«Այս օրակարգերը հատվում են միայն հինգ տարին մեկ» - Mediamax.am

«Այս օրակարգերը հատվում են միայն հինգ տարին մեկ»
2249 դիտում

«Այս օրակարգերը հատվում են միայն հինգ տարին մեկ»


 

Ժամանակակից աշխարհը տառապում է «արագ զարգացման» հիվանդությամբ, մեր հասարակությունը նույնիսկ առանց «արագի» զարգացման համար պետք է ճիշտ բանաձեւի խնդիրները եւ դրանք լուծելու շուրջ քաղաքական կոնսեսուս ձեւավորի: Քսան տարիների մեր քաղաքական ավանդույթը բերել է նրան, որ հայրենական իշխանությունները ունեն սեփական օրակարգը, ընդդիմությունը իրենը, իսկ հասարակությունը ձեւավորել է իր օրակարգը: Եվ այս տարբեր օրակարգերը հատվում են միայն հինգ տարին մեկ`ընտրությունների օրը, պարտության մատնելով բոլոր կողմերին:

Իշխանության օրակարգ 

Իշխանության օրակարգի գլխավոր հարցը այս քսան տարիների ընթացքում եղել եւ մնացել է իշխանությունը: Իշխանության բոլոր բարեփոխումները, կոմպրոմիսները, ռեւերանսները դեպի հասարակությունը, ժողովրդավարությունը չեն խուսափել իշխանության պահպանման գերխնդրից, դրա համար էլ գրեթե միշտ եղել են կիսատ, ցածր էֆեկտիվությամբ եւ հասարակության կողմից չհասկացված (չհաշված ավտոմեքենաների ամրագոտիները): Այսօր էլ իշխանությունը փորձում է տնտեսական բարեփոխումներ անել, քաղաքական համակարգը առավել կենսունակ դարձնել, պայքարել կոռուպցիայի դեմ, փորձում է այնպես անել, որ ապագա ընտրություններին սեփական լեգիտիմությունը բռնության, կեղծիքների եւ փողի ուժով չքամի: Սակայն բոլոր բարեփոխումներում էլ իշխանությունը մասամբ է անկեղծ: Իսկ մարդիկ զզվել են կեղծիքից ու դեմագոգիայից:

Ընդդիմության օրակարգ

Ընդդիմության օրակարգի գլխավոր հարցը նույնպես իշխանությունն է: Մեր ընդդիմությունը ժողովրդավար է այնտեղ, որտեղ ավտորիտար չի կարող լինել: Օրինակ` իշխանության պատկերացման հարցում տեսականորեն ժողովրդավար է, բայց իր ներսում միահեծան եւ անձնակենտրոն: Տեր-Պետրոսյանը ընդդիմության համար ավելի մեծ կուռք է քան Սերժ Սարգսյանը`իշխանության, իսկ մեր պետական համակարգը տառապում է հենց անձնավորված, ոչ ինստիտուցիոնալ հարաբերություններից: Տեր-Պետրոսյանի թիմի, կոռուպցիայի ու ավտորիտարիզմի հակումներ ունեցող գործիչների, իշխանության գալու դեպքում, ժողովրդավար դառնալու շանսերն այնքան են, որքան Գալուստ Սահակյանի շանսերը, մի օր մտքերը հասկանալի ու պարզ շարադրելու հարցում: Այնպես որ հասարակության զգալի մասը մտածում է, որ ՀԱԿ-ը լավագույն դեպքում գործիք է չսիրած իշխանություններին պատժելու, բայց ոչ երբեք այլ համակարգ կառուցելու համար:

Հասարակության օրակարգ 

Շատ դժվար է պարկեշտ բառեր գտնել նկարագրելու համար սովորական մարդկանց վերաբերմունքը Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի էլիտաների երեւացող ու չերեւացող գզվռտուքներին, ատելությանը, անվստահությանը եւ նման այլ բաներին: Ո՞ր նախագահը կփրկվի, եթե երեք նախագահները մեկ ինքնաթիռում լինեն եւ վերջինս վթարի ենթարկվի: Կփրկվի հայ ժողովուրդը, - ուրախ կատակում են մեր քաղաքացիները, քարշ տալով օրերը տխուր ու անհեռանկար:

Մեր քաղաքացիների զգալի մասը այսօր դժգոհ է իր վիճակից, ընդ որում դժգոհ են նաեւ միջին խավն ու հարուստները, քանզի դժգոհության մեդալի մեծ երեսը ոչ թե սոցիալական ծանր վիճակն է, այլ անարդարության մեծ զգացողությունը: Եթե առաջ միայն աղքատ խավերն էին վստահ,որ կյանքն իրենց հանդեպ անարդար է, այսօր այդպես են մտածում միջին խավն ու մեծահարուստները: Հասարակության այս սոցիալական պատվերը այսօր կատարող չունի: Վերջերս այդ պատվերը ծաղրեց Կարապետիչը. հույս է տալիս միայն այն, որ բոլոր ծաղրածուները նույնպես սպառված են:

Պետրոս Ղազարյանը «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբանն է

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին