Պատերազմի խորքային դասերը - Mediamax.am

Պատերազմի խորքային դասերը
5101 դիտում

Պատերազմի խորքային դասերը


Նոյեմբերի 10-ին հայ հասարակությունը արթնացավ նոր իրողության մեջ։ Գիշերվա ընթացքում ստորագրվել էր կրակի դադարեցման եռակողմ հայտարարություն, որը հայկական կողմի համար փաստացի կապիտուլյացիոն պայմաններ ուներ եւ պարտադրում էր միակողմանի հսկայական զիջումներ անել Ադրբեջանին՝ նրա կողմից կրակի դադարեցման եւ ռուս խաղաղապահների մուտքի դիմաց։ Հայ հասարակությունը, որն ապրում էր հաղթանակի հույսով եւ անկեղծորեն հավատում էր նրան, որ Շուշին գրոհող թշնամու խմբավորումը հնարավոր է ջախջախել եւ դրանով շրջել պատերազմի ընթացքը, իրեն սեփական ղեկավարության կողմից դավաճանված եւ լքած զգաց։ Հետագա օրերը միայն խորացրին այդ զգացումը, մանավանդ այն սկանդալային բացահայտումների ֆոնին, որոնք տեղի են ունենում համարյա ամենօրյա ռեժիմով։

Այն, որ Հայաստանի գործող իշխանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այս պատերազմում կրած ծանր պարտության հիմնական քաղաքական պատասխանատուն է, թերեւս որեւէ լրջախոհ մարդու մոտ այլեւս կասկած չի հարուցում, դա ստիպված էր ընդունել նույնիսկ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Նրա վարած անհեռատես արտաքին քաղաքականությունը ի վերջո բերեց բանակցային գործընթացի խզման եւ հայկական կողմի փաստացի միջազգային մեկուսացման, որից հետո մենք խոցելի դարձանք թշնամու ագրեսիայի առաջ։ Նրա կողմից գերագույն հրամանատարության ստանձնումը եւ պատերազմական գործողությունների ապաշնորհ ղեկավարումը բերեց նրան, որ թշնամին ի վերջո հասավ Շուշի։ Եվ հենց նրա կողմից ռազմական գործողություններին զուգահեռ ընթացող բանակցային գործընթացում կատարած ճակատագրական սխալները բերեցին նրան, որ կրակի դադարեցումը տեղի ունեցավ մեր համար առավել անբարենպաստ պայմաններում եւ հանգեցրեց այդպիսի մեծ կորուստների։ Ուստի զարմանալի չի այս իրավիճակում վարչապետ Փաշինյանի հրաժարականի հասարակական պահանջը՝ դա այն նվազագույն պայմանն է, որպեսզի պատերազմը պարտված իշխանությունը արժանապատիվ հեռանա, տեղը զիջելով այնպիսի նոր իշխանության, որն ընդունակ կլինի երկիրը դուրս բերել այս աննախադեպ ծանր ճգնաժամից։

Դրանով հանդերձ, թեեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը այս աղետալի պարտության հիմնական քաղաքական պատասխանատուն է, այս պատերազմը պարտվել ենք մենք բոլորս, եւ այսօր պետք է ինքներս մեզ անկեղծորեն հարցնենք, թե ինչու մեր բանակի հերոսական դիմադրության պայմաններում, ի վերջո մենք չկարողացանք հաղթել թշնամուն, եւ կամ գոնե կանգնեցնել այս պատերազմը մեր համար առանց ճակատագրական կորուստների, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, 2016 թ. ապրիլին։ Ավելին, մենք պետք է անկեղծ պատասխանենք այս հարցին, եթե ցանկանում ենք, որ ցանկացած հաջորդ իշխանություն չկրկնի նույն ճակատագրական սխալները եւ էլ ավելի չխորացնի այն ծանր վիճակը, որում այսօր հայտնվել է մեր երկիրը։

Այս հարցի պատասխանը զուտ ռազմական չէ, թեեւ պետք է սկսել հենց ռազմական բացթողումները վերլուծելուց։ Դեռեւս 2014 թվականին, երբ Ադրբեջանը սկսեց առաջին ռազմական սադրանքները Արցախի առաջնագծում, ցանկացած ռազմական փորձագետի համար ակնհայտ էր, որ Ադրբեջանը Հայաստանի եւ Արցախի նկատմամբ կուտակել էր կրակային միջոցների հսկայական առավելություն, եւ այն հետագա տարիների ընթացքում միայն աճման միտում ուներ։ Արդեն 2016 թ․ ապրիլյան պատերազմում մենք ականատես եղանք թշնամու կողմից ԱԹՍ-երի եւ գերճշգրիտ խոցման միջոցների առաջին կիրառմանը, որոնք ցավալի կորուստներ պատճառեցին մեր զինված ուժերին։ Թվում էր, որ այդ ռազմական գործողությունների փորձը պետք է մանրամասն վերլուծվեր մեր պաշտպանական գերատեսչության կողմից, եւ համապատասխան միջոցներ ձեռք առնվեին։ Սակայն, վերլուծելով անցած պատերազմի ընթացքը, կարելի է ցավով փաստել, որ մենք լավագույն դեպքում միայն մասնակի էինք պատրաստվել թշնամու կողմից այդպիսի միջոցների զանգվածային կիրառմանը, իսկ ի վերջո հենց դրանք վճռորոշ դարձան պատերազմի հաշվեկշիռը նրա օգտին շեղելու հարցում։ Առանց խորանալու զուտ ռազմատեխնիկական եւ հաճախ գաղտնիք պարունակող հարցերի մեջ, նշեմ մի քանի ակնհայտ բացթողման օրինակներ, որոնք ի վերջո բերեցին այսպիսի ցավալի արդյունքի.

Ա) Եթե թշնամին ունի հեռահար եւ ճշգրիտ կրակային խոցման միջոցների այդպիսի վճռորոշ առավելություն, եւ մենք հնարավորություն չունենք արագ հավասարակշռելու դա սեփական համարժեք միջոցներով, անհրաժեշտ է առնվազն ուժեղացնել մեր պաշտպանական ամրությունները, ստեղծել էշելոնացված պաշտպանության համակարգ, որը ստիպում է թշնամուն ամեն անգամ մեծ կորուստներ կրել՝ հաղթահարելու հերթական բնագիծը, նույնիսկ կրակային առավելության պայմաններում։ Ռազմական գործողությունների վերլուծությունը հարավային ռազմաճակատում ցույց է տալիս, որ եթե մենք վերջին չորս տարում ստեղծած լինեինք այդպիսի էշելոնացված համակարգ, թշնամին չէր կարողանա մեկ շաբաթում Ջաբրայիլից հասնել Հայաստանի Հանրապետության պետական սահման, անհամեմատ ավելի մեծ կորուստներ կկրեր իր առաջխաղացման արդյունքում, եւ մեծ հավանականությամբ, Շուշիի ուղղությամբ գրոհելու ուժեր այլեւս չէր ունենա։

Բ) Եթե թշնամին ունի մարդկային ռեսուրսների բնական եռապատիկ առավելություն, ապա այն չեզոքացնել կարելի է կամ դրսից վարձկաններ ներգրավելով (ինչը մեր դեպքում գուցե այդքան էլ իրատեսական չէր), կամ սեփական մոբիլիզացիոն ռեսուրսը մշտապես մարտունակ վիճակում պահելով։ Դատելով բազմաթիվ մասնավոր վկայություններից, բայց նաեւ գլխավոր ռազմական տեսուչի վերջին բացահայտումներից, մեր մոբիլիզացիոն աշխատանքը պատերազմի ընթացքում արդյունավետ չի եղել։ Ցավոք, դա զարմանալի չէ, քանի որ պատերազմին նախորդող տարիներին, պաշտպանական գերատեսչությունը բավարար աշխատանք չէր իրականացնում՝ կազմակերպելու պահեստազորի պարբերական հավաքներ, բարձրացնելու նրա մարտունակությունը եւ մշակելու պահեստազորի կիրառման արդյունավետ պլաններ։ Արդյունքում, երբ պատերազմը հասավ մեր դուռը, մենք չկարողացանք արդյունավետ կիրառել մեր պահեստազորային ռեսուրսը, այն դեպքում, երբ դա մեզ կարող էր լրացուցիչ առավելություն տալ թշնամու նկատմամբ, որն այդպիսի պահեստազորային ռեսուրս չուներ։

Գ) Նույն կերպ, եթե թշնամին օդում ունի հսկայական առավելություն, մասնավորապես, գրոհային ԱԹՍ-երի զանգվածային կիրառման շնորհիվ, պետք է կամ ուժեղացնել սեփական ՀՕՊ միջոցները, կամ արագ ընդլայնել սեփական գրոհային ԱԹՍ-երի պարկը, կամ երկուսը միաժամանակ։ Առաջինը արվել էր մասնակիորեն, թեեւ, ինչպես պարզվեց, ոչ այդքան արդյունավետ։ Երկրորդի մասով բացարձակ ձախողում է արձանագրվել՝ պատերազմի ընթացքում հայկական կողմից գրոհային ԱԹՍ-եր պաշտոնապես չեն կիրառվել, ուստի հարց է առաջանում, թե ինչն է խանգարել հայկական պաշտպանական գերատեսչությանը կամ կազմակերպել այդպիսի ԱԹՍ-երի արտադրություն Հայաստանում (իսկ դրա կարողությունները կան), կամ էլ դրանք ձեռք բերել արտերկրից, ինչպես դա արել էր թշնամին։

Այս ու նմանատիպ այլ ակներեւ հարցերի պատասխանները պետք է փնտրել մեր պետական համակարգի խորքային թերությունների մեջ, որոնք հանգեցրել են այսպիսի ճակատագրական ձախողումների։ Նշեմ դրանցից մի քանիսը.

Ա) Մեր երկրում բանակը խրոնիկ թերֆինանսավորվել է, թե նախորդ իշխանությունների օրոք, եւ թե ներկա։ Սա է հիմնական պատճառը, թե ինչու, օրինակ, մեր բանակը պետք է անցկացներ պարբերական պահեստազորի հավաքներ, սակայն չէր անցկացնում, կամ պետք է գներ գրոհային ԱԹՍ-եր, սակայն չէր գնում։ Թերֆինանսավորման հիմնական պատճառները երեքն են: 1. Արցախյանի առաջին պատերազմին հաջորդած տարիներին, մենք չենք կարողացել արագ տեմպերով զարգացնել մեր տնտեսությունը՝ դա ընդհանրապես մեր մեծագույն ձախողումն է որպես պետություն, եւ դրանով է այսօր պայմանավորված մեր ամենամեծ խոցելիությունը։ 2. Երկրում առկա խրոնիկ կոռուպցիան բերել էր նրան, որ առկա սուղ միջոցներն էլ արդյունավետ չէին օգտագործվում պետական բյուջեի համալրման համար։ 3. Նույնիսկ բյուջեում հայտնված միջոցները բավարար չափով չէին հատկացվում պաշտպանական կարիքներին (ի հեճուկս գերիշխող պատկերացումների, իրականում պետական բյուջեի միայն 15-16% էր հատկացվում պաշտպանությանը)։ Այս ամենի արդյունքում, վերջին 10 տարիների ընթացքում Ադրբեջանը առնվազն 5 անգամ ավելի շատ միջոց է ծախսել իր ռազմական կարողությունների ընդլայնման վրա, եւ դրա ցավալի արդյունքը մենք հիմա տեսնում ենք։

Բ) Միջոցների ընդհանուր սղությանը ավելանում են նաեւ դրանց հատկացման աղճատումները։ Օրինակ, վաղուց էր հայտնի, որ թշնամին ունի հեռահար եւ կոնվենցիոն հրետանու վիթխարի առավելություն։ Որ այդպիսի հրետանուց կարելի է պաշտպանվել միայն բունկերների էշելոնացված համակարգի միջոցով, եւս ակնհայտ էր՝ դա պարզ ռազմական գիտություն է։ Այն, որ հարյուրավոր կիլոմետր ճանապարհներ Հայաստանում ասֆալտապատելու փոխարեն կարելի էր նույն միջոցներով առաջնագծում բետոնե ամուր բունկերներ կառուցել վերջին երկու տարում, եւս ակնհայտ է։ Սակայն ճանապարհները կարելի է ներկայացնել ընտրողներին, եւ քաղաքական միավորներ վաստակել, իսկ բունկերները համարյա ոչ ոք չի տեսնում, ավելին՝ քաղաքացիներից շատերը նույնիսկ խաղաղ պայմաններում դժգոհելու էին, թե ինչու է այդքան միջոցներ ծախսվում բունկերների վրա, փոխանակ իրենց համայնքի ճանապարհները վերանորոգվեն։ Արդյունքում, ստացվում է, որ մենք ինքներս, մեր ձեռքով, հրաժարվել ենք անհրաժեշտ ներդրումներ անել մեր պաշտպանության եւ մեր զավակների անվտանգության մեջ, նախընտրելով փոխարենը երթեւեկել ավելի հարթ ճանապարհներով։

Գ) Մեր պետական համակարգում, ներառյալ պաշտպանական գերատեսչությունում, շատ հաճախ բացակայում է նախաձեռնողականությունը եւ նորարական ռիսկերի գնալու ցանկությունը։ Դա պատահական չէ՝ եթե պետական պաշտոնյան ռիսկի գնա եւ ձախողվի, նրան մեծ հավանականությամբ կդատեն պետական միջոցները վատնելու համար, իսկ եթե ռիսկի չգնա ու ոչ մի բան չանի, կամ ոչ մի բան էլ տեղի չի ունենա, կամ էլ, ծայրահեղ դեպքում, աշխատանքից կհեռացնեն, սակայն չեն դատի։ Այս պայմաններում, պաշտոնյաները հիմնականում նախընտրում են հատուկ ոչ մի բան չանել եւ գնալ փորձված ճանապարհով, քան իրենց վրա վերցնել ռիսկեր, որոնց համար կարող են ծանր գին հատուցել։ Հենց դրանով է զգալի չափով բացատրվում հայկական գրոհային ԱԹՍ-երի արտադրության ձախողումը՝ ոչ մի պաշտոնյա իր վրա ռիսկ չի վերցրել ֆինանսավորել դրանց մշակումը, քանի որ ձախողման դեպքում վախեցել է միջոցների վատնման համար պատասխանատվությունից։ Սա ավելի քան սրվել է ներկա իշխանության պայմաններում, որը կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ խեղդել է նախաձեռնողականությունը բանակում եւ հաճախակի կադրային փոխատեղումներով փաստացի լղոզել է պատասխանատվությունը բազմաթիվ առանձին ոլորտների համար։

Կարելի է երկար շարունակել։ Իրականությունը, սակայն, այն է, որ այս պատերազմում պարտվել է ոչ այնքան մեր բանակը, որքան մեր ամբողջ պետական համակարգը, այն տրամաբանության մեջ, որում այն ձեւավորվել եւ գործում էր անկախությանը հաջորդած երեք տասնամյակների ընթացքում։ Որքան էլ ցավալի է այսօր գիտակցել, թշնամու դիկտատորական պետական մեքենան, իր ողջ թերություններով եւ կոռուպցիայով հանդերձ, կարողացել էր ավելի արդյունավետ պատրաստվել պատերազմին, քան մեր պսեվդո-ժողովրդավարական պետությունը։ Այստեղ կարեւոր է «պսեվդո»-ն, քանի որ մենք իրական ժողովրդավարություն դեռ չենք կարողացել կառուցել, ավելի շատ ձեռք ենք բերել դրա արտաքին ատրիբուտները, սակայն չունենք դեռ նրա ներքին բովանդակությունը, եւ զբաղված ենք ժողովրդավարության իմիտացիայով։ Հենց դա է բերել այն ամբողջ քաոսին եւ անկազմակերպվածությանը, որին մենք ականատես եղանք այս պատերազմի ընթացքում։ Այսօր էլ, երբ գործող իշխանության համառության եւ անպատասխանատվության պատճառով այս քաոսը երկրի ներսում շարունակում է խորանալ, շատերը սկսում են հարց տալ՝ արդյո՞ք ելք կա այն համակարգային փակուղուց, որում հայտնվել է մեր պետությունը։

Ես ենթադրում եմ, որ այդպիսի ելք կա, բայց այն շատ ցավոտ է լինելու։ Դրա համար պետք է հրաժարվել ժողովրդավարության իմիտացիայից, որն այսքան դժբախտությունների պատճառ է դարձել մեր երկրում, եւ փոխարենը գնալ արժեքահենք եւ կուռ պետություն կառուցելու ճանապարհով։ Այս պետությունում ամեն ոք փողոցից չի կարող գալ իշխանության, քանի որ Սահմանադրությունը խիստ ֆիլտրեր պետք է նախատեսի ընտրություններին մասնակցելու համար։ Այս պետությունում կվերականգնի ընտրովի նախագահի ինստիտուտը, եւ նա կլինի զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը եւ սահմանադրության երաշխավորը, բանակը եւ հիմնական անվտանգային մարմինները կենթարկվեն նախագահին, իսկ իրավապահ մարմիններն էլ անկախ կլինեն գործադիր իշխանությունից։ Այս պետությունում պետական ապարատը կհասցվի նվազագույն չափի, սակայն այնտեղ վարձատրությունը կլինի մրցունակ՝ լավագույն մասնագետներին ներգրավելու համար։ Այս պետությունում պետք է բոլոր եկամուտ ստացողները հարկեր վճարեն, եւ յուրաքանչյուրի հանրային դիրքը պետք է համեմատական լինի իր վճարած հարկերին եւ պետությանը մատուցած իրական ծառայություններին։ Այս պետությունում կգործեն բոլորի համար պարտադիր օրենքներ եւ կլինի խիստ հանրային կարգապահություն։

Արդյո՞ք հնարավոր է այս ամենը, մանավանդ ներկայիս քաոսի պայմաններում։ Կարծում եմ, որ հնարավոր է, եւ մենք առաջին պետությունը չենք, որ բախվում ենք խորը համակարգային ճգնաժամի եւ լուծումներ փնտրում։ Առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո, մասնակից երկրների մեծ մասը, մանավանդ՝ պարտված, բախվել են այդպիսի ճգնաժամների, սակայն կարողացել են դրանք հաղթահարել։ Առանցքային ընդունել իրավիճակի համար պատասխանատվության սեփական բաժինը եւ դադարել սլաքները ուրիշների վրա ուղղելը։ Այդ դեպքում հնարավոր է դառնում հասարակական համակեցության մասին լայնընդգրկուն պայմանավորվածություն ձեռք բերել, որով քաղաքական դաշտի եւ ակտիվ հասարակության մեծամասնությունը համաձայնության է գալիս խաղի նոր կանոնների շուրջ, ինչպես նաեւ մշակում է որոշակի երաշխիքների համակարգ, որն ապահովում է հետագայում այդ կանոնների պահպանումը։ Անհրաժեշտության դեպքում խաղի նոր կանոնների երաշխիքները կարող են ամրապնդվել նաեւ հիմնական արտաքին գործընկերների կողմից՝ դա կարող է լինել Ռուսաստանի Դաշնությունը, Եվրամիությունը, հայկական սփյուռքի ազդեցիկ խմբերը, որոնք հետագա աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը պետք է խստորեն պայմանավորեն այդ խաղի կանոնների պահպանմամբ, եւ նրանց շրջանակներում շոշափելի եւ չափելի առաջընթացով։

Առկա պայմաններում սա նաեւ անհրաժեշտ է դարձնում ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ձեւավորումը, որը, հենվելով հիմնական քաղաքական եւ հասարակական ուժերի աջակցության վրա, այս փուլում ջանքերը պետք է կենտրոնացնի երկրի խաթարված անվտանգության (ներառյալ բանակի մարտունակության) վերականգման վրա, դուրս բերի երկիրը սոցիալ-տնտեսական ճգնաժամից, զուգահեռ բարեփոխի Սահմանադրությունը եւ հարակից սահմանադրական օրենքները, եւ դրանց հիման վրա արդեն կայուն պայմաններում նոր ընտրություններ կազմակերպի։ Կարելի է փորձել նաեւ ժամանակավոր կառավարման այլ ընդունելի տարբերակներ գտնել, որոնք թույլ են տալիս այս ճակատագրական փուլում համախմբել մեր հիմնական ազգային ներուժը։ Ակնհայտ է սակայն, որ ցանկացած նեղ կուսակցական կառավարություն այս պայմաններում չի կարող հաջողության հասնել, քանի որ եւ ոչ մի քաղաքական ուժ այլեւս չի վայելում հասարակության մեծամասնության աջակցությունը, եւ կամ բավարար հեղինակություն չունի վերը նշված արտերկրի գործընկերների մոտ, ուստի միայնակ չի կարող ստանձնել այս ճգնաժամից երկիրը դուրս բերելու ամբողջական պատասխանատվությունը։ Եթե մենք ցանկանում ենք այս պատերազմի խորքային դասերը օգտագործել՝ ծանր ճգնաժամում հայտնված մեր պետությունը վերագործարկելու եւ հետագա հաղթանակների հիմքերը դնելու համար, մեզ արդեն այսօր պետք է դուրս գալ փոխադարձ մեղադրանքների եւ ատելության շրջափուլից, եւ հանրային լայն երկխոսության միջոցով ձեւավորել գործունյա եւ վստահություն վայելող նոր իշխանություն։

Ավետիք Չալաբյանը «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիրն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին