քաղաքապետարանի հետ` նույն կալվածքը օգտագործելու որպես քաղաքապետարանի միջոցների հաշվին վերանորոգվող ավտոկայանատեղի, մի մասն էլ՝ տեղի հրեա բնակիչների մեքենաները կայանելու համար: Այն ժամանակ պատրիարքարանը հայտարարություն տարածեց՝ հայտարարելով, որ այս հողի արժեքը գերազանցում է 2 միլիոն դոլարը: Հայր Երեցյանն ինձ ասաց, որ ավստրալացի գործարարի հետ նոր վարձակալությունը կփոխարինի քաղաքապետարանի հետ ավելի վաղ ձեռք բերված պայմանագրին: Այլ աղբյուրներ ինձ ասացին, որ նոր համաձայնագիրը նաև ստորագրվել է առանց Հայոց պատրիարքարանի ամբողջական Սուրբ Սինոդի կամ Սրբոց Յակովբեանց եղբայրության հաստատման:

Նախկինում եղել են վեճեր, երբ պատրիարքարանի անդամները վարձակալության են տվել այլ կալվածքներ կամ փորձել Լոնդոնում Սոթբի աճուրդում վաճառել արխիվներից գողացված թանկարժեք ձեռագրերը։ Իրավիճակն ավելի է սրվում, քանի որ Իսրայելի ֆիզիկական անձանց, ընկերություններին կամ կառավարությանը ցանկացած հայկական գույքի վաճառք կամ վարձակալություն արժանանում է պաղեստինցիների դատապարտմանը, որոնք նման գործարքները դիտարկում են որպես Իսրայելի ներկայության ընդլայնում բռնագրավված տարածքներում։ Ինձ ասացին, որ Պաղեստինի ինքնավարությունը պաշտոնական բողոքի նամակ է հղել Հայոց պատրիարքարանին`այս կալվածքի վարձակալության վերաբերյալ: Սակայն, հայր Երեցյանը հերքեց նման հաղորդագրության ստացումը։

Կոնկրետ փաստերի և իսկական փաստաթղթերի պատճենների բացակայության դեպքում դժվար է որևէ հստակ եզրակացության հանգել: Թափանցիկություն ապահովելու համար, պատրիարքարանը պետք է հրապարակի «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության պայմանագրի պատճենը՝ բացահայտելով դրա պայմանները: Առանց նման բացահայտման դժվար է դատել այս պայմանագրի առավելությունների կամ թերությունների մասին:

Եթե պատրիարքարանը նման գործարքներով է զբաղվում իր գործունեության վարչական ծախսերը հոգալու համար, օգտակար կլինի պատրիարքարանի տարեկան եկամուտների և ծախսերի մասին հաշվետվության հրապարակումը, որպեսզի բոլորը տեսնեն, թե արդյոք պատրիարքարանն ունի եկամտի խիստ կարիք: Եթե պատրիարքարանը իսկապես գտնվում է ֆինանսական հուսահատ վիճակում, ապա նման զեկույցը կարող է խրախուսել աշխարհասփյուռ բարերարներին նվիրատվություններ անել պատրիարքարանում և վերացնել լրացուցիչ արժեքավոր հողամասերի վաճառքի կամ վարձակալության անհրաժեշտությունը:

Վերջապես, նախկինում ստեղծվել էր անկախ ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է վերահսկեր պատրիարքարանի վարչական գործերը: Սա կարող է ճիշտ ժամանակը լինել մշտական հիմունքներով նման հանձնաժողով ստեղծելու համար: Վերահսկող հանձնաժողովի հավաստի զեկույցները վերջ կդնեն հայ համայնքներում պատրիարքարանի գործերի շուրջ պառակտող և համառ լուրերին:  

Հարութ Սասունյանը «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչն է եւ խմբագիրը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին