Ձեզ մի քանի գաղտնիք բացեմ - Mediamax.am

Ձեզ մի քանի գաղտնիք բացեմ
5521 դիտում

Ձեզ մի քանի գաղտնիք բացեմ


Մեկ այլ հասարակությունում դրանք գաղտնիք չէին լինի։ Բայց քանի որ մեզանում բանականությունն օր օրի զիջում է դիրքերը, որոշեցի դրանք պայմանականորեն «գաղտիքներ» անվանել։

 

Գաղտնիք 1

 

Մեր հասարակությունում կան մարդիկ, որոնք մոլի «նիկոլական» չեն եւ միաժամանակ «նախկինների» վերադարձը չեն փափագում։ 

 

Նրանցից շատերը 2018 ընտրություներում ընտրել են «Իմ քայլը» դաշինքը՝ համարելով, որ հեղափոխություն արած ուժին պետք է հնարավորություն տալ ավարտին հասցնել այն՝ իրական աշխատանքով։ Այդ ընտրությունը կատարելով, նրանք հավատարմության ուխտ չեն տվել իշխող ուժին եւ իրենց իրավասու են համարում դժհոգություն հայտնել, երբ զգում են դրա կարիքը։ 

 

Այդ ընտրությունը կատարելով, նրանք նաեւ «նախկիններին» օր ու գիշեր փնովելու երդում չեն տվել։

 

Եթե «սեւերի» եւ «սպիտակների» բաժանումը ընդունում ենք (գոնե ես՝ մեծ ցավով) որպես կայացած փաստ (հույս ունեմ՝ ժամանակավոր), պետք է նաեւ ընդունենք, որ վերը նկարագրած մարդիկ (իսկ նրանք շատ են) ոչ «սեւ» են, ոչ էլ «սպիտակ»։ Տարբեր գույներ եւ երանգներ տեսնելու, տարբերակելու եւ վերլուծելու կարողության շնորհիվ նրանք կարող են միաժամանակ լավ հիշողություններ ունենալ «Սերժի ժամանակներից», գնահատել ներկա իշխանությունների ձեռքբերումները եւ քննադատել նրանց ձախողումները։

 

Գաղտնիք 2

 

Իշխանությանը սիրելը, գործադիր իշխանության ղեկավարին պաշտելը՝ նորմալ երեւույթներ չեն։ Այն հասարակություններում, որոնց ձգտում ենք նմանվել, իշխանությանը չեն սիրում, նրան ընդունում են։ Իսկ երբ դադարում են ընդունել, առաջիկա ընրություններում ընտրում են ուրիշներին։ 

 

Առաջնորդին սիրելու անդառնալի հետեւանքը հաճախ դառնում է նրան ատելը․ պատմական օրինակները շատ են։ Երբ դուք անվերապահորեն սիրում եք ձեր կնոջը կամ ամուսնուն, երեխաներին, ծնողներին, հաճախ ոչ ռացիոնալ որոշումներ եք կայացնում, քանի որ սերն առհասարակ ռացիոալ չէ։ Բայց եթե դա բնական է սիրելիների եւ ընտանիքի դեպքում, ապա անընդունելի է ձեր եւ քաղաքական գործչի (ցանկացած) հարաբերություններում, քանի որ վերջիններս գրեթե երբեք չեն հրաժարվում ձեր սերը հանուն սեփական նպատակների օգտագործելու գայթակղությունից։

 

Գաղտնիք 3

 

Եթե «նախկինները» ցանկանում են երբեւէ իշխանության վերադառնալ, նրանք պետք է հստակ, բարձրաձայն եւ առանց սոփեստության ընդունեն մեկ պարզ ճշմարտություն․ 

 

Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի վարչապետ է միայն այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը խախտեց խոստումը եւ գնաց երրորդ ժամկետի։ 

 

Այլապես տպավորություն է ստեղծվում, որ 2018 թվականի ապրիլին Հայաստանը մի ծաղկուն, բարգավաճող երկիր էր, որտեղ տիրում էին արդարությունն ու համերաշխությունը, մեկ էլ հանկարծ հայտնվեց չար Նիկոլը եւ այդ եդեմական երկիրը վերածեց դժոխքի։

 

Գաղտնիք 4

 

Եթե ներկա իշխանությունները չեն ցանկանում կրկնել նախորդների ճակատագիրը, պետք է փորձեն տիրապետել ներողություն խնդրելու նուրբ արվեստին։ Այո, աշխարհում քիչ են իշխանությունները, որոնք քաղաքացիներից ներողություն խնդրելու ուժ եւ խոհեմություն են ունենում։ Բայց եթե մենք շարունակ պնդում ենք, որ պատմության անիվը մեզ շրջանցելու է, եւ մենք յուրահատուկ ենք, միգուցե հենց սխալվելու դեպքում ներողություն խնդրելը, այլ ոչ թե «այո, նա սրիկա է, բայց մեր սրիկան է» սկզբունքով առաջնորդվելը կարող է այդ յուրահատկության գործնական ապացույցը դառնալ։

 

Գաղտնիք 5

 

Պետք չէ փորձել հիմնավորել քայլերը, որոնք իրական հիմնավորում չունեն։ Կառավարությունից ասում են, որ վարչապետին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող նոր ինքնաթիռ գնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ներկա ինքնաթիռը տրանսատլանտյան թռիչքներ իրականացնել չի կարող։ Բայց մենք գիտենք, որ վարչապետը տարեկան օվկիանոսը հատում է մեկ կամ երկու անգամ, եւ այս փաստը բերված հիմնավորումը ոչ միայն թույլ, այլեւ չափազանց խոցելի է դարձնում։ 

 

Գաղտնիք 6

 

Մենք ապրում ենք աներեւակայելի բարդ ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ փխրուն է, քան երբեւէ՝ թե ներքին, թե արտաքին կյանքում։ Անկախ օրվա իշխանությունից, մենք բոլորս ենք պատասխանատու այս հասարակության համար, որում ապրում ենք։ Այդ հասարակությունն ավելի լավը դարձնելու համար չպետք է ողջամտությունը զոհաբերենք քաղաքական կոնյուկտուրային։ Պետք է վիրավորանքը չդարձնենք միակ փաստարկը։ Պետք է վերջապես հասկանանք, որ «սեւերի» եւ «սպիտակների» կործանարար բաժանումը կարող ենք հաղթահարել միայն գույներն ու երանգները ճանաչող մարդկանց թվի ավելացմամբ։

 

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին